• Սուրբ Երկիր. Միջին Արևելքի Կաթողիկէ պատրիարքները խնդրում են աղոթել և գործի դնել ՄԱԿ-ի բանաձևերը

    «Պետք է գործի դնել ՄԱԿ-ի կողմից որդեգրված միջազգային բանաձևերը և ժողովուրդների արժանապատվությունն ու նրանց ինքնորոշման իրավունքը ճանաչող որոշումները»:


    Միջին Արևելքի Կաթողիկէ Պատրիարքներն իրենց Եկեղեցիների զավակներից խնդրում են «խտացնել աղոթքները», մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին աղերսելու խաղաղություն այն երկրի համար, որտեղ Նա ծնվել է: Նրանք միաժամանակ հզոր պետություններին ու միջազգային հասարակությանն են հրավիրում աշխատելու, որպեսզի վերջ դրվի պատերազմին Սուրբ Երկրի մեջ՝ ի գործ դնելով ՄԱԿ-ի կողմից որդեգրված բանաձևերը, ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

     

    Միջին Արևելքում ներկա գտնվող Կաթողիկէ Հինգ Եկեղեցիների պետերը, որոնք Հռոմում եմ Եպիսկոպոսների սինհոդոսին մասնակցելու համար, 2023թ. հոկտեմբեր 11-ին հանդիպում ունեցան Մարոնիների Քահանայապետական Վարժարանում և միասին կիսվեցին տեղեկություններով, նկատառումներով և հովվական ցուցմունքներով:

     

    Հավաքին ներկա էին Ասորի Կաթողիկէ Իգնատիոս Եուսեֆ Եունանը, Մարոնիների Պատրիարք Կարդինալ Պշարա Պութրոս Ռային, Քաղդեացիների Պատրիարք` Լուիս Ռաֆայել Սարգիսը, Ղպտիների Պատրիարք Իբրահիմ Իսահակ Սիտրաքը և Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք` Ռաֆայել Պետրոս ԻԱ։

     

    Կաթողիկէ Եկեղեցու Պետերը յուրացնելով Ֆրանցիսկոս Պապի կոչն ու խոսքերը Սուրբ Երկրի նկատմամբ, իրենց մոտիկությունն արտահայտեցին զոհերի ընտանիքներին ու բոլոր նրանց, ովքեր այս պահին ապրում են սարսափ ու ցավ։

     

    Նրանք իրենց հասարակությունների անդամներին խնդրեցին «խտացնել աղոթքները Հիսուս Քրիստոսին, Խաղաղության Իշխանին, իր մոր` խաղաղության Թագուհի Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությամբ, որպեսզի խաղաղությունը վերահաստատվի այն վայրում, որտեղ Ինքն ուզեց ծնվել»։

     

    Պատրիարքները միաժամանակ կոչ ուղղեցին «մեծ տերություններին» և միջազգային հանրությանը՝ հրավիրելով «միասնաբար աշխատել այս ավերիչ պատերազմին վերջ դնելու համար և հաստատելու արդար ու մնայուն խաղաղություն, որին վաղուց են ձգտում մեր ժողովուրդները՝ գործի դնելով նաև ՄԱԿ-ի կողմից որդեգրված միջազգային բանաձևերը և ժողովուրդների արժանապատվությունն ու նրանց ինքնորոշման իրավունքը ճանաչող որոշումները»:

     

    Իր հերթին Լատինների Պատրիարք Կարդինալ Փիերպաթթիսթա Փիցցապալլան Սուրբ Երկրի Կաթողիկէ բոլոր վիճակավորների անունից՝ Սուրբ Երկրի կաթողիկէ կրոնական հաստատություններին ու ժողովրդապետություններին հրավիրեց ծոմապահության ու աղոթքի՝ խաղաղության և հաշտության համար։

     

    «Խնդրում ենք, որ հոկտեմբերի 17-ին բոլորն ապրեն ծոմապահության և աղոթքի օր», գրեց Կարդինալ Փիցցապալլան հրավիրելով նաև այդ օրը կազմակերպել աղոթքի և Սուրբ Հաղորդության Երկրպագության, ինչպես նաև Սուրբ Վարդարանի ջերմեռանդական աղոթքի պահեր։

     

    Թեև, ընդգծեց նա, շատ վայրերում հասկանալի պատճառներով համախմբում կարող է չլինել, սակայն կարելի է ընտանիքներում և կրոնական հասարակություններում խաղաղության դիտավորությամբ միասնական պարզ աղոթքներ կարդալ։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց