• Նոր Պապին ընտրելու համար կարդինալների կոնկլավն իր աշխատանքները կսկսի մայիսի 7-ին

    Պապի ընտրության կարգը


    Կադինալները որոշում են կայացրել նոր Պապի ընտրական կոնկլավը կամ նստաշրջանը սկսել 2025թ. մայիսի 7-ին: Այդ որոշումը կայացվել է այսօր՝ երկուշաբթի առավոտյան, 180 կարդինալների կողմից, որոնցից ոչ բոլորն են, որ կմասնակցեն կոնկլավին:

     

    Կոնկլավը տեղի կունենա Սիքստինյան մատռան մեջ, որն այդ օրերին փակ կլինի այցելուների համար:

     

    Կոնկլավը կսկսվի Սուրբ Պատարագով, որը կմատուցվի «Հանուն Պապի ընտրության»՝ Pro Eligendo Papa, և ընտրության իրավունք ունեցող կարդինալների մասնակցությամբ:

     

    Սիքստինյան մատռան ներսում կկատարվի աղոթական թափորի արարողություն, որի ավարտին յուրաքանչյուր ընտրող կարդինալ կասի նախատեսված երդումը, որով խոստանում են, ընտրվելու դեպքում, հավատարմորեն կատարել Սուրբ Պետրոսի առաքելությունը՝ որպես Տիեզերական Եկեղեցու Հովիվ: Նրանք նաև կխոստանան բացարձակ գաղտնիություն պահել Պապի ընտրության գործընթացի վերաբերյալ և հրաժարվել նպաստելու արտաքին որևէ միջամտության՝ ընտրության մեջ:

     

    Ապա Պապական Ծիսական հանդիսակատորությունների պատասխանատուն Սիքստինյան մատուռից դուրս կհրավիրի բոլոր նրանց, ովքեր կոնկլավին մասնակցելու իրավունք չունեն: Նա կխոսի այն մեծ պատասխանատվության մասին, որն ընկած է ընտրողների ուսերին և նրանց մաքուր դիտավորությունների անհրաժեշտության մասին՝ ի բարօրություն Տիեզերական Եկեղեցու, իրենց աչքի առաջ ունենալով միայն Աստծուն:

     

    Հետո բոլորն աղոթում են ըստ ծիսակարգի։ Արարողակարգի ղեկավարը հարցնում է, թե արդյոք պատրաստ են սկսել ընտրությունը, եւ եթե հարցեր կան, պարզաբանում է կանոնները։

     

    Ընտրության ամբողջ գործընթացը տեղի է ունենում բացառապես Սիքստինյան մատռան մեջ, որի դռները փակվում և կնքվում են մինչեւ ընտրության ավարտը։

     

    Ընտրության ողջ ընթացքում կարդինալներին արգելված է նամակներ ուղարկել, քննարկումներ ունենալ, զանգեր կատարել, բացի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Արգելված է նույնիսկ նորություններին հետևելը հեռուստատեսությամբ կամ համացանցով։ Այս արգելքների նպատակն է` ապահովել ամբողջովին օբյեկտիվ քվեարկություններ` առաջնորդված Սուրբ Հոգով եւ անկախ մարդկային սուբյեկտիվ ազդեցություններից։

     

    Ընտրությունը համարվում է կատարված միայն թեկնածուներից մեկի օգտին քվեարկողների 2/3-րդի քվեարկության դեպքում։ Եթե դա չի ապահովվում, քվեարկությունը կատարվում է նորից և այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը: Յուրաքանչյուր ապարդյուն քվեարկությունից հետո օգտագործված քվեաթերթիկներն այրվում են: Անհաջող քվեարկության դեպքում Սիքստինյան մատռան կտուրի ծխնելույզից դուրս է գալիս սև ծուխ, իսկ եթե Պապն ընտրվում է, դուրս է գալիս սպիտակ ծուխ:

     

    Եթե ընտրող կարդինալները չեն կարողանում համաձայնության գալ մեկ թեկնածուի օգտին երեք օր շարունակ, հայտարարվում է մեկօրյա դադար` աղոթքի, միմյանց հետ քննարկումներ ունենալու և կարճ հոգևոր բանախոսություն լսելու համար:

     

    Նոր Պապին ընտրելուն պես կանչում են կարդինալների դասի քարտուղարին և Պապական ծիսական հանդիսակատարությունների պատասխանատուին: Ապա կարդինալների դասի դեկանը ընտրված թեկնածուին հարցնում է, թե արդյոք համաձայն է` հետևյալ բառերով. «Ընդունում ես քո կանոնական ընտրությունը` որպես Գերագույն Քահանայապետ»: Եթե համաձայնություն է ստանում, հարցնում է, թե ինչ անունով կուզենա կոչվել: Այս ամենն արձանագրվում է, և այդ պահից սկսած նորընտիր Պապը ձեռք է բերում գերագույն իշխանություն` ողջ ընդհարական Կաթողիկէ Եկեղեցու նկատմամբ: Կոնկլավը հայտարարվում է ավարտված: Կարդինալներն արտահայտում են իրենց հնազանդությունը նորընտիր Պապին և գոհաբանական աղոթք է բարձրացվում առ Աստված:

     

    Ապա կարդինալներից մեկը հավատացյալներին հայտարարում է ընտրության մասին և նորընտիր Պապի անունը` հետևյալ հայտնի բառերով. «Annuntio vobis gaudium magnum; Habemus Papam»` ձեզ ավետում ենք մեծ ուրախություն` մենք Պապ ունենք»:

     

    Դրանից անմիջապես հետո նորընտիր Պապը Սուրբ Պետրոսի Տաճարից պատշգամբից իր օրհնություն է տալիս քաղաքին և աշխարհին: Որոշ ժամանակ անց կատարվում է պապական գահակալության հանդիսավոր արարողությունը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    28 ապրիլի, 2025թ.

Օրացույց

Օրացույց