• Ֆրանցիսկոս Պապի հոգևոր կտակը՝ իր թաղման մասին

    «Թող Տերը հավուր պատշաճի պարգևատրի բոլոր նրանց, ովքեր սիրել են ինձ և շարունակում են աղոթել ինձ համար»


    Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապն այս կտակը գրել է 2022թ. հունիսի 22-ին և խնդրել իր հուղարկավորությունը կատարել Հռոմի Սանթա Մարիա Մաջիորե տաճարում՝ հետևյալ կերպ.

     

    «Miserando atque Eligendo

    (սա Ֆրանցիսկոսի լատիներեն բնաբանն է, որը նշանակում է «ողորմությամբ և ընտրությամբ»)

    Յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

     

    Քանի որ զգում եմ, որ կյանքս մոտենում է իր մայրամուտին, հավիտենական կյանքի նկատմամբ հաստատուն հույսով, ես ուզում եմ բացատրել իմ վերջին ցանկությունները, որոնք վերաբերվում են միայն իմ թաղման վայրին:

     

    Իմ ամբողջ կյանքում և ծառայության ընթացքում՝ որպես քահանա և եպիսկոպոս, ես միշտ ինքս ինձ վստահել եմ Տիրամորը՝ Երանելի Կույս Մարիամին: Հետևաբար, խնդրում եմ, որ աճյունս հանգստանա Սանթա Մարիա Մաջիորե պապական բազիլիկ տաճարում՝ սպասելով Հարության օրվան:

     

    Ես ուզում եմ, որ իմ երկրային ճամփորդությունն ավարտվի այս հնագույն մարեմական սրբավայրում, որտեղ ես միշտ կանգ էի առնում աղոթելու իմ յուրաքանչյուր առաքելական ճամփորդությունից առաջ և հետո՝ դիտավորություններս վստահելով Անարատ Մորը և շնորհակալություն հայտնելով նրա քնքուշ և մայրական հոգատարության համար:

     

    Խնդրում եմ, որ գերեզմանս պատրաստվի հուղարկավորության խցում՝ կողմնակի մասում՝ Սուրբ Պողոսի մատռան և Սֆորցայի մատռան մեջտեղում, ինչպես ցույց է տրված նախագծում:

     

    Գերեզմանը պետք է լինի հատակի մեջ, պարզ՝ առանց հատուկ զարդարանքների, և պետք է ունենա միայն հետևյալ գրառումը՝ Franciscus:

     

    Թաղման պատրաստության ծախսերը պետք է կատարվեն մի բարեգործի նվիրատվությամբ, որը ես կարգադրել եմ, որպեսզի փոխանցվի Սանթա Մարիա Մաջիորե պապական բազիլիկ տաճարին…

     

    Թող Տերը հավուր պատշաճի պարգևատրի բոլոր նրանց, ովքեր սիրել են ինձ և շարունակում են աղոթել ինձ համար: Այն տառապանքը, որը կրեցի կյանքիս վերջում, ընծայում եմ Տիրոջը՝ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև եղբայրության համար:

     

    Սանթա Մարթա, 29 հունիսի, 2022թ.

    Ֆրանցիսկոս»

     

     

    Աղբյուրը՝ Vatican News

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց