«Հույսը երբեք հուսախաբ չի անում»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում նա մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. դեկտեմբեր ամսվա համար. աղոթել հույսի ուխտավորների համար:
«Քրիստոնեական հույսը Աստծո պարգևն է, որը մեր կյանքը լցնում է ուրախությամբ: Այսօր մենք և ժամանակակից աշխարհը այդ հույսի կարիքն ունենք, – ընդգծում է Նորին Սրբությունը: – Երբ չգիտես, թե վաղը կկարողանաս կերակրել երեխաներիդ կամ քո կրթությունը քեզ կապահովի արժանապատիվ աշխատանքով, հեշտ է ընկնել հուսահատության մեջ: Որտե՞ղ հույս փնտրել: Հույսը խարիսխ է: Խարիսխ, որը գցում են ավազի մեջ: Մենք պիտի ամուր բռնվենք հույսի այդ պարանից: Եկե՛ք միասին բացահայտենք մեզ կյանք պարգևող Քրիստոսի հետ հանդիպումը և ճանապարհ ընկնենք, որպես հույսի ուխտավորներ: Այդ ճանապարհի հանգրվաններից մեկը կլինի առաջիկա Հոբելյանը: Մեր առօրյա կյանքը լցնենք Տիրոջ հույսի պարգևով և թույլ տանք, որ այն մեր միջոցով հասնի նրանց, ովքեր այն փնտրում են: Մի՛ մոռացեք. հույսը երբեք հուսախաբ չի անում»:
Տեսաուղերձի ավարտին Սրբազան Քահանայպետը կոչ արեց հավատացյալներին.
«Եկե՛ք աղոթենք, որպեսզի 2025թ. Հոբելյանը զորացնի մեր հավատքը, օգնի ճանաչել հարություն առած Քրիստոսին և մեզ դարձնի հույսի ուխտավորներ»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը