• Սուրբ Կույսի Ավետման տոնը` Գյումրիի Աթոռանիստ Տաճարում

    <<Եղիցի ինձ ըստ բանի քում>>, Ղկ․ 1։38


    Մարտի 25-ին` Սուրբ Կույսի Ավետման տոնին, Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանը: Իր քարոզում Հայր Սուրբը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց Աստվածամոր մայրության կերպարի վրա: Մայրությունը Ավետման տոնի հիմնարար շեշտադրությունն է, ասաց Վարդապետը: Նա հրավիրեց խորհրդածել Սուրբ Կույս Մարիամի և Գաբրիել հրեշտակապետի երկխոսության դրվագի վրա.

     

    «Երբ Գաբրիելը Մարիամին փոխանցում է Ավետիսը, Մարիամը վախեցած է: Մենք տեսնում ենք, որ Մարիամը` որպես դեռատի աղջիկ, դեռևս լիարժեք չի գիտակցում այդ ավետիսի մեծությունը, բայց կարողանում է վստահել Աստծուն և ասում է. «Ահավասիկ, ես մնում եմ քո աղախինը, թող ինձ լինի քո խոսքի համաձայն»»:

     

    Սուրբ Կույսի մայրության մեջ թաքնված է նաև քրիստոնյա կնոջ մեծությունը: «Յուրաքանչյուր հայ կին և մայր պետք է այսօր ինքն իրեն հարցնի, թե որքանով է ինքը քայլում այն ճանապարհով, որով քայլեց Աստվածամայրը, որքանով է ինքը նման Սուրբ Կույսին»,-հարց տվեց Վարդապետը և շարունակեց.

     

    «Ինչպիսի՜ դժվարությունների միջով անցավ Սուրբ Կույսը` ի տես իր Որդու չարչարանքների, ինչպիսի՜ս սիրտ էր նրա սիրտը. սիրո՜ղ մայրական սիրտ էր, որը կանչված էր մեծագույն առաքելության: Եվ մենք տեսնում ենք, որ Տիրամայրն իր խոնարհությամբ, հնազանդությամբ ջնջեց առաջին կնոջ մեղքը, որի պատճառով մահը մտավ աշխարհ: Մարիամը իրավամբ եկեղեցու հայրերի կողմից կոչվում է Երկրորդ Եվա, կամ նոր կին, որովհետև նա ներկայացնում է նոր կնոջ և նոր մոր կերպար, ով կատարելապես համաձայն է կատարելու Աստծո ծրագիրը` հանուն մարդկության փրկության»:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    25 մարտի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց