• Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Փանիկում առաջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացան 13 մանուկներ

    Երեխաների տոնը՝ առաջին Սուրբ Հաղորդության գեղեցիկ արարողությամբ


    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը 2025թ. հունիսի 1-ին՝ կիրակի, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Սուրբ Պատարագ մատուցեց Փանիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որի ընթացքում առաջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացան 13 մանուկներ, ովքեր պատրաստվել էին տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայել Քհն. Դումբուրյանի առաջնորդությամբ և երիտասարդներ Թագուհի Կարապետյանի և Սոնա Բաղդասարյանի օգնությամբ: Սրբազան Հայրը, ըստ սովորության, իր քարոզի ժամանակ մանուկներին հարցեր ուղղեց՝ տեսնելու համար նրանց հոգևոր գիտելիքները, թե արդյոք ճանաչում են Հիսուսին, Ում Մարմինն ու Արյունը ընդունելու էին առաջին անգամ: Սրբազանը երեխաներին հարցում ուղղեց իրենց մկրտության մասին, թե արդյոք հիշում են, թե ինչպես հագնվեցին սպիտակ հագուստներ, և այսօր նույն սպիտակ հագուստներն են կրում՝ ի նշան մաքրության:

    Սրբազանը ուշադրություն հրավիրեց երեք կետերի վրա, որ ակնկալում է նրանցից՝

     

    1.ճանաչել Հիսուսին,

    2.սիրել Հիսուսին,

    3.այդ սերը վերածել գործի՝ սեր ուրիշների հանդեպ:

     

    «Եթե ծնողներիս չեմ լսում, դասերս լավ չեմ սովորում, ընկերներիս վիրավորում եմ, ուրեմն, այս պարագայում սիրու՞մ եմ: Սիրում եմ, բայց հետո իմ ուզածն եմ անում… Ձեզ պետք է խնդրեմ, որ Ձեր ճանաչողությունը, թե ով է Հիսուս, լինի շարունակական՝ ամբողջ կյանքի ընթացքում, որպեսզի ձեր ճանաչողությունը հետագայում չսահմանափակվի միայն մոմ վառելով: Աշխարհը ուրախ չէ, որ այսօր սպիտակ հագուստ եք հագել և այնպես է անելու, որ ամեն գնով կեղտոտի այդ սպիտակ հագուստը՝ ձեր սրտերի մեջ ցանելով չարը: Ինչպե՞ս եք մաքուր պահելու ձեր սիրտը: Ամեն օր ավելիո՛վ պետք է ճանաչեք Հիսուսին և ավելիո՛վ պետք է սիրեք դիմացինին… Աստծուց լույս և իմաստություն խնդրեցե՛ք, որպեսզի իմանաք, թե ինչ է բարին և ինչ է չարը… Սիրելի՛ ծնողներ, այնպես ապրեք, որպեսզի սրբության օրինակներ լինեք ձեր զավակների համար»:

     

    Սրբազան Հայրը շնորհավորեց բոլոր մանուկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և տվեց իր հայրական օրհնությունը:

     

    Առաջին Սուրբ Հաղորդության և Սուրբ Պատարագի արարողությունից հետո եկեղեցուն կից օրատորիայի մեծ սրահում տեղի ունեցավ գեղեցիկ հյուրասիրություն, որի ընթացքում Սրբազան Հայրը առիթ ունեցավ ծանոթանալու և զրուցելու համայնքի պաշտոնյաների և հավատացյալ ժողովրդի հետ, առաջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացած մանուկների ծնողների հետ:

     

    Դիվան Հայ Կաթողիկէ Առաջնորդության

    2 հունիսի, 2025թ.

     

     

Օրացույց

Օրացույց