«Աստվածաբանությունը հասանելի դարձնել բոլորին և հատկապես մեծահասակներին»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2024թ. դեկտեմբերի 9-ին ընդունեց Մշակույթի և Կրթության Վերատեսչության կազմակերպած «Աստվածաբանության ապագան» միջազգային համաժողովի մասնակիցներին.Աստվածաբանությունը հասանելի դարձնել բոլորին և հատկապես մեծահասակներին։
Աստվածաբանության դերը տարբեր իրականությունների մեջ, միևնույն ժամանակ գործողություններ, որոնք անհրաժեշտ են աստվածաբանությանը, որպեսզի «փայլի այնպես, ինչպես արժանի է Եկեղեցում և մշակույթների մեջ»։ Փոխկապակցված և անհրաժեշտ հարաբերություն, որը դարձավ Նորին Սրբության առանցքային խոսքը՝ «Աստվածաբանության ապագան» համաժողովի մասնակիցներին ուղղված պատգամում:
Սուրբ Աթոռի Մշակույթի և Կրթության Վերատեսչության կազմակերպած «Աստվածաբանության ապագան» միջազգային համաժողովը կայացավ Հռոմի Լատերանյան Քահանայապետական Համալսարանում՝ դեկտեմբեր 9-ին և 10-ին։
Աստվածաբանությունը լույս է
«Նախ ուզում եմ ասել, որ երբ խորհում եմ աստվածաբանության մասին, մտքիս լույսն է գալիս», ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը իր պատգամի սկզբում, ապա հավելեց, որ աստվածաբանությունը իրականությունը բացահայտում է լույսի պես. խոնարհաբար, առանց ինքն իրեն ցուցադրելու՝ «Քրիստոսի և Նրա Ավետարանի լույսը ծագեցնելու» համար։
Փնտրել ու պահպանել Քրիստոսի բարեկամությունը
Սրբազան Քահանայապետը կոչ արեց փնտրել ու պահպանել Քրիստոսի բարեկամությունը. «Ողջ աստվածաբանությունը ծնվում է Քրիստոսի հետ բարեկամությունից և Նրա եղբայրների, քույրերի, այս աշխարհի նկատմամբ Իր իսկ սիրուց, աշխարհ, որը միաժամանակ ողբերգական և հոյակապ է»:
Կնոջ դերը աստվածաբանության մեջ
Ներկայացնելով Թագավորաց Չորրորդ Գրքից վերցված մի դրվագ (22, 14-20)՝ Նորին Սրբությունն ընդգծեց աստվածաբանության մեջ կանանց ունեցած ներդրման կարևորությունը. «Կան բաներ, որոնք հասկանում են միայն կանայք, աստվածաբանությունը նրանց ներդրման կարիքն ունի: Միայն տղամարդկանց կողմից կազմված աստվածաբանությունը կիսատ աստվածաբանություն է»:
Պարզեցումը խեղում է իրականությունը
Սրբազան Քահանայապետը շարունակեց պատգամը և նշեց, որ երբ մենք չենք կարողանում կամ չենք ուզում կրել բարդության ողբերգությունը, ապա պարզեցնում ենք այն: Սակայն պարզեցումը խեղում է իրականությունը, որովհետև ծնում է անպտուղ մտքեր, բևեռացումներ և մասնատումներ, հետևաբար նաև գաղափարախոսություններ, որոնք կրկնվում են մոլուցքային և գործիքային ձևով: Ուստի պետք է պայքարել պարզեցումների դեմ և ընդունել աշխարհի բարդությունը:
Աստվածաբանության և գիտելիքի այլ ոլորտների միջև համագործակցությունը
«Պարզեցման հակաթույնը նշված է Veritatis gaudium Առաքելական Սահմանադրության մեջ», որտեղ ընդգծվում է միջառարկայականության կարևորությունը, ասաց Ֆրանցիսկոս Պապը և աստվածաբանության ու գիտելիքի այլ ոլորտների միջև համագործակցությունը համեմատեց մարմնի զգայարանների հետ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը և բոլորը մեկը մյուսի կարիքն ունեն։ Պետք է ուրեմն խրախուսել այդ համագործակցությունը՝ «մեր մտածողությունը վերաիմաստավորելու և յուրաքանչյուրին ճշմարտության որոնումների մեջ օգնելու համար»։
Աստվածաբանությունը պետք է հասանելի լինի բոլորին
Վերջին շրջանում աշխարհի տարբեր ծայրերում նկատելի է միջին տարիքի մարդկանց համալսարանական կրթությունը շարունակելու ցանկության աճ, որին հասարակությունն ու Եկեղեցին պիտի հետաքրքրություն ցուցաբերեն, նշեց Սրբազան Քահանայանապետն ու ընդգծեց, որ «միջին տարիքը կյանքի յուրահատուկ շրջան է», որովհետև մի կողմից կա որոշակի մասնագիտական կայունություն և զգացմունքային ամրություն, մյուս կողմից էլ մի շրջան է, երբ ձախողումներն ավելի մեծ ցավ են պատճառում՝ առաջացնելով լքվածության զգացում և որոնումները վերսկսելու անհրաժեշտություն: Այդ որոնումների մեջ աստվածաբանությունը պետք է լինի «ճամփորդական ուղեկից», հարեց Նորին Սրբությունը՝ կոչ անելով աստվածաբանությունը հասանելի դարձնել բոլորին և հատկապես մեծահասակներին:
Վատիկան նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը