• Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հրեշտակ Տեառն աղոթքի քարոզը

    19 հունվարի, 2025թ․


    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բարի կիրակի։

    Ավետարանի այսօրվա հատվածը (Հվհ. 2:1-11) պատմում է Հիսուսի առաջին նշանի մասին, երբ Նա Գալիլեայի Կանա քաղաքում հարսանեկան խնջույքի ժամանակ ջուրը վերածեց գինու: Դա մի պատմություն է, որը նախանշում և ամփոփում է Հիսուսի ողջ առաքելությունը. Մեսիայի գալստյան օրը – այսպես են ասում մարգարեները – Տերը կպարգևի «ընտրանի գինիների տոն» (Ես․ 25.6) և «լեռներից հոսելու է խաղողի հյութը» (Ամ․ 9:13)․ Հիսուսն այն Փեսան է, ով բերում է «ընտիր գինի»:

    Ավետարանի այս հատվածում խոսվում է երկու բանի՝ սակավության և գերառատության մասին: Մի կողմից գինու պակաս կա, և Մարիամն ասում է Իր Որդուն. «Նրանք գինի չունեն» (v.3), մյուս կողմից, Հիսուսը միջամտում է՝ լցնելով վեց մեծ սափորներ, և, ի վերջո, գինին այնքան առատ ու նրբահամ է լինում, որ խնջույքի տերը փեսային հարցնում է, թե ինչու՞ էր այն պահել վերջի համար (հ. 10): Այսպիսով, մեր նշանը միշտ պակասում է, բայց «Աստծո նշանը առատությունն է», իսկ Կանայի առատությունը նրա նշանն է (տե՛ս՝ Բենեդիկտոս ԺԶ, <<Հիսուս Նազովրեցի>>, հատոր I, 294): Ինչպե՞ս է Աստված արձագանքում մարդու կարիքին: Գերառատությամբ (հմմտ. Հռմ. 5։20)։ Աստված չարամիտ չէ։ Երբ Նա տալիս է, Նա քիչ չի տալիս, Նա տալիս է քեզ առատորեն: Տերն արձագանքում է մեր թերություններին Իր առատությամբ:

    Մեր կյանքի խնջույքի ժամանակ երբեմն հասկանում ենք, որ «գինին պակասում է», որ մեզ պակասում է ուժը: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեզ տանջող անհանգստությունները, վախերը, չարի ճնշող ուժերը խլում են մեր կյանքի համը, ուրախության բերկրանքը և հույսը: Ուշադրություն դարձրե՛ք. այս պակասի դեպքում, երբ Տերը տալիս է, Նա տալիս է գերառատությամբ: Թվում է, թե դա հակասություն է և որքան շատ ենք մենք կարիքի մեջ, այնքան ավելի մեծ է Տիրոջ գթառատությունը: Որովհետև Տերն ուզում է անվերջ մեր կողքին լինել։

    Ուրեմն, աղոթե՛նք Մարիամ Աստվածածնին, որ նա բարեխոսի մեզ համար և այս հոբելյանական տարում օգնի մեզ վերագտնելու Հիսուսի հետ հանդիպման ուրախությունը:

     

    Սուրբ Պետրոսի հրապարակ

    19 հունվարի 2025 թ

    Թարգմանեց՝ Ուլյանա Կոստանյանը

Օրացույց

Օրացույց