• Հիսուս մեզ բացահայտում է սիրով ու կարեկցանքով լի Աստծուն

    «Արդյո՞ք հավատքը ոգեշնչում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում»:


    Փետրվարի 4-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց խորհրդածել, թե ո՞ր Աստծուն ենք մենք հավատում. ողորմածության Հայր Աստծո՞ւն, թե՞ չկարեկցող ու հեռավոր Աստծուն: Արդյո՞ք հավատքը ոգեշնչում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում, թե՞ մենք դրա մասին հիշում ենք միայն դժվարությունների ժամանակ: Արդյո՞ք մենք պարզապես աղոթում ենք պարտքի զգացումից ելնելով, թե՞ Տիրոջ Խոսքը քաջալերում է մեզ Աստծո մխիթարությամբ գնալ ուրիշների մոտ:

     

    Օրվա ավետարանական ընթերցումը Հիսուսին ներկայացնում է շարժման մեջ, հիշեցրեց Նորին Սրբությունը.

     

    «Տերը վերջացնելով քարոզը՝ դուրս է գալիս ժողովարանից և անմիջապես գնում Սիմոն Պետրոսի տուն, որտեղ տենդից բժշկում է նրա զոքանչին: Երեկոյան Նա նորից դուրս է գալիս և գնում քաղաքային դարպասների մոտ, որտեղ հանդիպում է մեծաթիվ հիվանդների ու դևերով բռնված մարդկանց և բշժկում նրանց: Իսկ առավոտյան Նա վաղ է վեր կենում ու մի ամայի վայրում աղոթում, և վերջապես, Նա նորից քայլում է Գալիլիայում ու դևեր հանում» (տես՝ Մկ. 1,29-39):

     

    Հիսուսի այս բոլոր տեղաշարժերը մի շատ կարևոր բան են հաղորդում Աստծո մասին և միևնույն ժամանակ օգնում մեզ խորհել մեր հավատքի մասին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ընդառաջ գնալով վիրավոր մարդկությանը՝ Տերը բացահայտում է Երկնային Հոր դիմագիծը: Հնարավոր է, որ մեր մեջ դեռ ապրում է հեռավոր ու սառը Աստծո պատկերացումը, Ով անտարբեր է մեր ճակատագրի նկատմամբ: Սակայն Ավետարանը ցույց է տալիս, որ ժողովարանում քարոզելուց հետո Հիսուս դուրս է գալիս փողոց, որպեսզի Իր Խոսքը հասնի մարդկանց, դիպչի նրանց և բժշկի: Դրանով իսկ Նա բացահայտում է, որ Աստված Իրեն մեզանից հեռու պահող տիրակալ չէ, Ով բարձրից է խոսում մեզ հետ, այլ, ընդհակառակը, Նա սիրող և հոգատար Հայր է, Ով այցելում է մեր տները, որպեսզի մեզ փրկի, ազատի և բժշկի մարմնական ու հոգևոր մի շարք չարիքներից: Աստված միշտ մեզ մոտիկ է»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց ուխտավորներին ամեն օր դիմել Աստծուն, Ում Հիսուս բացահայտում է Ավետարանում: Երբ մենք տեսնում ենք Հայր Աստծո իսկական կերպարը, մեր հավատքը մեծանում է. մենք մեզ զգում ենք քրիստոնյաներ, ովքեր կոչված են դառնալու աստվածային հույսի և բժշկումի կրողներ, լինել միսիոներներ, խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց