• Մեր հույսն Աստծո ողորմածությունն է

    «Մենք ապավինո՞ւմ ենք ուժին, փողին, ազդեցիկ ընկերներին, թե՞ Աստծո անսահաման ողորմածությանը»:


    Աստվածածնի Անարատ Հղության տոնի օրը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց «մարդկության պատմության մի շատ կարևոր ու գեղեցիկ պահի մասին», որն Ավետումն է. «Ամենակարող Աստված հրեշտակի միջոցով երկխոսում է մի երիտասարդ աղջկա հետ՝ Նազարեթից և խնդրում նրան Իր փրկության ծրագրի մի մասը դառնալ»:

     

    Այս իրադարձության մեջ, որը նշանավորում է մեր փրկագնման սկիզբը, մարդկայինն ու աստվածայինը հանդիպում են, ինչպես Ադամի արարման տեսարանում, որը նկարել է Միքելանջելոն՝ Սիքստինյան կապելլայում, որտեղ Երկնային Հոր մատը դիպչում է մարդու մատին, ընդգծեց Նորին Սրբությունը: Այդ հանդիպումը տեղի է ունենում այն օրհնյալ պահին, երբ Սուրբ Կույս Մարիամը ասում է իր «այո»-ն: Փոքրիկ գյուղում ապրող այդ աղջկա պատասխանից էր «կախված մարդկության ճակատագիրը, իսկ հիմա կարող են նորից ժպտալ և հուսալ, քանզի իր ճակատագիրը լավ ձեռքերում է»:

     

    Շնորհակալ, անարատ Մարիամը հավատարմորեն ծառայեց Աստծո Խոսքին և միշտ մնաց Տիրոջ հետ: Նա լիովին ապավինեց Նրան, երբեք չհակառակվեց երկնային կամքին և չդիմադրեց ճշմարտությանն ու ողորմածությանը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Հենց դա է նրա երանությունը, և բոլոր սերունդները երգելու են այն: Եկե՛ք մենք ևս ուրախանանք, որովհետև Անարատը մեզ տվեց Հիսուսին, Նա է մեր փրկությունը»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց խորհել հետևյալ հարցերի շուրջ. Ի՞նչն է մեր հույսը պատերազմական այս ժամանակներում, երբ միակ ցանկությունը իշխելն ու կառավարելն է: Մենք ապավինո՞ւմ ենք ուժին, փողին, ազդեցիկ ընկերներին, թե՞ Աստծո անսահաման ողորմածությանը: Ինչպե՞ս չխաբվել ու չդառնալ կեղծ կուռքերի զոհը, որոնք հեղեղում են լրատվամիջոցներն ու համացանցը:            Որտե՞ղ փնտրել երջանկություն: Որտե՞ղ է մեր սրտի գանձը: Տերն անշահախնդրորեն սիրում է բոլորիս, Նրա սերը միշտ շատ է, և Նա պատրաստ է ներել մեզ, եթե մենք ապաշախարենք ու դառնանք դեպի Իրեն: Մենք վստահո՞ւմ ենք Աստծո սիրուն, թե՞ խաբում ենք ինքներս մեզ և ամեն գնով փորձում ենք հաստատել մեր սեփական «ես»-ն ու մեր կամքը:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը հիշեցրեց Հոբելյանի դարպասների մոտալուտ բացման մասին և կոչ արեց հավատացյալներին իրենց սրտի ու մտքի դռները բացել Տիրոջ առաջ, Ով Անարատ Հղությամբ ծնվեց Մարիամից. «Հայցե՛նք Մարիամի բարեխոսությունը»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց