• Ո՞վ կլինի նոր Պապը. Կարդինալները պատրաստվում են պապընտիր կոնկլավին

    «Կոնկլավին մտնում են որպես պապ, բայց դուրս են գալիս որպես կարդինալ»


    Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապի հուղարկավորության արարողությունից հետո այս անցնող 9 օրերին ողջ Կաթողիկէ Եկեղեցին աղոթում էր վախճանյալ Պապի համար. մատուցվել են Սուրբ Պատարագներ, աղոթել են Վարդարան և այլ ջերմեռանդական աղոթքներ: Զուգահեռաբար, Կարդինալներն ամեն օր ժողովներ են գումարում, որտեղ քննարկում են Կաթողիկէ Եկեղեցու ներկայիս մարտահրավերները և ապագան, խնդիրների լուծումները և թե ինչպիսի մոտեցումներ են անհրաժեշտ դրանց լուծման համար՝ առավել լավ կողմնորոշվելու համար ապագա Պապի ընտրության հարցում:

     

    2025թ. մայիսի 5-ին, օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Կարդինալների արդեն 11-րդ ընդհանուր ժողովը, որտեղ քննարկվել են Կաթողիկէ Եկեղեցում և մարդկային հասարակության մեջ էթնոցենտրիզմի, գաղթականության հարցերը, գաղթականը՝ որպես պարգև, գաղթականների հավատքի կարևորությունը, ինչպես նաև՝ հակամարտություններն ու պատերազմները՝ Ասիայի և Աֆրիկայի երկրներում: Նոր Պապի հովվական առաքելությունը՝ երկխոսություն կառուցելու այլ կրոնների և մշակույթների հետ՝ հակամարտությունները հաղթահարելու տեսլականով: Քննարկվել է նաև աղանդավորական շարժումների մարտահրավերը:

     

    Նախորդ ժողովների ժամանակ այս օրերին քննարկվել են նաև հետևյալ հարցերը.

     

    -Ավետարանի հռչակումը Եկեղեցում, նոր Ավետարանացումը՝ ժամանակակից աշխարհում, ինչպիսի՞ տեղ ունի այս առանցքային նպատակը Եկեղեցու այսօրվա առաքելության մեջ: Ֆրանցիսկոս Պապը հատկապես շեշտադրում էր այս ուղղությունը, և որը պետք է շարունակի նոր Պապը,

    -Եկեղեցու առաքելագործ՝ միսսիոներական բնույթը,

    -կանոնական իրավունքը՝ Եկեղեցում,

    -Կարիտասի դերը՝ աղքատների մասին հոգ տանելու գործում,

    -հարկավոր է ունենալ մի Պապ, որը մոտ կլինի ժողովրդին՝ որպես հովիվ, ով կկարողանա միավորել բոլորին՝ Քրիստոսի Մարմնի և Արյան Հաղորդության մեջ, մի աշխարհում, որը գտնվում է ճգնաժամի մեջ,

    -հավատքի փոխանցման մարտահրավերները,

    -խնամքը՝ արարչագործության հանդեպ,

    -բաժանումները Եկեղեցում, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում,

    -կանանց դերը Եկեղեցում՝ սինոդականության համատեքստում,

    -ընտանիքը և քրիստոնեական դաստիարակության հարցերը,

    -հոգևոր կոչումների հարցը,

    -Վատիկանի Բ ժողովի փաստաթղթերի կյանքի կոչումը, մանավանդ, խոսվել է «Աստծո Խոսքը»՝ Dei Verbum, Աստծո Հայտնության մասին վարդապետական սահմանադրության վերաբերյալ՝ հարցադրումներ անելով, թե արդյոք այսօր Աստծո ժողովուրդը սնվում է Աստծո Խոսքով. Սուրբ Գրքի ուսումնասիրության կարևորությունը:

     

    Ամեն ինչ արվում է, որպեսզի բոլոր կարդինալներն, ովքեր ասելիք ունեն, խոսելու հնարավորություն ունենան:

     

    Այսօր առավոտյան ժամը 9:00-ին մեկնարկեց ևս մեկ ժողով՝ 12-րդ կարդինալական նախապատրաստական ժողովը:

     

    Կոնկլավի նախապատրաստական աշխատանքները Սիքստինյան մատռան մեջ հիմնականում ավարտված են, պատրաստաված են նաև կարդինալների համար նախատեսված կեցավայրերը՝ Սանթա Մարթա հյուրատներում:

     

    Կոնկլավը կմեկնարկի չորեքշաբթի՝ մայիսի 7-ին: Նոր Պապին ընտրելու իրավունք ունեն այս անգամ 133 կարդինալներ, ովքեր կոնկլավը կսկսեն Սուրբ Պատարագով և կփակվեն աշխարհից՝ մինչև նոր Պապին ընտրելը, որը կազդարարվի Սիքստինյան մատռան տանիքից բարձրացող սպիտակ ծխով:

     

    Նոր Պապի կերպարը առանցքային տեղ ունի համաշխարհային մակարդակում

     

    Հռոմում հավաքված են հազարավոր լրագրողներ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ լուսաբանելու համար Պետրոս առաքյալի նոր հաջորդի ընտրությունը, որը մեծ ազդեցություն ունի ոչ միայն Կաթողիկէ 1,4 մլրդ հավատացյալների համար, այլև՝ ողջ քրիստոնյա աշխարհի և ամբողջ մարդկության համար: Սրբազան Պապի առաքելությունը չափազանց լայնամաշտաբ է և բնավ չի սահմանափակվում մեկ ազգի կամ, նույնիսկ, միայն Կաթողիկէ Եկեղեցու սահմաններում: Նա շարունակում է Պետրոս առաքյալի առաքելությունը, որը տերունավանդ է՝ հիմնված ավետարանական հատվածների վրա.

     

    Տեր Հիսուսը Սիմոնին կոչում է Պետրոս՝ Վեմ, քար, և նրա վրա հաստատում Իր Եկեղեցին.

     

    «Եւ ես քեզ ասում եմ, որ ԴՈՒ վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։ Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում» Մտթ.,16:16-19,

     

    Տեր Հիսուսը Պետրոսին հանձնարարում է հաստատել իր եղբայրներին ուղղադավան հավատքի մեջ.

     

    «Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ Բայց ես աղօթեցի ՔԵԶ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ ԴՈՒ, երբ վերադառնաս ինձ, ՀԱՍՏԱՏԵՍ քո եղբայրներին», Ղկ., 22:31։

     

    Տեր Հիսուս մի հուզիչ երկխոսության ընթացքում երեք անգամ բարձրացնում է Պետրոսին ուրանալուց հետո և երեք անգամ հանձնարարում է հովվել Իր հոտը.

     

    «…Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թէ սիրում եմ քեզ»։ Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին», Յվհ., 21:15-19:

     

    Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ որպես Վեմ Հովիվ, կոչված է միության և եղբայրասիրության ոգով հովվելու Քրիստոսի ողջ Կաթողիկէ կամ Ընդհանրական, Տիեզերական Եկեղեցին, ջանքեր գործադրելու սիրո մեջ համախմբելու նաև պատմականորեն բաժանված քույր ավանդական Եկեղեցիներին, որպեսզի հաստատվի միության ամենակարևոր հիմքը՝ Սուրբ Հաղորդության վրա հիմնված միությունը, որպեսզի բոլորը՝ անկախ ազգությունից և դավանական պատկանելությունից, միասին նույն Սուրբ Պատարագի ժամանակ հաղորդվեն Տեր Հիսուսի Քրիստոսի Սուրբ Մարմնին և Արյանը, որպես հարազատներ՝ Տիրոջ արյամբ, արյունակիցներ՝ Քրիստոսի մեջ, որպես Աստծո մեկ ժողովուրդ, որ գնում է սիրո, միության և սրբության ճանապարհով: Սա՛ է Կաթողիկէ Եկեղեցու առաքելությունը, որը բխում է Տիրոջ Սուրբ Ավետարանից, Տիրոջ խոսքերից, Աստծո սուրբ կամքից, որպեսզի «բոլորը մեկ լինեն, ինչպես մենք էլ մի ենք», Հվհ. 17: 11, 21:

     

    Պապը նաև առաքելություն ունի խաղաղություն հաստատելու բոլոր ժողովուրդների մեջ՝ անկախ կրոնից և քաղաքական հայացքներից: Ավետարանի Բարի Լուրը Պետրոսի հաջորդը՝ բոլոր առաքյալների՝ այսօրվա բոլոր եպիսկոպոսների և բոլոր քրիստոնյաների հետ միասին, պարտական է քարոզելու մինչև աշխարհի ծայրերը, ըստ Տիրոջ պատվիրանի՝ Մտթ. 28:19: Այս առաքելությունն, իհարկե, միշտ ուղեկցվել է նաև քաղաքական հետևանքներով. Պապի բարոյական և հոգևոր ձայնը, որ հնչում է աշխարհում՝ որպես խղճի ձայն, ունի զուտ հոգևոր, աստվածային նպատակներ, բայց քանի որ ուղղված է «այս աշխարհի իշխանի դեմ», միշտ ուղեկցվում է քաղաքական հալածանքներով, քաղաքական և անբարո հակադարձումներով, զուտ աշխարհիկ՝ secular, հոգևորից դատարկված արձագանքներով, կամ պարզապես արհամարհվում է: Բայց շատ հաճախ նաև ունենում է դրական քաղաքական հետևանքներ, հասարակական մտածողության փոփոխություն, թեև Պապի քարոզության և առաքելության մոտիվը քաղաքական չէ: Այսօր էլ ցավոք, շատերը ռուդիմենտար կերպով դեռևս սխալ են հասկանում Պապի այս առաքելությունը՝ նրան վերագրելով քաղաքական նկրտումներ, մինչդեռ ճշմարտությունը կայանում է նրա առաքելական կոչման և Ավետարանի համաշխարհային հռչակման առաքելության մեջ, որը չի կարող հանգիստ ընդունվել խիստ քաղաքականացված և բևեռացված մերօրյա աշխարհում. «Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն», Հվհ. 15:20:

     

    Ո՞վ կլինի հաջորդ Պապը

     

    Այսօր բոլորին հետաքրքրում է, թե ով կլինի նորընտիր Պապը: Արդյո՞ք նա կշարունակի Ֆրանցիսկոս Պապի քիչ թե շատ ազատական ուղղությունը, թե կլինի առավել պահպանողական, թեև դժվար է հստակ սահմանազատում տանել պահպանողականության և ազատականության միջև, երբ խոսքը վերաբերվում է եկեղեցական հովվությանը և Ավետարանը քարոզելուն: Կան կարդինալներ, ովքեր մեծ ժողովրդականություն ունեն կամ առավել ազդեցիկ են, եղել են նախկին պապընտիր կոնկլավներում առաջադրված թեկնածուներ, օրինակ՝ Ֆիլիպինների Արքեպիսկոպոս Կարդինալ Լուիս Անտոնիո Թագլեն, Սուրբ Աթոռի ներկայիս Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը, Աֆրիկյան երկրներից Կարդինալներ Փիթեր Թարքսոնը, Ռոբերտ Սառան, Երուսաղեմի Պատրիարք Կարդինալ Պիցցաբալան և այլոք: Բայց շատ հաճախ պապընտիր կոնկլավների ընտրություններն ավարտվել են անսպասելի թեկնածուների ընտրությամբ. ինչպես ասում են Հռոմում. «Կոնկլավին մտնում են որպես պապ, բայց դուրս են գալիս որպես կարդինալ»: Հետևաբար, հնարավոր թեկնածուների վրա այս պահին շատ չարժե կենտրոնանալ, ավելի լավ կլինի ամեն ինչ թողնել Սուրբ Հոգու ընտրությանը և վստահել Քրիստոսին, Ով գիտի ինչպես առաջնորդել Իր Սուրբ Եկեղեցին:

     

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    6 մայիսի, 2025

Օրացույց

Օրացույց