• Եղվարդում բացում և օրհնվեց Լիբանանցի սուրբ` Սուրբ Շարբելի արձանը

    «Ո՜վ սուրբ Շարբել, դու եղար Աստծո օրհնության, բժշկության և խաղաղության աղբյուր շատերի համար»:


    Սեպտեմբերի 22-ին Եղվարդում կատարվեց Լիբանանցի սուրբ` Սուրբ Շարբելի հսկայական, տասը մետր մեծությամբ արձանի բացումը և օրհնությունը, որը Կովկասյան շրջանում սրբի տեղադրված առաջին ու միակ արձանն է։

     

    Արարողությանը մասնակցեց նաև Արհ. Գևորգ Եպիսկոպոս Ասատուրյանը, որը կապ հաստատելով Ռադիո Վատիկան – Վատիկան Նյուզ խմբագրության հետ, փոխանցեց արարողությանը վերաբերող տեղեկություններ:

     

    Հայտնենք, որ Արհիապատիվ Գերապայծառ Տերը արարողության առիթով ներկայացրեց հետևյալ քարոզը.

     

    Շարբել Մախլուֆ` Լռակյաց Սուրբը

     

    Սրբությունը մարդկությանը տրված աստվածային շնորհք է, իսկ սրբերը Աստուծո պարգևն են աշխարհին:

     

    Եթե կարդանք Ս. Շարբելի կյանքը, ապա առաջին ու գլխավոր տպավորությունը, որ կունենանք այս սրբի մասին կլինի այն, որ «Շարպել արբած էր Աստծով»: Փոքր տարիքից իսկ հստակ էր այս առաքինությունը նրա մեջ: Բոլորին ծանոթ էր նրա աստվածասիրությունը: Երբ իր փոքր տարիքի ընկերները խաղաղում էին, ինքն առանձնանում էր քարայրի մեջ, որտեղ իր փոքրիկ ձեռքերով խորան էր պատրաստում: Այնտեղ աղոթում էր ու խունկ մատուցում Աստծուն: Եկեղեցին և եկեղեցու արարողություններն իր կյանքի առանցքն էին կազմում: Սպասարկում էր խորանը և օգնում էր քահանային:

     

    Աղոթում էր … Երկար էր աղոթում: Կարդում էր Աստվածաշունչ և հայրերի գրությունները: Նա քաջատեղյակ էր, որ միակ միջոցը, որով մարդ կկարողանա հաղթել այս աշխարհին այն է, որ մարդը պիտի ձերբազատվի կրքերից և փոխարենը ձեռքն ուղղի դեպի աստվածային առաքինությունները: Միակ ձևը, որով նա կկարողանար իրականացնել այդ՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ ժամանակ անցկացնելն էր: Բ. Կորնթ. 3:18 խոսքում Ս. Պողոսը գրում է. «Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջը փառքը որպես թե հայելու մեջ տեսնելով, նույն պատկերին համաձայն նորոգվում ենք…»։ Ս. Շարբելը լավ գիտեր, որ երկար ժամանակ անցկացնելով Տիրոջ հետ, ի վերջո Աստծո նմանությունը պիտի վերակազմվեր իր մեջ: Այս ճշմարտության հակառակն էլ շիտակ է: Սղմ. 135:18 խոսելով չաստվածների ու արձաններին մասին՝ ասում է. «Նրանց նման կլինեն դրանք շինողները ու բոլոր նրանց հուսացողները»: Այսինքն մարդ արարածը նմանվում է իր պաշտած Աստծուն: Ասա ինձ, թե ո՞վ է քո Աստվածը, ասեմ քեզ, թե ո՞վ ես դու:

     

    Այս բոլորի մեջ Շարբելը լռակյաց կյանք էր վարում: Իր մասին գրված բազմաթիվ գրքերի մեջ չենք գտնի երկար քարոզներ կամ խրատականներ: Իր բերնից ելած բառերը, որոնք արձանագրված են գիրքերում, իր եղբայրների կամ այլոց հետ ունեցած զրույցներն են: Իր այդ հակիրճ խոսքերն անգամ աստվածային խոր իմաստություն են պարփակում իրենց մեջ: Իր կյանքի վկայությունը, սակայն, շատ աւելին է բարձրաձայնում, քան որևէ այլ խոսքեր: Լռությամբ կրեց նախատինք, անարգանք ու վիրավորանք: Ամեն բանի մեջ հնազանդ էր Աստծուն, իր մեծավորներին ու եղբայրներին:

     

    Տեր Հիսուս ասաց «Նրանք, ովքեր հավատան, այս նշանները նրանց պիտի ուղեկցեն» Մրկ. 16:17: Երբ այցելեք Ս. Շարբելի դամբարանը, այնտեղ ականատես կլինեք այն նշաններին, որոնք ընկերակցեցին այս սրբին: Պատերից կախված պիտի գտնեք անթացուպեր և բազմաթիվ նամակներ: Այնտեղ պիտի տեսնեք նաև սայլակներ (fauteuil roulant) ու այլ օժանդակ սարքեր քայլելու համար: Տակավին մինչև այսօր, գրեթե առօրյա հոլովույթով, հրաշքներ են կատարվում այս հզոր սրբի բարեխոսությամբ:

     

    Ահավասիկ, նման սրբի արձանին դիմաց կանգնած ենք այսօր: Այն միայն արձան  չէ, այլ Աստծո այցելությունն է մեր սիրեցյալ հայրենիք: Այս շնորհալի առիթը սիրելի Նիքոլա Ֆայսալիի աղոթքների նվերն է՝ բարերարության ու բազմաթիվ զոհողության: Պատարագի ընթացքում ընթերցված աղոթքի բառերով ասում ենք իրեն. Թո՛ղ Աստված հազարապատիկ օրհնություններով օժտի քո սիրելիներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս առիթը հնարավոր դարձրեցին մեզ համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեզ ընկերակցող հյուրերին և հոգևորական դասին, հատկապես ցանկանում եմ հիշել եղբորս՝ Ժոզեֆ Մուաուատ եպիսկոպոսին, ում հետ այս աղոթքները կարդացինք:

     

    Շնորհակալություն ձեզ սիրելի հավատացյալներ և հայրենակիցներ: Թո՛ղ սրբի աղոթքները ընկերանան ձեզ և օրհնություն բերեն ձեր ընտանիքներին:

     

    Ցանկանում եմ նշել, որ այս այցելությունն այսօր պատահական չէ, այլ աստվածային նախախնամության նշան է մեր հայրենիքին: Տարբեր տեսակի մարտահրավերներ ու դժվարություններ է դիմագրավում մեր երկիրը: Թո՛ղ այս օրհնյալ այցելությունը լինի խաղաղության ազդանշան  ու օրհնության աղբյուր մեր բոլորի համար: Որքան խաղաղության կարիք ունենք, ինչպես մեր անձնական, այնպես էլ հասարակական կյանքում:

     

    Ո՜վ սուրբ Շարբել, դու եղար Աստծո օրհնության, բժշկության և խաղաղության աղբյուր շատերի համար: Աղոթում ենք, որ օրհնես այստեղ հավաքված հավատացյալ ժողովրդին: Օրհնի՛ր նաև մեր հայրենիքն ու նրան սպասարկողներին: Օրհնի՛ր մեր զինվորյալ երիտասարդներին ու ժողովրդին, որպեսզի միշտ փառաբանենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. Այժմ և հավիտյան. Ամեն:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց