• Հայ Կաթողիկէ նուիրապետութիւնը մասնակցեց «Ընդդէմ ցեղասպանութեան հանցագործութեան» միջազգային ֆորումին

    Հայ Կաթողիկէ նուիրապետութիւնը մասնակցեց «Ընդդէմ ցեղասպանութեան հանցագործութեան» միջազգային ֆորումին


    2015թ. ապրիլի 22-23-ը Երեւանում տեղի ունեցաւ «Ընդդէմ ցեղասպանութեան հանցագործութեան» գլոբալ ֆորումը՝ կազմակերպուած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին  նուիրուած միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան ջանքերով:

     Հրաւիրուած էր եւ մասնակցում էր նաեւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ը, ում ուղեկցում էին  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, Գերհ. Հ. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեանը, Գերպ. Հ. Սեպուհ վրդ. Կարապետեանը եւ Գերպ. Հ. Մովսէս վրդ. Տոնանեանը:

     Ֆորումին ներկայ էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Եվրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագէտների միջազգային ասոցացիայի նախագահ Դանիէլ Ֆեյերստեյնը, այլ պաշտօնատար անձինք, Հայոց Ցեղասպանութեան խնդիրներով մասնագիտացած մտաւորականներ՝ հրաւիրուած տարբեր երկրներից, ովքեր հանդես եկան ուշագրաւ զեկոյցներով: Առաջին նիստի ընթացքում զեկուցումները միջազգային իրաւունքի մէջ մարդկութեան հանդէպ ոճրագործութիւնների կանխարգելման միջոցների զարգացման թեմայով էին, իսկ երկրորդ նիստի ընթացքում՝ ցեղասպանութեան հետեւանքների վերացման եւ պատասխանտւութեան խնդիրների: Այս երկու նիստերին զուգահեռ տեղի ունեցաւ միջեկեղեցական գիտաժողով՝ «Եկեղեցիներն ընդդէմ ցեղասպանութեան հանցագործութեան. Մարդկային կեանքը՝ Աստծոյ պարգեւ» թեմայով, որին եւս իր մասնակցութիւնը բերեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ը, ի թիւս 35 քրիստոնէական քոյր եկեղեցիների առաջնորդների եւ ներկայացուցիչների: Ներկայ էին նաեւ Քրիստոնէական միասնութեան աջակցման պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնութիւն կարդինալ Քուրտ Քոխը եւ Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարք կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը: Նրանք հանդէս եկան համատեղ յայտարարութեամբ (տեքստն՝ ըստ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական կայքի հրապարակման).

     

     

     

    «Աստծու ողորմությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի և Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով համախմբված Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ լուսավորված, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությամբ խնամված Հայաստան աշխարհում` Աստվածաշնչյան Արարատի երկրում, փառավորելով Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, մենք` Եկեղեցիների պետերս, Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներս,

     

    առաջնորդվելով կյանքի` Աստվածաստեղծ լինելու ու Տիրոջը պատկանելու քրիստոնեական ճշմարտությամբ և կյանքի սրբության ու անձեռնմխելիության Աստվածահաստատ պատվիրաններով (Ծննդ. 1:27, Ելից 20:13, Հովհ. 1:4),

     

    հավատալով մարդկանց միջև համերաշխության և աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված Քրիստոսի Սուրբ Եկեղեցու նվիրական առաքելությանը,

     

    վկայելով, որ Եկեղեցին կոչված է մարդկային հոգիների փրկության և երկրի վրա կյանքի պաշտպանության առաքելությանը,

    հաստատում ենք, որ կրոնական, ազգային, էթնիկական կամ ռասսայական խտրականության հիման վրա իրագործված բռնություններն ու սպանությունները չունեն արդարացում, և դրանց նկատմամբ չեն տարածվում վաղեմության ժամկետները,

     

    դատապարտում ենք խաղաղությանը ու մարդկային կյանքի անվտանգությանը սպառնացող ցեղասպանությունները և բոլոր հանցագործությունները իբրև մարդկության դեմ ուղղված չարիքի և մեղքի դրսևորում,

     

    դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների և հոգևոր ու մշակութային արժեքների և ժառանգության անդառնալի ոչնչացման,

     

    համոզված ենք, որ ապագա նման ոճրագործությունների կանխարգելման հիմնական երաշխիքներից են ցեղասպանության բոլոր հանցագործությունների ճանաչումը և դատապարտումը, ժխտողականության իսպառ մերժումը և հատուցման պահանջի ներկայացումը,

     

    մեր զորակցությունն ենք բերում ցեղասպանության ենթարկված ազգերին և վճռականորեն ենք տրամադրված պաշտպանելու մարդկային արժանապատվությունը և խաղաղությունը ժողովուրդների միջև,

     

    կոչ ենք ուղղում ազգերի առաջնորդներին, անհատներին և բարի կամքի տեր բոլոր մարդկանց միավորելու իրենց ջանքերը տառապանքից և բռնություններից զերծ արդար և ներդաշնակ աշխարհի կերտման գործում,

     

    աղոթում ենք Հայոց Ցեղասպանության նահատակների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով բոլոր զոհերի համար և հայցում Ամենակարող Աստծուն զորացնել մեզ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման մեր առաքելության ճանապարհին»:

     

     Իսկ ապրիլի 24-ին հայ կաթողիկէ նուիրապետութիւնը մասնակցեց նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում Եղեռնի զոհերի յիշատակութեան արարողութեանը:

     

    25-1 (1) 1_15 22-1b 22-2b

     

Օրացույց

Օրացույց