«Ես եմ Կենաց Հացը», Հվհ. 6:51
2025թ. մայիսի 18-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը նախագահեց Ջավախքի Հեշտիա հայ կաթողիկէ համայնքում առաջին Սուրբ Հաղորդության հոգեպարար արարողությանը՝ մատուցելով Սուրբ Պատարագ, առընթերակայությամբ տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհն. Անտոնյանի: Առաջին անգամ Սուրբ Հաղորդությունը հանդիսավորապես ընդունող երեխաների թիվը 34 էր՝ բոլորը պատրաստված նախապես, սպիտակազգեստ, աղոթքներն ու խոստումներն իրենց մանկական շուրթերին, հոգևոր բերկրանքն՝ իրենց մաքրամաքուր սրտերում:
Սրբազան Հայրը դիմելով ներկաներին նախ հիշեցրեց Կյանքի Հացի վերաբերյալ սուրբգրային նախապատկերը՝ երկնային մանանան, որ Աստված տվեց իսրայելացիներին: Նա պատմեց իսրայելացիների ծանր կյանքի մասին՝ եգիպտական ստրկության մեջ: Երեխաները գիտեին այդ պատմությունը: Սրբազանը շարունակեց այլ հարցեր ևս տալ փրկության յոթ Սուրբ Խորհուրդների մասին, և մեծ ուրախությամբ ստացավ գոհացնող պատասխաններ: Սրբազանն առավել անդրադարձավ Խոստովանության Խորհրդին՝ հորդորելով հնարավորինիս հաճախակի խոստովանել մեղքերը, որպեսզի կարողանան միշտ ընդունել Սուրբ Հաղորդությունը: Հարկավոր է միշտ սրբությամբ ընդունել Կյանքի Հացը՝ Հիսուսի Մարմինը.
«Համոզված եմ, որ բոլորդ հավատարիմ կմնաք Եկեղեցուն՝ այս Սուրբ Հաղորդությունը առնելուց հետո: Այսօրվա գեղեցիկ առիթի ուրախությունը թող միշտ ձեզ ուղեկցի ամբողջ կյանքում և հիշեցնի, որ պետք է հավատարկմ մնաք Աստծո հանդեպ ձեր սիրուն… Այսօր այս սպիտակ հագուստը ձեզ պետք է հիշեցնի, որ մաքուր պահեք ձեր հոգիները և սրտերը՝ մինչև Տիրոջ գալստյան օրը: Այս սպիտակ հագուստը մաքուր պահելու ծանր պատասխանատվությունը նաև ձերն է, սիրելի՛ ծնողներ, ուժ տվեք ձեր երեխաներին, որպեսզի սիրեն Քրիստոսին և Եկեղեցուն՝ այս դժվարին ժամանակներում, երբ չարն ուզում է շեղել բոլորիս»:
Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հեշտիայի ամբողջ հավատացյալ ժողովրդին, որ այնքան մեծ նվիրումով հոգ են տանում եկեղեցու մասին: Հեշտիան այն համայնքներից է, որտեղ նույնիսկ կոմունիստական տարիներին հավատքի ապրումը պահվել է մեծ ջերմեռանդությամբ, ինչը հատուկ է Ջավախքի կաթողիկէ հայերին:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
19 մայիսի, 2025թ.