• Արևիկում 16 երեխաներ իրենց առաջին Սուրբ Հաղորդությունն ընդունեցին Առաջնորդ Հոր ձեռամբ

    «Ձեր հավատքը հաստատուն մթող մնա՝ ձեր ծնողների հավատքի նման»


    2025թ. ապրիլի 27-ին՝ Նոր Կիրակի, ըստ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ծիսական օրացույցի, Արևիկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ եկեղեցում տեղի ունեցավ առաջին Սուրբ Հաղորդության ամենամյա արարողությունը՝ Սուրբ Պատարագի ընթացքում, որը մատուցեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ առընթերակայությամբ տեղի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի և մասնակցությամբ հավատացյալների բազմության:

     

    Սրբազան Հայրը ժողովրդին ուղղված իր խոսքում հիշեցրեց Իսրայելի Եգիպտոսից ելքի և անապատում մանանայով կերակրվելու պատմությունը: Այդ երկքնից իջած մանանան ժողովրդին նախապատրաստում էր Երկնային այն Հացի իջնելուն, որը «կյանք է տալիս աշխարհին»՝ Քրիստոսի Մարմինը՝ Կենաց Հացը, որը հավիտենական կյանք է տալիս, նույն Աստծո Խոսքը: Տեր Հիսուսը վերջին ընթրիքի սեղանի շուրջ հաստատեց Սուրբ Հաղորդության այս վսեմ խորհուրդը: Երկնային այս կերակուրը երբեք չի վերջանում՝ ի տարբերություն սովորական հացի, որ ժամանակավոր է. Կենաց Հացը նաև հոգևոր մի ուժ է տալիս, որն օգնում է հաղթել չարի փորձությունները: «Կյանքում շատ փորձությունների կհանդիպեք, բայց այս օրվա հիշողությունը միշտ կմնա ձեր հետ: Կարևոր է նաև իմանալ, որ դուք այսօր այստեղ եք ձեր ծնողների հավատքի շնորհիվ. Նրա՛նց եք պարտական: Աշխարհն իր ամբողջ ուժով ամեն ինչ արեց, որ այս համայնքը մոռանա Աստծուն, Եկեղեցուն, սրբությունները, արժեքները, բայց ձեր ծնողները կարողացան արժեքները հավասարակշռել և երբեք չզիջել իրենց «այո՛»-ն՝ Հիսուսի հանդեպ: Այսօր աշխարհի արվեստը՝ ձեր հավատքին վնասելու համար շատ ավելի մշակված ու խորամանկ է՝ սողացող օձի պես, որ երբեմն շատ գեղեցիկ է հնչում և ձեզ կասի՝ մոռացի՛ր այդ օրը, այդ սպիտակ հագուստը, այդ Հացիկը,  ժամանակն անցել է, արդեն 21-րդ դարն է: Եթե այդ Հացը այդքան զորեղ է, ինչու՞ այդքան զոհ տվեցիք և նման այլ հարցադրումներ՝ ձեզ շեղելու համար: Բայց ձեր հավատքը հաստատուն մթող մնա՝ ձեր ծնողների հավատքի նման»,-ասաց Սրբազան Հայրը:

     

    Երեխաները մինչև այս արարողությունը պատրաստության ընթացք են անցել կրոնի ուսուցիչ Անահիտ Կիրակոսյանի հետ միասին, ընդունել են Խոստովանության խորհուրդը: Սրբազան Հայրը մի քանի հարցեր տվեց նրանց և ստացավ գոհացուցիչ պատասխաններ: Սրբազանն իր հայրական շնորհակալությունը հայտնեց Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանին, կրոնի ուսուցչին՝ երեխաներին պատրաստելու և համայնքի հոգևոր կյանքը կազմակերպելու համար:

     

    Սուրբ Պատարագի ընթացքում երեխաները մեկ առ մեկ Սրբազան Հորը հանձնեցին Պատարագի պարագաները՝ ինչպես սովորաբար կատարվում է այս արարողության ընթացքում՝ ցորեն, նշխար, գինի, բուրվառ, մոմեր, ծաղիկներ:

     

    Երիտասարդներից մեկը համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը՝ Սուրբ Պատարագի մատուցման համար, խոսեց Սուրբ Պատարագի կարևորության մասին, աղոթեց, որ առաջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացած «երեխաները լցվեն երկնային շնորհներով և Աստծո լույսով» և մաղթեց, որ այդ «օրհնյալ օրը դառնա նոր սկիզբ բոլորիս համար, հզոր հավատքի և անկոտրում սիրո մեր ճանապարհին»:

     

    Սուրբ և անմահ Պատարագից հետո իրենց պարային համարներով ելույթ ունացան «Արև-Վան» պարային համույթի սաները՝ գեղարվեստական ղեկավար և պարուսույց Արմինե Համազասպյանի գլխավորությամբ, որից հետո գյուղի դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ Առաջին Սուրբ Հաղորդությունը ստացած երեխաների և դպրոցի անձնակազմի մասնակցությամբ, նաև՝ ջերմ հյուրասիրություն:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    28 ապրիլի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց