• Դժբախտության և փորձության մեջ ընկնելիս՝ մենք սովորում ենք ապավինել Հիսուսի զորությանը

    «Փորձության ժամանակ մենք հիշո՞ւմ ենք Տիրոջ ներկայության և օգնության մասին»:


    «Տերը չի ազատում մեզ անհաջողություններից և դժբախտություններից, սակայն օգնում է դիմակայել դրանց և երբեք մեզ մենակ չի թողնում: Նա մեզ համարձակություն է պարգևում: Հիսուսի օգնությամբ հաղթահարելով դժվարությունները՝ մենք սովորում ենք ապավինել Նրա զորությանը, որը վեր է մեր հնարավորություններից ու պատկերացումներից», – հունիսի 23-ին՝  «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Սուրբ Պետրոսի հրապարակում դիմելով ուխտավորներին ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:

     

    Կիրակնօրյա Ավետարանը մեզ պատմում է Տիբերիադյան լճում տեղի ունեցած փոթորկի մասին: Նավակը, որի մեջ գտնվում էր Տերն Իր աշակերտների հետ միասին, կարող էր խորտակվել: «Հիսուս, Ով քնած էր այդ պահին, արթնանում է և հրամայում քամուն հանդարտվել, և բոլորը հանգիստ շունչ են քաշում», – ասաց Նորին Սրբությունն ու պարզաբանեց, որ «նախորդ երեկոյան հենց Հիսուս կարգադրեց աշակերտներին նստել նավակն ու անցնել ծովի մյուս կողմը»:

     

    Թեև առաքյալներից մի քանիսը ձկնորսներ էին, սակայն փոթորիկը շատ վախեցրեց նրանց: «Թվում է, թե Հիսուս ուզում է փորձել նրանց հաստատունությունը: Սակայն Նա նրանց մենակ չի թողնում, Նա նրանց հետ է նավակում, Նա հանգիստ է, և ավելին, քնած է: Երբ սկսվում է փոթորիկը, Իր ներկայությամբ Նա հանգստացնում է նրանց, քաջալերում, խրախուսում ավելի մեծ հավատք ունենալ և ուղեկցում է նրանց այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն եկել դժվարին իրավիճակից», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Հիսուս ցանկացավ հենց այդպես «զորացնել աշակերտների հավատքն ու խիզախությունը», ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Իսկապես, այդ դեպքից հետո նրանք ավելի խորը գիտակցեցին Հիսուսի զորությունն ու Նրա ներկայությունը իրենց մեջ, իսկ դա նշանակում է, որ նրանք ավելի ուժեղացան: Նրանք պատրաստ էին այլ խոչընդոտների ու դժվարությունների, նրանց նաև տանջում էր Ավետարանը քարոզելու և հռչակելու վախը: Տիրոջ հետ միասին հաղթահարելով այդ փորձությունը՝ հետագայում նրանք կարողացան դիմակայել շատ այլ դժվարությունների, ընդհուպ մինչև խաչ և մարտիրոսություն՝ Ավետարանը բոլոր ժողովուրդներին հռչակելու համար»:

     

    Տերն այդպես է վարվում նաև ժամանակակից քրիստոնյաների հետ, հատկապես Սուրբ Հաղորդության ժամանակ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Նա մեզ հավաքում է Իր շուրջը, պարգևում է Իր Խոսքը, սնում է Իր Մարմնով և Արյունով, այնուհետև հրավիրում է դուրս գալ բաց ծով», – Տերը ցանկանում է, որ մենք Իր Խոսքերը փոխանցենք ներկայիս և հետագա սերունդներին:

     

    «Մենք սովորում ենք համարձակորեն և մեծահոգաբար հաղթահարել անվճռականությունն ու անորոշությունը, պարփակվածությունն ու նախապաշարմունքը, որպեսզի բոլորին պատմենք, որ Երկնքի Արքայությունը կա, և այն արդեն այստեղ է։ Հիսուսի հետ միասին մենք կարող ենք նպաստել նրա աճին, եթե իհարկե հաղթահարենք բոլոր արգելքները»։

     

    Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ.

     

    «Փորձության ժամանակ մենք հիշո՞ւմ ենք Տիրոջ ներկայության և օգնության մասին: Դժբախտության ժամանակ մենք թո՞ւյլ ենք տալիս, որ խուճապն ու տագնապը մեզ խժռեն, թե՞ ապավինում ենք Հիսուսին և մխիթարություն ու հանգստություն գտնում աղոթքի, լռության, Նրա Խոսքի ունկնդրության և Նրան երկրպագելու մեջ՝ մեր ունեցած հավատքով եղբայրաբար աջակցելով միմյանց»:

     

    Ուխտավորներին առաքելական օրհնություն տալուց առաջ՝ Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը , ով խոնարհաբար և համաձակորեն ընդունեց Աստծո կամքը, դժվարին պահերին մեզ պարգևի Տիրոջն ապավինելու ունակություն՝ հոգևոր և հոգեկան հանգստության մեջ լինելու համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց