«Ձեր արժանապատվությունը փոխզիջման առարկա մի դարձրեք։ Անձնվեր սերը կփրկի աշխարհը և այն չի վաճառվում»:
2024թ. նոյեմբերի 24-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորեց «Հիսուս Տիեզերքի Թագավոր» տոնին և Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված սուրբ պատարագը, որին ներկա էին հազարավոր հավատացյալներ, այդ թվում բազմաթիվ երիտասարդներ, որոնցից շատերը պատարագին հետևում էին Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված պաստառների միջոցով:
Հիսուս Քրիստոսի Թագավոր Տիեզերքի տոնը
Սուրբ գրային ընթերցումներից հետո Նորին Սրբությունը ներկայացրեց քարոզը և ընդգծեց, որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Թագավոր Տիեզերաց տոնը հրավեր է խորհրդածելու Նրա հավիտենական թագավորության մասին։
«Մի խորհրդածություն է, որը բարձրացնում և հուզում է: Բայց եթե մենք նայենք մեր շուրջը, ապա մեր տեսածը տարբեր կթվա և կարող են առաջանալ անհանգստացնող հարցեր: Ի՞նչ ասել պատերազմների, բռնությունների, բնական աղետների մասին։ Ի՞նչ մտածել այն խնդիրների մասին, որ դուք ևս, սիրելի երիտասարդներ, պետք է դիմագրավեք՝ նայելով ապագային. աշխատանքի անապահովությունը, տնտեսական անորոշությունը, պառակտումներն ու անհավասարությունները, որոնք բևեռացնում են հասարակությունը: Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում: Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել: Սրանք դժվար, բայց կարևոր հարցեր են», ասաց Սրբազան Քահանայապետը և խոսեց երեք կարևոր կետերի շուրջ. մեղադրանք, հավանություն և ճշմարտություն։
Մեղադրանքը
Առաջին կետը մեղադրանքն է։ Ավետարանում Հիսուս ներկայացվում է, որպես մեղադրյալ Պիղատոսի առաջ, որը ճնշող ուժերի ներկայացուցիչն է։ Հակառակ մեղադրանքներին ու դատապարտումին, Հիսուս մնում է հաստատուն ու հավատարիմ իր առաքելությանը, որը սիրո և արդարության առաքելություն է, ընդգծեց Նորին Սրբությունը, ապա խոսքն ուղղելով երիտասարդներին՝ ասաց.
«Սիրելի երիտասարդներ կարող է պատահի, որ ձեզ էլ մեղադրեն, որովհետև հետևում եք Հիսուսին: Ձեզ ստիպեն զգալ, որ սխալ եք, որովհետև հետևում եք Ավետարանին ու նրա արժեքներին, որովհետև չեք համակերպվում, չեք թուլանում մյուսների նման»: Ֆրանցիսկոս Պապը խրախուսեց երիտասարդներին չվախենալ «դատապարտումներից»։ «Մի անհանգստացեք, քանի որ վաղ թե ուշ քննադատություններն ու կեղծ մեղադրանքները կդադարեն, նրանց սատարող մակերեսային արժեքները կբացահայտեն իրենց էությունը», հավելեց Սրբազան Քահանայապետն ու ասաց երիտասարդներին, որ «չգինովնան պատրանքներով», «այն ինչ մնում է, ուրիշ բան չէ, եթե ոչ սիրո գործերը, ինչպես մեզ սովորեցնում է Հիսուս: Հենց դա է մնում և կյանքը գեղեցիկ դարձնում։ Մնացածը կարևոր չէ։ Դրա համար էլ կրկնում եմ. մի վախեցե՛ք աշխարհի դատապարտումներից։ Շարունակե՛ք սիրել»:
Հավանությունն ու համբավը
Այնուհետև Նորին Սրբությունը խոսեց հավանության մասին ու անդրադարձավ Հիսուսի խոսքերին, որոնք հաստատում են, որ իր թագավորությունը այս աշխարհից չէ և ինքը մերժում է իշխանության տրամաբանությունը։ Երիտասարդները ևս թող չփնտրեն մյուսների հավանությունը, այլ ապրեն անկեղծությամբ ։ «Ուշադիր եղե՛ք, վաճառքի մի՛ դրեք ձեր արժանապատվությունը» զգուշացրեց Ֆրանցիսկոս Պապը՝ հաստատելով, որ «Աստված սիրում է այնպիսին, ինչպիսին կաք։ Նրա առաջ ձեր մաքուր երազանքներն ավելի արժեքավոր են, քան հաջողությունն ու համբավը… Մի՛ համակերպվեք «միօրյա աստղ» լինել սոցիալական ցանցերում…Երկինքը, որի մեջ դուք կանչված եք փայլելու, ավելի մեծ է: Այն Աստծո երկինքն է, որտեղ Հոր անսահման սերն արտացոլված է մեր անհամար փոքրիկ լույսերի մեջ: Մի՛ լսեք նրանց, ովքեր սուտ են խոսում և ձեզ պատմում են հակառակը:Արդարև, հավանությունները չեն, որ պիտի փրկեն աշխարհն ու երջանիկ դարձնեն, որովհետև դա կարող է անել միայն անձնվեր սերը»։ Անձնվեր սերը կփրկի աշխարհը և այն չի վաճառվում»:
Ճշմարտությունը
Վերջապես երրորդ կետը ճշմարտությունն է։ Հիսուս աշխարհ եկավ ճշմարտությունը վկայելու համար, ու մեզ սովորեցրեց սիրել Աստծուն և եղբայրներին, որովհետև միայն սիրո մեջ է, որ կյանքն իմաստ ու լույս է գտնում, հակառակ դեպքում մենք կմնանք բանտարկված ստի մեջ: «Ես»-ի սուտը, որ արմատն է յուրաքանչյուր անարդարության ու ապերջանկության։ Քրիստոս ճանապարհ, ճշմարտություն ու կյանք է, և մեզ սովորեցնում է, որ միայն սիրո մեջ է, որ մենք կարող ենք ապրել, աճել ու ծաղկել։ Եկե՛ք ճշմարտությունը վկայենք սիրո մեջ, միմյանց սիրենք այնպես, ինչպես Հիսուսն է սիրում:
Հիսուս մեզ ազատություն է տալիս, սակայն մենակ չի թողնում
Սիրելի՜ եղբայրնե՛ր և քույրե՛ր, իրականությանը չի համապատասխանում այն, որ ոմանք հաստատում են, թե Աստծո ձեռքերում չեն աշխարհի իրադարձությունները։ Ճիշտ չէ, որ պատմությունը գրում են հզորներն ու բռնարարները։ Նրանք, ովքեր կործանում են մարդկանց, պատերազմներ հրահրում, ինչ երեսով պիտի կանգնեն Տիրոջ առաջ։ Ի՞նչ պատասխան պիտի տան նրան։ Մտածե՛նք այդ մասին։ Տերը մեզ էլ հարցեր պիտի տա՝ մեր արածների համար։ Ամեն ինչ հպատակվում է Քրիստոս Թագավորի դատաստանին։ Նա մեզ ազատություն է տալիս, սակայն մենակ չի թողնում, երբեք չի դադարում սիրել, ու եթե ջանք գործադրենք, ապա մեզ կօգնի, որպեսզի ուրախությամբ վերսկսենք ուղևորությունը:
Հուսալ Տիրոջն ու քայլել առանց հոգնելու
Արարողության ավարտին երիտասարդ պորտուգալացիները Երիտասարդության համաշխարհային օրվա խորհրդանիշները պիտի փոխանցեն երիտասարդ կորեացիներին. Խաչն ու Սալուս Փոփուլի Ռոմանի Սրբապատկերը: Սա հրավեր է մեզ բոլորիս՝ Ավետարանը վստահությամբ և հույսով տանել ամենուր, ոտքի կանգնել ամեն մի անկումից հետո ու երբեք չդադարել հուսալ, ինչպես հնչում է օրվա բնաբանը. «Նրանք, ովքեր Տիրոջն են ապավինում, պիտի քայլեն առանց հոգնելու» (տես՝ Ես. 40.31):
«Դուք սիրելի կորեացի երիտասարդներ պիտի ընդունեք Խաչը` կյանքի Խաչը, հաղթության նշանը, բայց այն առանձին չէ։ Այն պիտի ընդունեք Մարիամի հետ։ Մարիամն է, որ մեզ ընկերակցում է դեպի Հիսուս, Մարիամն է, որ դժվար պահերին Խաչի ոտքի, նաև մեր առօրյա խաչերի ոտքի մոտ է, որովհետև Նա Մայր է, մեր մայրը։ Մտածե՛ք Մարիամի մասին», ասաց Սրբազան Քահանայապետը։
Հայացքը ուղղենք Հիսուսին ու Մարիամին
Նորին Սրբությունը քարոզի ավարտին կոչ արեց մեզ հայացքն ուղղել դեպի Հիսուսն ու Մարիամը, որպեսզի դժվարությունների մեջ առաջ ընթանալու ուժ գտնենք, չվախենանք դատապարտություններից: Բոլորի համար լինենք ճշմարտության վկաները սիրո մեջ և չկորցնենք մեր ուրախությունը:
Վատիկան նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը