Habemus Papam
Նոր Սրբազան Պապի ընտրությունը տեղի ունեցավ 2025թ. մայիսի 8-ին` Կարդինալների Կոնկլավի 3-րդ քվեարկությամբ: Ընտրության մասին ազդարարող սպիտակ ծուխը Սիքստինյան մատռան կտուրից երևաց մոտավորապես ժամը 18-ին: Մոտ մեկ ժամ անց Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարվեց` Habemus Papam` Ունենք Պապ` Կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոստ, որը կկոչվի Լևոն 14-րդ:
Նորընտիր Ն.Ս. Լևոն 14-րդ Սրբազան Պապը տվեց իր առաջին օրհնությունը «Քաղաքին և աշխարհին»` Urbi et Orbi, և խոսեց Եկեղեցու առաքելությունը առաջ մղելու, կամուրջներ կառուցելու, բոլորի առջև բաց լինելու մասին, երկխոսության և սիրո մասին: «Քրիստոսը առաջնորդում է մեզ, աշխարհը կարիքն ունի Քրիստոսի լույսի… միասին քայլենք դեպի այն վայրը, որը Տերը պատրաստել է մեզ համար», ասաց նորընտիր Պապը:
Լևոն 14-րդը երկրորդ Պապն է, որ ընտրվում է Ամերիկյան մայրցամաքներից և առաջինն է, որ ծնունդով Միացյալ Նահագներից է: Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 14-ին` Չիկագոյում, ֆրանսիտալական ծագմամբ Լուի Մարիուս Պրեվոստի և իսպանական ծագմամբ Միլդրեդ Մարտինեսի ընտանիքում: Ունի երկու եղբայր` Լուի Մարտինը և Ջոն Ժոզեֆը: Մանկությունն անցկացրել է Փենսիլվանիայի Օգոստինյան հայրերի Փոքր Նորընծայարանում, ապա սովորել է Փենսիլվանիայի Վիլլանովայի Համալսարանում և 1977-ին ստացել Մաթեմատիկայի բակալավրի աստիճան: Միաժամանակ ուսումնասիրել է փիլիսոփայություն: Նույն տարվա սեպտեմբերի 1-ին ընդունվել է Օգոստինյան միաբանաության Սենթ Լուիսի ճեմարանը և իր առաջին ուխտադրությունը կատարել 1978թ. սեպտեմբերի 2-ին: 1981թ. օգոստոսի 29-ին կատարել է իր հանդիսավոր ուխտադրությունը:
Աստվածաբանական կրթությունը Ռոբերտ Պրեվոստը ստացել է Չիկագոյի Կաթողիկէ Աստվածաբանական Միությունում: 27 տարեկանում ուղարկվել է Հռոմ` ուսումնասիրելու Կանոնական իրավունք:
1982թ. հունիսի 19-ին ստացել է քահանայական ձեռնադրությունը: 1984-ին ստացել է կանոնակագիտության լիցենցիատի աստիճան և հաջորդ տարի, դոկտորական թեզի վրա աշխատելու ընթացքում, Օգոստինյան միաբանության կողմից ուղարկվել է Պերու` միսսիոներական առաքելության և ծառայել մինչև 1986թ.: 1987-ին ստացել է կանոնագիտության դոկտորի ատսիճան և նշանակվել Օգոստինյան միաբանության Իլլինոյսի նահանգում գտվող «Բարի Խորհրդի Մոր» պրովինցիայի կոչումների և առաքելությունների տնօրեն:
1988-ին դարձյալ առաքելության է մեկնել Պերու` որպես օգոստինյան ճեմարանականների կազմավորման տնօրեն:
1988-1992 թվականներին ծառայել է որպես Օգոստինյան համայնքի մեծավոր, 1988-1998-ին` որպես կազմավորման տնօրեն, Տրոջիլլոյի Արքեպիսկոպոսությունում` որպես իրավական փոխանորդ և կանոնագիտության, հայրաբանության և բարոյական աստվածաբանության պրոֆեսոր` Սան Կառլոս Սան Մարչելո Ավագ Ճեմարանում: Միաժամանակ 1988-1999 թվականներին նրան է վստահվել Սրբուհի Ռիտայի ժողովրապետության Տիրամոր Եկեղեցու հովվությունը` մի շատ աղքատ թաղամասում: 1922-1999 թվականներին ծառայել է նաև որպես Մոնսերատի Տիրամոր ժողովրդապետության կառավարիչ:
1999-ին Հայր Ռոբերտ Պրեվոստը ընտրվել է Օգոստինայն միաբանության Չիկագոյի «Բարի Խորհրդի Մոր» շրջանային մեծավոր, իսկ երկուսուկես տարի անց ընտրվել է Օգոստինյան միաբանության Ընդհանուր Մեծավոր, այդ պաշտոնում վերաընտրվել 2007-ին:
2014թ. նոյեմբերի 3-ին Ֆրանցիսկոս Պապի կողմից նշանակվել է Պերուի Չիկլայոի թեմի Առաքելական Կառավարիչ և բարձրացվել Եպիսկոպոսական աստիճանի` որպես Սուֆարի թեմի Տիտղոսավոր Եպիսկոպոս:
Եպիսկոպոս է ձեռնադրվել է 2013թ. դեկտեմբերի 12-ին` Գուադալուպեի Տիրամոր տոնին: 2015թ. սեպտեմբերի 26-ին նշանակվել է Չիկլայոի Եպիսկոպոս, 2019-ին կանչվել է ծառայության Սուրբ Աթոռում` որպես Հոգևոր Դասի Վարչության անդամ, իսկ 2023թ. հունվարի 30-ին անվանվել Սուրբ Աթոռի Եպիսկոպոսների Վարչության Նախագահ և Լատինական Ամերիկայի Պապական Հանձնախմբի նախագահ` Արքեպիսկոպոսության աստիճանով:
Կարդինալի տիտղոսը Պրեվոստը ստացավ 2023-ի սեպտեմբերի 30-ին: 2023-ից անդամակցել է նաև Սուրբ Աթոռի Ավետարանացման, Հավատքի վադապետության, Արևելյան Եկեղեցիների, Հոգևոր Դասի, Նվիրյալ կյանքի հաստատությունների, Առաքելական կյանքի հասարակությունների վարչություններին, մասնակցել Ֆրանցիսկոս Քահանայապետի շատ առաքելական ճամփորդություններին:
2025թ. թետրվարի 6-ին Ֆրանցիսկոս Պապը Ռոբերտ Պրեվոստին շնորհեց Կարդինալ Եպիսկոպոսի բարձրաստիճան տիտղոսը:
Աղոթե՜նք նորընտիր Քահանայապետի համար` խնդրելով Տիրամոր բարեխոսությունը նրա համար: Նա իր այսօրվա խոսքն ավարտեց «Ողջույն քեզ, Մարիամ» աղոթքով, ինչը վկայություն է այն բանի, որ Կաթողիկէ Եկեղեցին հանձին նրա ունի ևս մեկ մարեմասեր Պապ: Պատահական չէ, որ նա ընտրել է մարեմասեր Լևոն 13-րդ Պապի անունը:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
8 մայիսի, 2025թ.