• Եկեղեցական հաղորդակցության միջոցների Հոբելյան. անհրաժեշտ է հույս տարածել

    26.01.2025


    2025թ. հունվարի 24-26-ը Հույսի հոբելյանական տարվա շրջանակներում Հռոմում տեղի ունեցան Հաղորդակցության միջոցների Հոբելյանական օրերը, որոնց սկիզբն ազդարարվեց Հռոմի Սուրբ Հովհաննեսի Լաթերանյան Աթոռանիստ տաճարում հունվարի 24-ի երեկոյան տեղի ունեցած Ապաշխարության աղոթքով և Սուրբ Պատարագով, որոնց մասնակցեցին այս օրերի համար Սուրբ Աթոռի կողմից հրավիրված եկեղեցական լրատվամիջոցների ներկայացուցիրներ` աշխարհի տարբեր երկրներից: Մասնակցում էր նաև Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու սպասավոր Տ. Հովսեփ քհն. Գալստյանը, ով Առաջնորդության պաշտոնական կայքի և լրատվության պատասխանատուն է:

     

    Հաղորդակցության միջոցների Հոբելյանի բացման ժամանակ ընդգծվեց յուրաքանչյուր լրագրողի երկու կարևոր գործիք՝ սիրտ և հույս: Այս արժեքների կարևորությունն առանձնահատուկ ընդգծվեց  ապաշխարության արարողության ընթացքում, որը նախագահում էր Հռոմի Փոխանորդության Սոցիալական հաղորդակցության գրասենյակի տնօրեն Հայր Ջուլիո Ալբանեզը, և Պատարագի ընթացքում, որը նախագահում էր կարդինալ Ռեյնան: Տոնակատարությունը խորհրդանշվեց նաև Սուրբ Ֆրանցիսկոս դե Սալի մասունքի հարգանքով, որը Հռոմ էր բերվել հյուսիսային Իտալիայի Տրևիզո քաղաքից, որտեղ այն պահվում է 1913 թվականից:

    Հաղորդակցության 59-րդ համաշխարհային օրվա կապակցությամբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձն ընդգծում էր հեզությամբ հույսը կիսելու կոչ, որն առանցքային  առաքինություն է Հոբելյանի համար:

     

    Ապազինել հաղորդակցությունը Քրիստոսի օրինակով

     

    Իր քարոզում կարդինալ Ռեյնան ասաց, որ հոբելյանը ողորմության ժամանակ է, որտեղ ուշադրությունը տեղափոխվում է գործած մեղքերից դեպի Աստծո ներման փոխակերպող զորությանը: Նա ուշադրություն է հրավիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչին՝ լինել «հույսի հաղորդակիցներ» և «ապազինել հաղորդակցությունը»։

     

    Ավետարանից  մեջբերելով մեղսագործ կնոջ պատմությունը՝  հավելում է, որ Հիսուսը, բախվելով անախորժ իրավիճակի, նախընտրեց նուրբ հաղորդակցության ճանապարհը՝ խուսափելով ագրեսիայից և ընտրելով ճշմարտության ուղին: «Ձեզնից ով անմեղ է, առաջի՜նը թող քար գցի», նա բացատրեց, որ Քրիստոս ապազինեց հպարտությունը և հրավիրեց խորհրդածության:

    «Հաղորդակցությունը ապազինելու համար մենք նախ պետք է ապազինենք մեր հպարտությունը», – ասաց կարդինալ Ռեյնան: «Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ միայն Աստված է դատավոր»։ Նա նշեց, որ Հիսուսը չի բնորոշել կնոջը իր սխալով, այլ ճանաչել է նրա բնածին արժանապատվությունը՝ նորոգման հույս տալով:

     

    Հույսի հորիզոն/ հեռանկար

    Կարդինալն ամփոփեց իր քարոզը Հիսուսի խոսքերով. «Գնա՜ և այլևս մի մեղանչիր»։ Այս խոսքերը ամփոփում են հույսը և մատնանշում են վերափոխման ապագան: Նա նկատեց, որ գթասիրտ վերաբերմունքին արժանանալն համարժեք էր կնոջ անձնական Հոբելյանին:

    «Եթե մենք ցանկանում ենք տոնել մեր Հոբելյանը` որպես հաղորդակցության աշխարհ,- հորդորեց կարդինալ Ռեյնան,- մենք պետք է որդեգրենք այս օրինակը՝ ընդունելով հաղորդակցության այնպիսի ոճ, որը ճանաչում է յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը և նպաստում է մեր ընդհանուր տան հանդեպ հոգատարությանը»:

     

    Փոխակերպման կոչ

     

    Ապաշխարության արարողությունը սկսվեց Spes non confundit` «Հույսը չի հիասթափեցնում»՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2025 թվականի Հոբելյանական  կոնդակի ընթերցումով: Սուրբ Պատարագին  մասնակիցներին Պապը հրավիրեց խորհելու հույսի մասին, որը բնակվում է յուրաքանչյուրի սրտում և բռնելու դարձի ուղին, որը խորհրդանշվում է Սուրբ Դռնից անցնելը. դուռը ներկայացնում է Ինքնին Քրիստոսին. <<Ես եմ դուռը>>, Հվհ. 10:9:

    Հայր Ալբանեզը կոչ արեց եկեղեցական լրատվամիջոցների ներկայացուցիրներին իրենց մասնագիտությունը դիտել որպես առաքելության դաշտ, որտեղ դարձը չի կարող առանձնանալ մասնագիտական ​​կյանքից: Նա նախազգուշացրեց չդառնալ «ուրիշների խոսքերի վարձկաններ» և հորդորեց մասնակիցներին ապահովել, որ իրենց հաղորդակցությունն արտացոլի Աստծո սերն ու գթությունը:

     

    Տարածել գթասրտություն

    Հայր Ալբանեզը եզրափակեց՝ կոչ անելով լրատվամիջոցների պատասխանատուներին ստուգել՝ արդյոք նրանց աշխատանքն արտացոլում է Աստծո գթասրտությունը, թե առաջնորդվում է աշխարհիկ դրդապատճառներով: Կրկնելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապին` նա կոչ արեց հաղորդակցության, որը խթանում է հույսը և նպաստում ավելի եղբայրական աշխարհի կառուցմանը:

     

    Թարգմանեց՝ Ուլյանա Կոստանյանը

     

Օրացույց

Օրացույց