• L’Œuvre d’Orient կազմակերպության տնօրեն Եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

    «Դուք մեծ արմենոֆիլ եք»


    2025թ. մայիսի 19-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը ներկա գտնվեց Երևանի Պետական Համալսարանում ֆրանսիական L’Œuvre d’Orient կաթողիկէ բարեսիրական կազմակերպության գլխավոր տնօրեն Եպիսկոպոս Պասկալ Գոլնիշի ընդունելությանը: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Մոնսինյոր Գոլնիշին շնորհեց «ԵՊՀ Պատվավոր Դոկտոր»-ի կոչում, ռեկտորի խոսքերով, այն մեծ աշխատանքի համար, որ նա կատարել է Երևանի Պետական Համալսարանի համար, ինչպես նաև՝ ամբողջ Հայաստանի համար: «Դուք մեծ արմենոֆիլ եք», ասել է ԵՊՀ Ռեկտորը: Պարգևատրման արարողությանը ներկա էին նաև Ջեզիրեի հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Արհ. Տ. Անդրանիկ Եպս. Այվազյանը և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերշն. Տ. Անուշավան Եպս. Ժամկոչյանը:

     

    Նույն օրը Մոնսինյոր Գոլնիշը Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր Դեսպան պրն. Օլիվիե Դեկոտինիեի կողմից որպես հուշանվեր ստացավ Մուսա Լեռան 40 հերոսական օրերի հայ ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշերից մեկը՝ թնդանոթի խցանը:

     

    Եպիսկոպոս Գոլնիշը Արքեպիսկոպոս Նորատունկյանի հետ այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Եղեռնի զոհերի հիշատակին և մի ծառ տնկեց, որը խորհրդանշում է իր և L’Œuvre d’Orient-ի հարգանքն ու աղոթքները՝ Հայոց Ցեղասպանության զոհերի համար։

     

    Երեկոյան Մոնսինյոր Գոլնիշը հյուրընկալվեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի մոտ՝ Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում, որտեղ զրուցեցին Հայ Կաթողիկէ Աառջնորդության և L’Œuvre d’Orient կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ՝ վերլուծելով և գնահատելով երկար տարիների միասնական աշխատանքը, որը հսկայական կարևորություն է ունեցել Առաջնորդության համայնքների հոգևոր, կրթական և սոցիալական զարգացման համար: Խոսվել է նաև ներկա և հետագա համատեղ ծրագրերի և դրանց առավել զարգացման հեռանկարի մասին: Կաթողիկէ Եկեղեցու կողմից դեռևս 1856-ին հիմնված L’Œuvre d’Orient-ը, որ բարեսիրական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Արևելքի երկրների քրիստոնյաների համար, Առաջնորդության անցած 33 տարիների հիմնական նվիրատու կազմակերպություններից է, որի համար Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը Մոնսինյոր Գոլնիշին հայտնեց իր խորին երախտագիտությունը:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    20 մայիսի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց