• Իշխանությունն առանց ծառայության բռնապետություն է

    «Արդյո՞ք մենք ցանկանում ենք Տիրոջ ողորմածությամբ մտնել Աստծո Արքայություն»:


    Հունիսի 29-ին՝ Պետրոս և Պողոս առաքյալների տոնին, Մարեմեան աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Սբ. Պետրոսի բանալիների և այն իշխանության խորհրդանիշի մասին, որը Հիսուս տվել էր առաքյալին՝ ամբողջ Եկեղեցուն ծառայելու համար: Իշխանությունն առանց ծառայության բռնապետություն է, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Պետրոսի բանալիներն Աստծո Արքայության բանալիներն են: Տեր Հիսուս՝ խոսելով Արքայության մասին, այն չի համեմատում զրահով պաշտպանված կոնկրետ վայրի, այլ հացահատիկի, մարգարիտի, թաքնված գանձի, մի պտղունց խմորիչի հետ (տես՝ Մտթ. 13,1-33), այսինքն՝ ինչ-որ արժեքավոր, սակայն միևնույն ժամանակ փոքր և աննկատելի բանի հետ, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Արքայությանը հասնելու համար պետք չէ կողպեքներ բացել, այլ բավական է միայն զարգացնել այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են համբերությունը, ուշադրությունը, հաստատակամությունը, խոնարհությունը, ծառայությունը:

     

    Հետևաբար, առաքելությունը, որի կատարումն ու կյանքի կոչումը Տերը վստահել էր Պետրոսին, ոչ թե տան դռների փակումն ու պատնեշումն էր, որպեսզի միայն փոքրաթիվ ընտրված հյուրերը ներս մտնեին, այլ ընդհակառակը, պետք էր օգնել բոլորին դեպի ներս տանող ճանապարհը գտնելու և նրանց հավատարմությունը Ավետարանին ամրապնդելու համար, որովհետև Արքայության դռները բաց են բոլորի համար, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Սբ. Պետրոսն այդ առաքելությունն անձնուրաց իրականացնում է մինչև իր տանջալից նահատակությունը, սակայն սկզբում, իհարկե որոշ հոգնածությունից ու բազմաթիվ անկումներից հետո, նա զգում է այն ուրախությունն ու ազատությունը, որը Տիրոջից է, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Պետրոսը ստացավ Արքայության բանալիները ոչ թե այն պատճառով, որ կատարյալ էր, այլ որովհետև խոնարհ ու ազնիվ էր, և Երկնային Հայրը նրան ամուր հավատք էր պարգևել (տես՝ Մտթ. 16.17): Ուստի, ապավինելով Աստծո ողորմածությանը, նա կարողացավ աջակցել և զորացնել իր եղբայրներին, ինչպես պահանջվում էր իրենից» (տես՝ Ղկ. 22,32):

     

    Նորին Սրբությունը կոչ արեց ուխտավորներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք ցանկանում ենք Տիրոջ ողորմածությամբ մտնել Աստծո Արքայություն և դռները բաց պահել ուրիշների համար: Թո՞ւյլ տալիս ենք Հիսուսին և Սուրբ Հոգուն ներքնապես փոխակերպել մեզ՝ այդ առաքելությունն իրականացնելու համար:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը՝ առաքյալների Թագուհին, և սուրբ Պետրոսն ու Պողոսը իրենց աղոթքներով օգնեն մեզ լինել միմյանց առաջնորդողներ և աջակցողներ՝ Քրիստոսին հանդիպելու համար», խոհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց