• Լինենք ազատ Հիսուսի նման

    «Ապրենք և սիրենք Աստծո զավակների ազատության մեջ»:


    Հունիսի 9-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց այն անսահման ազատության մասին, որը բնորոշ է Հիսուսի սիրուն և ծառայությանը:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը՝ Նորին Սրբությունը հիշեցրեց հետևյալը. Սբ. Մարկոսը պատմում է, որ հանրային ծառայության ժամանակ Հիսուս բախվում է երկակի արձագանքի հետ. մի կողմից հարազատները, ովքեր կարծում էին, թե Նա «խելքը կորցրել է», մյուս կողմից էլ օրենսգետները, ովքեր Նրան մեղադրում էին չար ոգու գործերի մեջ:

     

    Սակայն Տերը քարոզում և հիվանդներին բժշկում էր Սուրբ Հոգու զորությամբ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. հենց Սուրբ Հոգին Նրան դարձրեց «Աստվածայնորեն ազատ», այսինքն՝ ընդունակ անսահման սիրելու և ծառայելու՝ առանց պայմանների: Ամենից առաջ Հիսուս ազատ էր հարստության նկատմամբ որևէ կախվածությունից, դրա համար էլ Նա թողեց Իր ապահով կյանքը Նազարեթում, որպեսզի ապրեր աղքատ և անորոշություններով լի կյանքով: Նա բժշկում էր հիվանդներին և նրանց, ովքեր Նրանից օգնություն էին խնդրում, սակայն փոխարենը ոչինչ չէր պահանջում:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հիսուս ազատ էր և իշխանատենչ չէր. «Կոչ անելով հետևել Իրեն՝ Նա երբեք ոչ ոքի ոչինչ չի  պարտադրում: Նա երբեք չի փնտրում աշխարհի հզորների աջակցությունը, այլ, ընդհակառակը, Նա միշտ թույլերի կողքին է և Իր աշակերտներին սովորեցնում է նույն անել»:

     

    Վերջապես, Հիսուս ազատ է փառքի և ճանաչում գտնելու փնտրտուքներից: Դրա համար էլ Նա միշտ ճշմարտությունն էր ասում և չէր վախենում չհասկացված, բոլորի կողմից լքված լինելուց: Նրան չէր կանգնեցնում նույնիսկ այն հանգամանքը, որ Ինքը կարող է տաջամահ լինել Խաչի վրա: Այդ ամենն անտեսելով՝ Քրիստոս թույլ չի տալիս, որ որևէ մեկը կամ ինչ-որ բան Իրեն վախեցնի կամ կաշառի:

     

    Իսկ դա շատ կարևոր է նաև մեզ համար, որովհետև անդադար հաճույքներ, իշխանություն, փող և ճանաչում փնտրելով՝ մենք դառնում ենք այդ ամենի գերին:

     

    «Եթե մենք թույլ տանք, որ Աստծո անշահախնդիր սերը լիացնի մեզ և բաց անենք մեր սրտերը, եթե մենք մեր ամբողջ էությամբ կիսվենք այդ ամենով՝ առանց վախի, հաշվարկի կամ պայմանավորվածության, ապա մենք կամրապնդվենք մեր ազատությունը և մեր շուրջը կտարածենք նրա բուրմունքը»:

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց մտածել հետևյալ հարցերի շուրջ. Արդյո՞ք մենք իսկապես ազատ մարդիկ ենք, թե՞ դարձել ենք փողի, իշխանության և հաջողության փնտրտուքների գերին՝ այդ ճանապարհին կորցնելով մեր և ուրիշների հանգստությունն ու խաղաղությունը: Արդյո՞ք մենք ազատության և ճշմարտության թարմ օդ տանում ենք մեր տներ և աշխատավայրեր:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ ապրել և սիրել այնպես, ինչպես Հիսուսն է սովորեցրել մեզ՝ Աստծո զավակների ազատության մեջ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց