• Հավատքը կյանքից առանձնացնելը մտագարություն է

    «Արդյո՞ք հիշում ենք, որ պատկանում ենք Տիրոջը, թե՞ ենթարկվում ենք աշխարհի տրամաբանությանը՝ աշխատանքը, քաղաքականությունն ու փողը դարձնելով մեր երկրպագության կուռքերը»:


    Հոկտեմբերի 22-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց մի հատված Մատթեոսի Ավետարանից, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են փարիսեցիները փորձում Հիսուսին (Մտթ. 22, 15-21): «Արդ, ասա՛ մեզ, ինչպե՞ս է քեզ թվում, պե՞տք է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ» – հարցրեցին նրանք Հիսուսին:

     

    Սա ծուղակ է, պարզաբանեց Նորին Սրբությունը, քանզի եթե Հիսուսն ասի, որ հարկն օրինական է, ապա այդ քայլով Նա կկանգնի քաղաքական ուժի կողմը, որին չի աջակցում ժողովուրդը, իսկ եթե ասի, որ պետք չէ վճարել, ապա Նրան կարող են մեղադրել կայսրության դեմ ապստամբության մեջ։ Սակայն Նա խուսափում է այդ ծուղակից և խնդրում Իրեն ցույց տալ կայսրի պատկերով հարկի դահեկան ու ասում. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մտթ. 22, 21).

     

    Հիսուսի այս խոսքերը շատ են գործածվում, դրանք սովորաբար մեջբերվում են Եկեղեցու և պետության, քրիստոնյաների և քաղաքականության փոխհարաբերությունների վերաբերյալ քննարկումներում, սակայն սխալ են մեկնաբանվում՝ կարծելով, որ Հիսուս ցանկացել է «կայսրինը» առանձնացնել «Աստծուց», այսինքն՝ երկրային իրականությունը հոգևոր իրականությունից, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. «Երբեմն մենք մտածում ենք, որ հավատքը ոչ մի կապ չունի առօրյա իրականության և գործնական կյանքի հետ: Սակայն դա այդպես չէ: Մտածել, որ հավատքը ոչ մի կապ չունի իրական կյաքնի, հասարակության մարտահրավերների, հասարակական արդարության, քաղաքականության և այլնի հետ պարզապես մտագարություն է:

     

    Իրականում, Հիսուս ցանկանում է օգնել մեզ, որպեսզի կայսրին և Աստծուն տեսնենք իրենց կարևորության մեջ, շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Կայսրը պետք է հոգ տանի երկրային կարգ ու կանոնի մասին, այսինքն՝ քաղաքականության, քաղաքացիական ինստիտուտների, սոցիալական և տնտեսական գործընթացների մասին, իսկ մենք՝ այս իրականության մեջ ապրողներս, պետք է մեր ներդրումն ունենանք՝ որպես պատասխանատու քաղաքացիներ՝ հոգ տանելով այն ամենի մասին, ինչը մեզ է վստահված: Սակայն միևնույն ժամանակ Հիսուս հաստատում է մի հիմնարար ճշմարտություն, որ, առանց բացառության, ամեն մարդ պատկանում է Աստծուն։ Իսկ դա նշանակում է, որ մենք չենք պատկանում որևէ երկրային իշխանության, որևէ հերթական «կայսրի»։ Մենք պատկանում ենք Տիրոջը և չպետք է լինենք երկրային որևէ իշխանության գերիները: Մետաղադրամի վրա պատկերված է կայսրը, սակայն Հիսուս հիշեցնում է մեզ, որ մեր կյանքում դրոշմված է Աստծո պատկերը, որը ոչինչ և ոչ ոք չի կարող խավարել: Երկրային բարիքները կայսրինն են, սակայն մարդն ու աշխարհը Աստծունն են: Եկե՛ ք չմոռանանք սա»։

     

    Այսպիսով, Հիսուս մեզ վերադարձնում է մեր ակունքներին: Դա հասկանալու համար, եկե՛ք պատասխանենք հետևյալ հարցին, շարունակեց Սրբազան Քահանայապետը. մետաղադրամի վրա պատկերված է կայսրը, սակայն ի՞նչ պատկեր ենք մենք կրում մեր մեջ։ Արդյո՞ք հիշում ենք, որ պատկանում ենք Տիրոջը, թե՞ ենթարկվում ենք աշխարհի տրամաբանությանը՝ աշխատանքը, քաղաքականությունն ու փողը դարձնելով մեր երկրպագության կուռքերը:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի ճանաչենք ու հարգենք մեր և ամեն մի մարդու արժանապատվությունը», խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց