• Սիրո առաքինություն

    «Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարություն արե՛ք ձեզ ատողներին ու փոխ տվե՛ք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք»:


    Մայիսի 15-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը աստվածաբանական առաքինությունների վերաբերյալ և խորհրդածեց առաքինություններից մեծագույնի՝ սիրո մասին:

     

    Խորհելով քրիստոնեական սիրո մասին՝ մենք հիշում ենք Պողոս առաքյալի խոսքերը՝ Կորնթացիներին ուղղված Ա նամակում. առաքյալը խրատում է վեճերով և տարաձայնություններով լեցուն համայքին, որը շատ հեռու էր կատարյալ եղբայրական սիրուց: Պողոսը կոչ է անում խորհել այն մասին, որ իսկական սերը դրսևորվում է ոչ միայն խոսքերով, այլ նաև արարքներով, այսինքն՝ ուրիշներին խոնարհաբար ծառայությամբ, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ հնում Քրիստոսի աշակերտներն օգտագործում էին մի քանի հունարեն արտահայտություններ՝ սերը բնութագրելու համար և արդյունքում նրանք ընտրում են ἀγάπη – ագապե բառը: Քրիստոնյաներն ունակ են սիրելու աշխարհի բոլոր սերերով՝ ամուսնական, ընկերական, սեր առ հայրենիքը, սակայն կա ավելի վեհ սեր, որը բխում է Աստծուց և ուղղված է Աստծուն: Հենց այդ սերն է օգնում սիրել Տիրոջն ու ընկերանալ Նրա հետ, սիրել մերձավորին այնպես, ինչպես Բարձրյալն է սիրում նրան: Աստվածաբանական այդ առաքինությունը հանուն Քրիստոսի միավորում է մարդկանց և տանում այնպիսի տեղեր, ուր մարդն երբեք չէր համաձարկվի գնալ: Դա սերն է աղքատների և բոլոր նրանց հանդեպ, ովքեր մեզ չեն սիրում ու անշնորհակալ են, ինչպես նաև նրանց հանդեպ, ում մենք չենք սիրում: Դա անվերապահ ու լիասիրտ սեր է նրանց հանդեպ, ում ոչ ոք չի ցանկանում սիրել, և, ի վերջո, դա թշնամուն սիրելու կարողությունն է: Ողորմած սեր անունը կրող անշահախնդիր հարաբերությունը Սուրբ Հոգու ներկայությունն է մեր մեջ, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    Լեռան քարոզում Հիսուս ասում է. «Եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին: Եթե ձեր բարերարներին բարություն անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ նույնն են անում» (Ղկ. 6,32-33): Քարոզի ավարտին ասում է. «Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարություն արե՛ք ձեզ ատողներին ու փոխ տվե՛ք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք: Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև Նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ» (Ղկ. 6,35):

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, Աստվածային սերը վեր է մարդկային պատկերացումից և մեզանից համարձակություն է պահանջում։ Նման անձնուրաց սեր զգալը, ապրելը և դրսևորելը հեշտ բան չէ, սակայն դա միակ բանն է, որ մնում է մեզանից հետո, քանի որ կյանքի վերջում մենք դատվելու ենք մեր արած ողորմածության արարքներով, ընդգծեց Նորին Սրբությունը և խորհրդածությունն ավարտեց Հիսուսի խոսքերով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք» (Մթտ. 25,40):

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց