• Սուրբ Աթոռի պաշտոնական հաղորդագրությունը՝ Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի վախճանման մասին

    «Հռոմի Պապը Քրիստոսի հովիվն ու աշակերտն է, և ոչ թե՝ մի համաշխարհային հզորություն ունեցող անձնավորություն»


    Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապը ի Տեր հանգեավ Զատկական երկուշաբթի՝ 2025թ. ապրիլի 21-ին, 88 տարեկանում, Վատիկանի իր նստավայրում: Ըստ Սուրբ Աթոռի պաշտոնական բացատրության, որը հրապարակվեց նույն օրվա երեկոյան, մահվան պատճառը եղել է կաթվածը, որին նախորդել է կոման, որը վրա է հասել սիրտ-թոքային անբավարարության հետևանքով: Ինչպես հայտնի է, Պապը 2025թ. փետրվար-մարտ ամիսներին 38 օր հիվանդանոցային բուժում ստացավ երկկողմանի թոքաբորբից, որը շնչառական լուրջ խնդիրներ էր առաջացրել՝ որպես նպաստավոր ֆոն ունենալով, ըստ երևույթին նաև այն, որ դեռևս 1957թ.՝ երիտասարդ հասակում, Բերգոլիոն ծանր վիրահատություն էր անցել իր հայրենի Արգենտինայում, որի ժամանակ հեռացվել էր նրա թոքի մի հատվածը, որն ախտահարվել էր շնչառական վարակի պատճառով: Վերջին տարիների ընթացքում Պապի շնչառությունն ուղեկցվում էր լուրջ խնդիրներով, դրան գումարած նաև 2-րդ տեսակի շաքարային դիաբետը:

     

    2025թ. ապրիլի 21-ի առավոտյան 9:45-ին Կարդինալ Քեվին Ֆարրելը՝ պապական սենեկապետը, Սուրբ Մարթայի ամրոցից հայտարարեց Պապի մահվան մասին՝ հետևյալ բառերով.

     

    «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, խոր վշտով պետք է հայտարարեմ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի մահվան մասին: Այս առավոտյան՝ 7:35-ին, Ֆրանցիսկոս Պապը վերադարձավ երկնային Հոր մոտ: Նրա ամբողջ կյանքը նվիրված էր Աստծո և Նրա Եկեղեցու ծառայությանը: Նա մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքները հավատարմությամբ, քաջությամբ և համընդգրկուն սիրով, հատկապես, ամենաաղքատների և ամենալքվածների նկատմամբ: Նրա՝ որպես Տեր Հիսուսի ճշմարիտ աշակերտի նկատմամբ վիթխարի երախտագիտությամբ մենք հանձնում ենք Ֆրանցիսկոս Պապի հոգին մեկ և եռամիասնական Աստծո ողորմած սիրուն»:

     

    Ավելի ուշ՝ նույն երկուշաբթի օրը, Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի տնօրեն Մատթեո Բրունին լրագրողներին հայտնեց, թե Պապի մարմինը այս չորեքշաբթի հնարավոր կլինի տեղափոխել Սուրբ Պետրոսի Մայր Տաճար, որպեսզի հավատացյալներն աղոթեն նրա աճյունի առջև: Այս արարողությունը կկատարվի ապրիլի 23-ին վաղ առավոտյան նախատեսված կարդինալների ժողովից հետո, որտեղ կորոշվեն արարողակարգի մանրամասները:

     

    Մահվան փաստի վկայության և աճյունը դագաղի մեջ տեղափոխելու արարողությունները տեղի ունեցան ապրիլի 21-ի երեկոյան ժամը 20:00-ին՝ Քասա Սանթա Մարթայի պապական կեցավայրի մատռան մեջ:

     

    Այդ արարողության ընթացքում բարձրաձայն ընթերցվեց Պապի մահվան վկայությունը, որի տակ ստորագրեց Կարդինալ Ֆարրելը: Կնքվեցին Առաքելական Պալատի պապական սենյակները, որտեղ ապրել է Ֆրանցիսկոս Պապը:

     

    Բրունիի խոսքերով, այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի է ունենալու կարդինալների առաջին ժողովը, որտեղ կարող է որոշվել նաև թաղման օրը և կարգը, որում որոշ փոփոխություններ է մտցրել ինքը Ֆրանցիսկոս Պապը 2022-ին: Նա խնդրել է, որ արարողությունը պարզեցվի, որպեսզի ավելի շատ արտահայտի Եկեղեցու հավատքը՝ Հարության նկատմամբ:

     

    «Նորացված արարողակարգը ավելի ձգտում է շեշտել, որ Հռոմի Պապը Քրիստոսի հովիվն ու աշակերտն է, և ոչ թե՝ մի համաշխարհային հզորություն ունեցող անձնավորություն»:

     

    Աղբյուրը՝ Vatican News

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

     

    Պապական սենյակների կնքման արարողությունը

     

Օրացույց

Օրացույց