• Աստծո Խոսքը միակ կողմնացույցն է մեր ճանապարհին

    «Ավետարանական հույսը երբեք չի հիասթափեցնում և բերում է անսահման ուրախություն»:


    Ինդոնեզիա կատարած առաքելական այցի ընթացքում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց Սուրբ Պատարագը, որը տեղի ունեցավ Ջակարտայի «Ջելորա Բունգ Կարնո» մարզադաշտում, որին մասնակցեցին 100.000 տեղացի և օտարերկրյա կաթոլիկներ։

     

    Իր քարոզում Նորին Սրբությունն անդրադարձավ երկու կարևոր սկզբունքների, որոնք օգնում են դառնալ Հիսուսի իսկական աշակերտները. լսել Աստծո Խոսքը և այն կյանքի կոչել: Մարդկային սիրտը միշտ ճշմարտության փնտրտուքների մեջ է, որը շատ կարևոր է մարդու երջանիկ լինելու ծարավը հագեցնելու համար, իսկ այդ ճշմարտությունը Աստծո Խոսքն է՝ մեր ճանապարհի միակ կողմնացույցը, որը կարող է մեզ առաջնորդել և ցույց տալ կյանքի ճշմարիտ, իսկական իմաստը:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, «Հիսուսի աշակերտի առաջնահերթ խնդիրը ոչ թե արտաքուստ կատարյալ կրոնականության ձգտելն է, ոչ թե մեծ գործեր կատարելն է, այլ Հիսուսի փրկարար Խոսքի լսումն է»: Ճշմարիտ հավատքը սկսվում է այն ժամանակ, երբ մենք խոնարհաբար մեր «կյանքի նավակ» ենք ընդունում Հիսուսին, երբ լսում ենք Տիրոջ Խոսքը և թույլ տալիս, որ Նա մեզ փոխի:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց, որ քրիստոնյաները պիտի իրենց կյանքը հենց այդ Խոսքով և Հիսուսի ուսուցանած ու մարմնավորած սիրով ապրեն՝ «Ավետարանի ցանցը» համարձակորեն գցելով աշխարհի խորը ջրերը: Այդ ճանապարհին կլինեն դժվարություններ և խոչընդոտներ, հանձնվելու գայթակղություն, սակայն միշտ պետք է հետևել Պետրոս առաքյալի օրինակին, որը գիշերային անհաջող ձկնորսությունից հետո լսեց Հիսուսին, ցանցերը նորից գցեց ջուրը և արդյունքում դարձավ առատ որսի վկան:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց ինդոնեզացի կաթոլիկներին երբեք չհուսալքվել՝ խաղաղության և երկխոսության ճանապարհով քայլելիս: Չնայած պարտավորությունների և սխալների բեռին՝ միշտ պետք է նայել Հիսուսին և լիովին վստահել Նրան: Նորին Սրբությունը բարձր գնահատեց աղքատներին մատուցած Մայր Թերեզայի՝ խաղաղության և երկխոսության ջատագովի ծառայությունը. հավատացյալները պիտի հետևեն նրա օրինակին, նույնիսկ եթե ուրիշների հետ կիսվելու քիչ բան ունեն: Եկեղեցին կոչված է անխոնջ ողորմած սեր, եղբայրություն սերմանելու, համաշխարհային քաղաքակրթություն կառուցելու, առագաստները վեր բարձրացնելու և ցանցերը նետելու համար: Հենց այդպես է նա կարող իր շուրջը տարածել «հույսի բուրմունքը»՝ ավետարանական հույսը, որը երբեք չի հիասթափեցնում և բերում է անսահման ուրախություն (տես՝ Հռոմ. 5,5):

     

    Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Քահանայպետը երախտագիտություն հայտնեց տեղի Եկեղեցուն՝ հոգևորականներին և աշխարհականներին, Աստծո ժողովրդին մատուցած ծառայության համար և շնորհակալություն հայտնեց քաղաքացիական իշխանություններին և Ինդոնեզիայի ողջ ժողովրդին ջերմ ընդունելության համար.

     

    «Սիրելի եղբայրներ և քույրեր, թո՛ղ Տերը օրհնի ձեզ: Եղե՛ք ուժեղ և մնացեք խաղաղության ու եղբայրական սիրո մեջ»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց