• Անապատի միջով Աստված մեզ տանում է դեպի ազատություն

    «Արդյո՞ք մենք ցանկանում ենք նոր աշխարհ ունենալ»:


    Մեծ Պահքի առիթով, որն այս տարի սկսվում է փետրվարի 14-ին՝ Մոխրոտ չորեքշաբթի օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հատուկ ուղերձ է հրապարակել:

     

    Հիմք ընդունելով Ելից Գրքի 20,2 խոսքը՝ Նորին Սրբությունն ընդգծում է, որ Աստված մարդկանց տանում է անապատով և ազատության ճանապարհը բացահայտում Տասը պատվիրանների միջոցով, որոնք սովորեցնում են սիրել և ազատագրում են ճնշող կապանքներից: Մեծ Պահքն օրհնության ժամանակահատված է, երբ անապատը դառնում է «առաջին սիրո վայրը» (տես՝ Օսէէ 2,16-17), սակայն, որպեսզի Քառասնորդաց պահքը պտուղներ տա, պետք է «տեսնել իրականությունը» և արթնանալ անտարբերությունից: Մենք բոլորս դեռ գտնվում ենք «փարավոնի իշխանության տակ», ով գողանում է ապագան և աղտոտում մեր երկիրն ու հոգիները, իսկ մենք ավելի շատ ձգտում ենք ստրկության, քան ազատության: Ելքի պատմությունը վկայում է, որ Աստված կարեկցում է մարդկանց և ազատում նրանց, սակայն արդյո՞ք մենք ցանկանում ենք նոր աշխարհ ունենալ, պատրա՞ստ ենք հրաժարվել անցյալի հետ փոխզիջումներից։ Հույսի պակասը խանգարում է երազելուն, հենց այդ պատճառով էլ, չնայած այն առաջընթացին ու զարգացմանը, որոնք ձեռք են բերել գիտության, տեխնոլոգիայի, մշակույթի և իրավական ոլորտներում, մենք դեռ գտնվում ենք անհավասարության և հակամարտությունների խավարում:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, Մեծ Պահքը փորձության, ապաշխարության, դարձի գալու և ազատագրվելու ժամանակահատված է. անապատում Հիսուս փորձվեց սատանայից, սակայն հաղթեց չարին: Երկրային կուռքերը, որոնք են ամբարտավանությունը, փողը, նախագծերը, սոցիալական կարգավիճակը, ավանդույթները, հակադրվում ու կաթվածահար են անում մեզ: Չեն գայթակղվում միայն «հոգով աղքատները», որովհետև նրանք օժտված են բարու զորությամբ, որն առանց ավելորդ խոսքերի բժշկում և պահպանում է խաղաղությունը: Մեծ Պահքը կոչ է անում քրիստոնյաներին մի պահ կանգ առնել, աղոթել, սրտաբաց ընդունել Աստծո Խոսքը, օգնել բոլոր նրանց, ովքեր մեր հոգածության և ուշադրության կարիքն ունեն:

     

    «Աստծո ներկայությամբ մենք դառնում ենք եղբայրներ և քույրեր, իսկ սպառնալիքների և թշնամիների փոխարեն մենք գտնում ենք ճանապարհակիցներ: Այ հենց սա է Աստծո երազանքը՝ Ավետյաց Երկիրը, որին ձգտում ենք բոլորս՝ ստրկությունից ազատվելով»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ աղոթքը, ողորմածությունը և պահքը երեք առանձին վարժություններ չեն, այլ միասնական ազատագրում կուռքերից և չար կապանքներից: Հիշեցնելով ժամանակակից հասարակության ցավոտ խնդիրների ու պատերազմների մասին՝ Սրբազան Քահանայապետը պնդում է, որ մենք հոգեվարքի մեջ չենք, այլ փոփոխությունների նոր դարաշրջանի շեմքին ենք, իսկ աշխարհն այդկերպ ընկալելու համար պահանջվում է քաջություն։ Այդ իսկ պատճառով քրիստոնեական համայնքները պետք է օգնեն հավատացյալներին վերաիմաստավորել իրենց կենսակերպը, պիտի հոգ տանեն արարչագործության մասին և նպաստեն հասարակության բարեկեցությանը:

     

    Ուղերձի ավարտին Նորին Սրբությունն ընդգծում է, որ Մեծ Պահքը ստեղծագործ վերածննդի, «նոր հույսի արշալույսի» ժամանակահատված է, երբ անհրաժեշտ է փնտրել և վտանգել, որովհետև հավատքն ու ողորմածության արարքները կօգնեն մեզ անցնել այդ ճանապարհը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց