• Աղոթենք քաղաքական առաջնորդների համար

    «Եկե՛ք աղոթենք, որպեսզի քաղաքական առաջնորդները ծառայեն իրենց ժողովրդին»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում նա մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. օգոստոս ամսվա համար: Այս անգամ Նորին Սրբությունը խնդրում է աղոթել քաղաքական առաջնորդների համար:

     

    «Այսօր քաղաքականությունը լավ համբավ չունի. կաշառակերություն, անարգություն, մեկուսացում մարդկանց առօրյա կյանքից, – ընդգծում է Սրբազան Քահանայապետը: – Սակայն կարո՞ղ ենք մենք ունենալ եղբայրական միասնություն առանց արդյունավետ քաղաքականության: Ո՛չ: Պողոս VI խոսքերի համաձայն, քաղաքականությունը մարդասիրության բարձրագույն ձևերից մեկն է, քանի որ այն ձգտում է համընդհանուր բարօրության: Ես խոսում եմ մեծատառ «Ք»-ով քաղաքականության մասին, այլ ոչ թե բանսարկու և անսկզբունք քաղաքական գործիչների մասին: Ես խոսում եմ այն քաղաքականության մասին, որը լսում է իրականությունն ու ծառայում աղքատներին, որը փակված չէ բարձրահարկ շենքերի երկար միջանցքներում: Ես խոսում եմ այն քաղաքականության մասին, որը մտահոգվում է գործազուրկներով և հասկանում, թե որքան տխուր կարող է լինել կիրակին, եթե երկուշաբթին էլ աշխատանքային օր չէ: Եթե քաղաքականությանը նայեք այդ տեսանկյունից, ապա այն ավելի ազնիվ կլինի, քան թվում է: Եկե՛ք շնորհակալություն հայտնենք այն մեծաթիվ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց պարտականությունները կատարում են ոչ թե իշխանության, այլ  ծառայության ոգով և ամեն ջանք գործադրում են համընդհանուր բարեկեցության համար», – ընդգծում է Նորին Սրբությունը և տեսաուղերձի ավարտին կոչ անում հավատացյալներին.

     

    «Եկե՛ք աղոթենք, որպեսզի քաղաքական առաջնորդները ծառայեն իրենց ժողովրդին, աշխատեն մարդկության համապարփակ զարգացման և համընդհանուր բարօրության համար, հոգ տանեն նրանց մասին, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը և առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ամենաղքատներին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց