Ամենամյա Սուրբ Ծննդյան բեմադրությունը Տիրամայր Հայաստանի կուսաստանում
2024թ․ դեկտեմբերի 25-ին Անարատ Հղության հայ միաբան քույրերի Տիրամայր Հայաստանի Կուսաստանի կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյանը նվիրված ամենամյա հանդիսավոր բեմադրությունը՝ կենտրոնի սաների մասնակցությամբ և Տիրամայր Հայաստանի երգչախմբի գեղեցիկ համերգը՝ Ռ․ Մլքեյանի խմբավարությամբ։ Սաները ներկաներին հուզեցին ավետարանական պատմությունների իրենց ընկալմամբ և ապրումով, իսկ երգչախումբը կատարեց թե՛ հայկական, թե՛ անգլերեն երգեր՝ Սուրբ Ծննդյան թեմաներով։ Բեմադրության ավարտին ներկաներին իր խոսքն ուղղեց մեծավորուհի ք․ Նարինե Սիմոնյանը և օրհնության խոսք ասելու հրավիրեց նաև Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների տարածքային փոխանորդ Գերպ․ Հ․ Ներսես Վրդ․ Գալստյանին։ Նա խորին շնորհակալություն հայտնեց միաբան քույրերին՝ այդ գեղեցիկ բեմադրությունը կազմակերպելու, երեխաներին իրենց դերախաղի համար և երգչախմբին ու մաեստրո Մլքեյանին՝ հրաշալի երեգերի համար։ Նրա խոսքով, Հիսուս Մանկան Ծննդյան դրվագը բեմադրելով՝ յուրաքանչյուր դերակատար երեխայի սրտում ծնվում է Մարմնացյալ Տերը։ Հիսուս ծնվում է յուրաքանչյուրիս սրտում, երբ սիրում ենք դիմացինին և հոգ տանում նրա երջանկության մասին։