• Միայն սերն է կյանքն իմաստավոր դարձնում

    «Արդյո՞ք  մենք ունակ ենք մեր ունեցած բարիքները սիրով և ուրախությամբ կիսել ուրիշների հետ»:


    Օգոստոսի 4-ին Սուրբ Պետրոսի հրապարակում «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ նյութական բարեկեցությունը կյանքը լիարժեք չի դարձնում, որովհետև դա կարող է անել միայն սերը, որն իր համար ոչինչ չի պահում, այլ ամեն ինչ կիսում է:

     

    Կիրակնօրյա ավետարանական ընթերցումը պատմում է Հիսուսի մասին. հացի և ձկան բազմացման հրաշքից հետո Նա կոչ է անում մարդկանց բազմությանը մտածել տեղի ունեցածի մասին և հասկանալ չլսված հրաշքի իմաստը:

     

    Մի քանի հացով և ձկներով մեծաթիվ մարդկանց կշտանալը ցույց է տալիս, որ եթե ամեն ոք առաջարկի իր ունեցած քիչը, ապա Աստծո օգնությամբ բոլորն էլ կարող են օգուտ ստանալ, ընդգծեց Նորին Սրբությունը: Սակայն ամբոխը կենտրոնացել էր միայն Հիսուսի կատարած հրաշքի վրա, որը ժամանակավորապես հագեցրեց նրանց քաղցը: Մարդիկ չհասկացան իմաստը և միայն ցանկանում էին տեսնել հրաշքի կրկնությունը՝ Հիսուսին շփոթելով ինչ-որ աճպարարի հետ: Նրանք ունեցան իրենց կյանքի կարևորագույն փորձառությունը, սակայն չհասկացան, որ հացն ու ձուկը միայն միջոցներ էին, որոնց օգնությամբ Տերը հագեցնելով նրանց քաղցը, բացահայտում էր մի շատ կարևոր բան. «Կյանքի ճանապարհը, որը հավերժ է և հացի համը, որն անսահմանորեն կշտացնում է»:

     

    Ճշմարիտ հացը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, եղել է և կա Հիսուսը՝ Աստծո սիրելի Որդին, ով մարդեղացավ. Տերն եկավ կիսելու մեր մահկանացու մարդկային էությունը, որպեսզի մեզ ցույց տա Աստծո և եղբայրների ու քույրերի հետ լիակատար շփման ուրախությունը:

     

    Նյութական բարիքները կարևոր են, սակայն դրանք չեն ապահովում լիարժեք կյանք, որովհետև դա կարող է անել միայն սերը, շարունակեց Նորին Սրբությունը: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, պետք է քայլել ողորմած սիրո ճանապարհով, որը ոչինչ չի թողնում իրեն և ամենով կիսվում է: Որպես օրինակ՝ Սրբազան Քահանայապետը մատնանշեց այն ընտանիքները, որտեղ ծնողները ձգտում են լավ դաստիարակել իրենց երեխաներին և ինչ-որ բան թողնել ապագայի համար: Հիանալի է, երբ երեխաները գնահատում են դա, շնորհակալ լինում և աջակցում միմյանց: Սակայն ցավալի է, երբ նրանք վիճում են ժառանգության համար և տարիներով չեն խոսում միմյանց հետ.

     

    «Հոր և մոր թողած ժառանգությունը փողը չէ, այլ սերն է, որով նրանք իրենց ունեցած ամեն ինչը տալիս են երեխաներին, ճիշտ այնպես, ինչպես Աստված է վարվում մեզ հետ: Հենց այդպես էլ ծնողները սովորեցնում են սիրել»:

    Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին ուշադրություն դարձնել, թե ինչպիսի վերաբերմունք նրանք ունեն նյութական հարստության նկատմամբ. արդյո՞ք  մենք ունակ ենք մեր ունեցած բարիքները սիրով և ուրախությամբ կիսել ուրիշների հետ: Պատրա՞ստ ենք «շնորհակալություն» ասել Աստծուն և մեր եղբայրներին մեր ստացած պարգևների համար:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ով Իր ողջ կյանքը նվիրել է Տիրոջը, սովորեցնի մեզ ամեն բան դարձնել սերն արտահայտելու միջոց», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց