• Ավետարան կարդալը կենսական անհրաժեշտություն է

    «Ամբողջ Աստվածաշնչին ուղեկցում է Աստծո սիրո նոտան»:


    Հունիսի 12-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց Սուրբ Հոգու մասին քրիստոնեական ուսուցումները. «Սուրբ Հոգին Եկեղեցին առաջնորդում է դեպի Քրիստոս, Ով մեր հույսն է»: Խորհրդածելով արարչագործության մեջ Սուրբ Հոգու կատարած գործերի շուրջ՝ Նորին Սրբությունը խոսում է Նրա արարքների մասին Հայտնության լույսի ներքո, որոնց մասին՝ աստվածային ներշնչմամբ, վկայում են աստվածաշնչյան տեքստերը:

     

    Սուրբ Գրությունները ներշնչած Սուրբ Հոգին նաև բացատրում է դրանք և դարձնում հավերժ արդիական ու կենդանի, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Վատիկանի Երկրորդ ժողովը սովորեցնում է մեզ, որ Աստվածաշունչը՝ ներշնչված Աստծուց և գրված մեկընդմիշտ, ճշմարտացիորեն և անխախտ կերպով  փոխանցում է հենց Աստծո խոսքը: Հարություն առած Հիսուսը բացեց աշակերտների մտքերը՝ Սուրբ Գրությունները հասկանալու համար, նույնն էլ անում է Սուրբ Հոգին Եկեղեցում: Հնարավոր է, որ մեզանից շատերը զգացել են դա, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Երբեմն պատահում է, որ աստվածաշնչյան այս կամ այն հատվածը, որը բազմիցս կարդացել ենք առանց որևէ ակնհայտ հուզմունքի, մի օր ընթերցում ենք հավատքի և աղոթական մթնոլորտում: Այդ ժամանակ աստվածաշնչյան տվյալ հատվածը կարծես սկսում է խոսել մեզ հետ, լույս է սփռում խնդիրների վրա, պարզաբանում է Աստծո կամքը»:

     

    Ահա այսպիսին են Սուրբ Հոգու գործերը: Նրա շնորհիվ «Սուրբ Գրության խոսքերը լույս են ճառագում», ընդգծեց Սրբազան Քահանայապետը. այդ ժամանակ Աստծո Խոսքը կենդանանում է, դառնում ներգործող և ավելի սուր, քան «ցանկացած երկսայրի սուրը», որի մասին վկայում է Եբրայեցիներին ուղղված թուղթը: Եկեղեցու՝ Քրիստոսի Հարսնացուի սնունդը Աստվածաշունչ ընթերցելն է, որը նա կատարում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ, որովհետև «լինելով Սուրբ Գրքի տեքստերի լիազորված մեկնաբանը՝ նա նրա ճշմարիտ հռչակման միջնորդն է»։ Սուրբ Հոգուց զորանալով՝ Եկեղեցին ոգեշնչում է իր հավատացյալներին, քանի որ «ճշմարտության սյունն ու հիմքն է»: Հետևաբար, Եկեղեցու առաքելությունն է օգնել իր անդամներին և ճշմարտություն փնտրողներին ճիշտ մեկնաբանել աստվածաշնչյան տեքստերը:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ շատ կարևոր է ամեն օր ուշադրությամբ կարդալ մի փոքր հատված Աստվածաշնչից, խորհրդածել նրա շուրջ և լսել Աստծո Խոսքը.

    «Միշտ ձեր գրպանում և պայուսակում ունեցեք գրպանի Ավետարան, որպեսզի ճանապարհորդելիս կամ ազատ ժամանակ բացեք այն և մի փոքր հատված կարդաք: Դա շատ կարևոր է կյանքի համար»:

     

    Աստծո Խոսքը կարդալու տարբերակներից մեկը, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը, lectio divina-ն է, այսինքն՝ աստվածաշնչյան այս կամ այն հատվածի մեդիտացիոն ընթերցումը: Սակայն Սուրբ Գրքի հոգևոր par excellence ընթերցումը հասարակական ընթերցումն է, որը հիմնականում տեղի է ունենում Սուրբ Պատարագի ժամանակ: Քարոզը պետք է օգնի հավատացյալներին Աստծո Խոսքը կենդանացնել իրենց կյանքում, և այն պիտի լինի հակիրճ, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Քարոզը չպետք է տևի ութ րոպեից ավելի, որովհետև ժամանակի ընթացքում ուշադրությունը շեղվում է և մարդիկ ննջում են: Հենց այդպիսին պետք է լինի քարոզը, ես այն խորհուրդ եմ տալիս քահանաներին, ովքեր շատ են խոսում և անհասկանալի է, թե ինչի մասին: Հակիրճ քարոզն ունի իմաստ, զգացում և գործելու կոնկրետ կոչ»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց մի շատ կարևոր հանգամանք, որը կօգնի մարդկանց սիրել Աստծո Խոսքը. ամբողջ Աստվածաշնչին ուղեկցում է Աստծո սիրո «նոտան»: Սուրբ Գրիգոր I խոսքերի համաձայն, Սուրբ Գիրքը Ամենակարող Աստծո պատգամն է Իր արարչագործությանը, և այն նման է հարսին ուղղված փեսայի նամակին:

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն աղոթեց.

     

    «Թո՛ղ Սուրբ Հոգին օգնի մեզ, որպեսզի ճիշտ հասկանանք և ընկալենք Աստծո սերը կյանքի կոնկրետ իրավիճակներում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց