<<փա՜ռք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն>>
2024թ․ դեկտեմբերի 29-ին Առաջնորդ Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը Սուրբ Պատարագ մատուցեց Ռուսաստանի Կրասնոդարի Սուրբ Լիբորի կաթողիկէ եկեղեցում՝ տեղի հայ կաթողիկէ հավատացյալների դիտավորությամբ և նրանց բազմության աղոթական ներկայությամբ։ Քարոզի ընթացքում Առաջնորդ Հայրը հավատացյալների հոգիները զմայլեց աստվածաբանորեն խոսուն և հարուստ մի արտահայտությամբ՝ <<Մենք հիսուսակիր հավատացյալներ ենք>>։ Այս արտահայտությունը սերում է Եկեղեցու Սուրբ Հայրերի գրվածքներից, ովքեր օգտագործում էին նաև <<քրիստոսակիր>>՝ <<christophoros>> կամ <<աստվածազգեաց>> արտահայտությունները՝ Տեր Հիսուս Քրիստոսին մեր սրտերում որպես անգին գանձ կրելու, Նրան որպես ներքին հագուստ մեր սրտերում զգենալու իմաստով, որն արձագանքում է Սուրբ Պողոսի խոսքերին․ <<Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսո՛վ զգեստավորվեցիք>> (Գաղ․ 3։27)։ Կրել Քրիստոսին սեփական սրտում՝ նշանակում է հարստանալ աստվածային շնորհներով, որոնք բխում ենք Նրա ներկայությունից, և դրանցով կիսվել ուրիշների հետ, տարածել <<Քրիստոսի բուրմունքը>>, ըստ Պողոսի մեկ այլ արտահայտության, օգնել Տիրոջը ամրացնելու իր հոգևոր ընտանիքը՝ Սուրբ Եկեղեցին, որը հիմնված է Քրիստոսի մեջ միասնական հաղորդության վրա։
Նույն օրը Սրբազան Հայրը Սուրբ Պատարագ մատուցեց նաև Բելառեչենսկի Սուրբ Կույս Մարիամի ծննդյանը նվիրված նորակառույց հայ կաթողիկէ եկեղեցում։ Այն կառուցվեց և օծվեց 2019թ․։ Տեղի հայ համայնքը ևս խնդությամբ ընդունեց նոր Առաջնորդի այցելությունը։ Քարոզի ժամանակ Սրբազանն ուշադրություն հրավիրեց Սուրբ Ծննդյան և գալիք Աստվածահայտնության տոների խորհուրդների վրա։ Նրա խոսքով, ջրի օրհնության ժամանակ Խաչի կնքահայրը նման է հովիվներին և մոգերին, ովքեր գնացին Բեթղեհեմ՝ երկրպագելու Մանուկ Հիսուսին և մեծ ցնծությամբ հրեշտակների հետ միասին երգելու <<փա՜ռք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն>>։
Դեկտեմբերի 30-ին Առաջնորդ Հայրը Սուրբ Զոհը մատուցեց Դոնի Ռոստով քաղաքում։ Այս երեք Պատարագների մատուցման ժամանակ առընթերակա համապատարագիչն էր Սոչիի համայնքների ժողովրդապետ Գերհ․ Հ․ Սերգեյ Ծ․ Վրդ․ Բաբաջանյանը։ Այստեղ Սրբազանի քարոզը կենտրոնացավ <<լույսի որդիներ>> արտահայտության բովանդակության վրա՝ հիմնվելով օրվա առաքելական նամակից ընթերցված հատվածի (Ա Հվհ․ 1։1-7)։ Ինչպես Աստծո Որդին Լույս է և լուսավորում է խավարի մեջ և ամեն մարդու, որ աշխարհի գալիս, այնպես էլ բոլոր Նրան հավատացողները, որոնք ընդունեցին Բարի Լուրը, լուսակիրներ են՝ Լույսի որդիներ, ովքեր կոչված են քայլելու լույսի մեջ և սիրելու իրար, ինչպես Տերը սիրեց մեզ։ Լույսի որդիները երկնքից են ծնված՝ <<Աստծո որդիներ>> են (հմմտ․՝ Հվհ․ 1։12)։
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
30․12․2024թ․