Հովվական այցելություններ
2025թ. մայիսի 31-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հովվական այցով գտնվում էր Լանջիկում, որտեղ մատուցեց Սուրբ Պատարագ՝ նվիրված Համբարձման տոնին, առընթերակայությամբ տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի: Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ նախ Լանջիկի հայ կաթողիկէ եկեղեցու պատշաճ վիճակին՝ բարենորոգ, կոկիկ և ներկայանալի, որը վկայում է տեղի ժողովրդապետի ջանադրության, աշխուժության և ուշադրության, ինչը վայելում է Աստծո տանը, ինչպես ասաց Սրբազանը: Իհարկե, Առաջնորդը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև տեղի նվիրյալ հավատացյալներին, ովքեր միշտ կանգնած են Եկեղեցու կողքին՝ իրենց նվիրատվություններով և աշխատանքով:
Երկրորդ կետը, որին անդրադարձավ Առաջնորդը, հավատքի պահպանությունն է այդ փոքր գյուղում՝ ի հեճուկս անաստավածության տարիների գործած ավերածությունների: Սակայն կա մի վտանգ. այսպիսի համայնքները կղզիացման վտանգի մեջ են.
«Դուք ձեզ պետք է զգաք որպես մի մեծ խճանկարի մեկ գույնը, հարևան գյուղերը և համայնքներն էլ ուրիշ գույներ են ավելացնում խճանկարին: Պետք է ինքներդ ձեզ զգաք մեկ մասնիկը ամբողջ աշխարհով մեկ տարածված Հայ Կաթողիկէ Եկեղեցու»:
Համբարձման տոնի մասին խոսելիս՝ Սրբազանը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց ավետարանական այն պատմության վրա, թե ինչպես Տերը համբարձվելուց առաջ իր աշակերտներին ասաց. «Ձեզ հետ եմ լինելու բոլոր օրերին՝ մինչև աշխարհի վախճանը» և պատվիրեց նրանց գնալ և ավետարանել աշխարհի բոլոր ժողովուրդներին:
Սրբազանը հարց տվեց.
«Արդյո՞ք մենք սպասում ենք Տիրոջ գալստյանը: Երուսաղեմի Տաճարում ժողովուրդը քննարկում էր. «Արդյո՞ք գալու է»: Նրանք հետաքրքված էին Հիսուսով, իսկ մե՞նք: Մեր զավակնե՞րը… 70 տարվա անհավատության պետական քարոզից հետո կարողացաք ձեր հավատքը պահել և փոխանցել ձեր զավակներին… Իսկ այսօրվա սերունդը հետաքրքրվա՞ծ է Հիսուսով, մտածում է՞ իր հավատքի մասին: Այսօր աշխարհը փոխվել է, այսօրվա երիտասարդների պայմաններն ավելի դժվարին են, կյանքը մեզ փորձում է: Եթե ձեր ծնողների արածի կեսը անեք հավատքի պահպանության համար, արդեն բավական է»:
Սուրբ Պատարագից հետո Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հրավիրվեց ներկա գտնվելու Համբարձման տոնի առթիվ գյուղի Մշակույթի տանը կազմակերպված գեղեցիկ համերգային միջոցառմանը, որտեղ ելույթ ունեցավ գյուղի պարային համույթը, ապա տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում Սրբազանը հնարավորություն ունեցավ զրուցելու նաև գյուղի պաշտոնյաների հետ:
Դիվան Կաթողիկէ Առաջնորդության
2 հունիսի, 2025թ.