• Աղքատների համաշխարհային օր։ Աղքատությունը գայթակղություն է, երբ Տերը վերադառնա մեզանից հաշիվ պիտի պահանջի

    «Շրջանառության մեջ դնենք բարեգործությունը, կիսենք մեր հացը, կրկնապատկենք սերը»:


    2023թ. նոյեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորած Սուրբ Պատարագով՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նշեց իր իսկ կողմից 2016 թվականին հաստատված Աղքատների համաշխարհային յոթերորդ օրը և արարողության ժամանակ, որին  մասնակցեցին բազմաթիվ հավատացյալներ ու կարիքավորներ, Նորին Սրբությունը քարոզի առանցքը դարձրեց օրվա ավետարանական հատվածի ընթերցումը, որը «Քանքարների առակն» էր՝ Մատթեոսի Ավետարանից (Մտթ. 25,14-30)։

     

    Քանքարների առակը

     

    «Երեք մարդիկ իրենց ձեռքերի մեջ գտնում են մի մեծ հարստություն՝ ի շնորհիվ իրենց տիրոջ առատաձեռնության, ով հեռու երկիր պիտի գնար։ Շատ ժամանակ անց այդ ծառաների տերը վերադառնում է և իր մոտ կանչում նրանց՝ հույսով, որ պետք է ուրախանա այն բարիքների համար, որոնք իր ծառաները եկամտաբեր են դարձրել», ասաց Սրբազան Քահանայապետը և ընդգծեց, որ «առակը մեզ հրավիրում է կենտրոնանալ երկու ուղևորությունների վրա. Հիսուսի ու մեր կյանքի ճանապարհորդությունները»։

     

    Հիսուսի ճանապարհորդությունը

     

    Հիսուս ևս՝ հարությունից հետո հաղթելով մահվանը, «վերադառնում է իր Հոր մոտ և մեզ թողնում իր բարիքները, իսկական դրամագլուխը. «Ինքն Իրեն թողնում է Սուրբ Հաղորդության մեջ, Նա թողնում է Իր Կյանքի Խոսքը, Իր Սբ. Մորը՝ որպես մեր Մայր, և բաժանում Սուրբ Հոգու շնորհները, որպեսզի մենք կարողանանք շարունակել Իր գործը այս աշխարհում։ Այդ քանքարները բաժանված են ամեն մեկի կարողությունների համաձայն», նշում է Ավետարանը, ընդգծեց Նորին Սրբությունը և ակնարկեց Հիսուսին, Ով Ինքն Իրեն նվաստացրեց և մեզ բաժնեկից դարձրեց Աստծո բարիքներին, այնուհետև ընդունելով ծառայի կերպարանք՝ «դարձավ աղքատ, որպեսզի մենք հարստանանք Իր աստվածային կյանքով…»։

     

    Պատմության հաշվեկշիռը

     

    Առակը պատմում է, որ ծառաների տերը վերադառնում է և հաշիվ պահանջում նրանցից (տես՝ Մտթ. 25,19)։ Արդարև Հիսուսի դեպի Հայր կատարած ճանապարհորդությանը պիտի հետևի մեկ այլ ճանապարհորդություն, որը պիտի կայանա ժամանակների ավարտին, երբ Նա կվերադառնա Իր փառքով և կցանկանա հանդիպել՝ պատմության հաշվեկշիռը կատարելու և մեզ հավիտենական կյանքի փառքի մեջ առաջնորդելու համար:

     

    «Իսկ մինչ այդ մենք մեզ հարց տալո՞ւ ենք, թե ի՞նչ վիճակում կգտնի մեզ Տերը Իր վերադարձին. բաց ձեռքերով մեր ունեցածը մյուսների հետ կիսելիս, թե գոց ձեռքերով՝ մեր ունեցածը մեզ պահելու համար», ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Առակն ասում է, որ մեզանից յուրաքանչյուրը քանքար է վերցրել՝ իր կարողությունների ու կարելիությունների համաձայն… և այդ բարիքների հետ միասին Նա մեզ պարգևել է Սուրբ Հոգին, որի շնորհիվ կարող ենք մեր կյանքը նվիրել Ավետարանի վկայությանն ու կառուցել Աստծո Թագավորությունը։

     

    Մեր դրամագլուխը Տիրոջ սերն է

     

    «Մեր ձեռքերին հանձնված դրամագլուխը Տիրոջ սերն է, մեր կյանքի հիմքն ու մեր ուղևորության ուժը», ասաց Նորին Սրբությունը՝ կոչ անելով մեզ խորհել հետևյալ հարցերի շուրջ. «ի՞նչ ենք անելու այսքան մեծ պարգևը» և հղում կատարելով առակին նշեց, թե ինչպես են առաջին երկու ծառաները քանքարը կրկնապատկել, իսկ երրորդը՝ վախից մղված, այն պահել է գետնի տակ։

     

    «Մենք էլ կարող ենք կրկնապատկել այն, ինչը ստացել ենք՝ մեր կյանքը դարձնելով ուրիշների սիրո պարգև կամ վախից մղված՝ գետնի տակ պահելով գանձը, որն ընդունեցինք մտածելով միայն մեր հանգստության մասին՝ առանց որևէ հանձնառումի», ասաց Սրբազան Քահանայապետը և հավելեց, որ «Աղքատների համաշխարհային օրվա առիթով նրանց նվիրված քանքարների այս առակը մի նախազգուշացում է, որպեսզի ստուգենք, թե ի՞նչ հոգով ենք դիմագրավում մեր կյանքի ճանապարհորդությանը։

     

    Կոչում պարգև դառնալու ուիրշների համար

     

    Մենք ընդունեցինք Տիրոջ սիրո պարգևը և կոչված ենք կարգին պարգև դառնալու ուրիշների համար։ Առակը մեզ ասում է, որ եթե չբազմապատկենք մեր շուրջը գտնվող սերը, ապա կյանքը կմարի խավարի մեջ, եթե մենք շրջանառության մեջ չդնենք ընկալված քանքարները, ապա կյանքը կթաղվի։

    Հետևաբար, մտաբերենք այս աշխարհի բազմաթիվ նյութական, մշակութային ու հոգևոր աղքատությունները, մտածենք մեր քաղաքներում ապրող վիրավոր գոյությունների, անտեսանելի դարձած աղքատների մասին, որոնց ցավի ճիչը խեղդված է՝ զբաղված ու ցրված հասարակության համընդհանուր անտարբերության պատճառով։ Մտածենք նրանց մասին, ովքեր ճնշված են, հոգնած, լուսանցքային դարձած, հիշենք պատերազմի զոհերին և նրանց, ովքեր՝ իրենց կյանքը վտանգելով, հեռացել են իրենց հայրենիքից, նրանց, ովքեր չունեն հաց աշխատանք և հույս։ Ավետարանի պատգամը հստակ նշում է, որ «Չպետք է թաղենք Տիրոջ բարիքները։ Շրջանառության մեջ դնենք բարեգործությունը, կիսենք մեր հացը, կրկնապատկենք սերը։ Աղքատությունը գայթակղություն է, երբ Տերը վերադառնա մեզանից հաշիվ պիտի պահանջի և Սուրբ Ամպոճոյի համաձայն մեզի պիտի հարցնի. «ի՞նչու թույլ տվեցիք, որ այսքան աղքատները մեռնեին….»», ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Աղոթենք պտղաբեր սիրո համար

     

    Քարոզի ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց աղոթել, «որպեսզի յուրաքանչյուրս՝ իր ստացած պարգևի ու իրեն վստահված առաքելությանը համապատասխան, հանձնառու լինի «ողորմությունը պտղաբերելու» և աղքատներին մոտ լինելուն»։

     

    «Աղոթենք, որպեսզի մենք էլ մեր ճանապարհորդության ավարտին՝  մեր եղբայրների ու քույրերի մեջ Քրիստոսին ընդունելուց հետո, որոնց հետ Նա նույնացավ (տես՝ Մտթ. 25,40), լսենք, որ Հիսուս մեզ ասում է. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ […] Մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (տես՝ Մտթ. 25,21)։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց