• Մոտ լինենք ամեն մի մարդու և յուրաքանչյուր մշակույթի

    «Միայն պատկերացրեք, թե բարության քանի սերմեր են բողբոջում աշխարհի այգում, մինչդեռ մենք սովորաբար լսում ենք միայն ընկնող ծառերի ճայթունը»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում սեպտեմբերի 6-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ խոսեց Մոնղոլիա կատարած իր առաքելական վերջին՝ 43-րդ միջազգային այցի մասին:

     

    Ելույթի սկզբում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Մոնղոլիայի քաղաքացիական և եկեղեցական իշխանություններին՝ ջերմ հյուրընկալության համար և պատմեց այս ճանապարհորդության խորհրդի մասին.

     

    «Ինչ-որ մեկը կարող է հարցնել, թե ինչո՞ւ Սրբազան Քահանայապետն  այդքան հեռու ճանապարհորդեց՝ հավատացյալների մի փոքր հոտի այցելելու համար: Որովհետև հենց այնտեղ, բոլորի ուշադրությունից հեռու, հաճախ կան Աստծո ներկայության նշաններ, Ով նայում է ոչ թե արտաքին տեսքին, այլ սրտին»:

     

    Տերն ընդառաջ է գնում բոլոր նրանց, ովքեր սիրով փնտրում են Իրեն՝ առանց շուրջբոլորը աղմուկ բարձրացնելու և վեհանալու, ընդգծեց Նորին Սրբությունը՝ նշելով, որ Մոնղոլիայում Եկեղեցին խոնարհ ու կենսուրախ էր: Այդ համայնքը ձևավորվել է Աստծո ողորմածությամբ և միսիոներների առաքելական եռանդի շնորհիվ, ովքեր մոտ երեսուն տարի առաջ ժամանել են այս երկիր: Նրանք սովորել են մոնղոլերեն լեզուն և, չնայած բոլորը աշխարհի տարբեր երկրներից էին, սակայն կարողացել են ստեղծել միասնական կաթողիկէ համայնք՝ ճիշտ ընկալելով այդ ժողովրդի մշակույթը: Հենց դա էլ արտահայտում է «կաթողիկէ» բառի իմաստը, որը նշանակում է «տիեզերական», «ընդհանրական», ընդգծեց Սրբազան Քահանայապետը. տիեզերականությունը չի ջնջում տարբերությունները, այլ ամբողջությամբ խորասուզվում է մշակույթի մեջ: «Կաթողիկէությունը մարմնավորված տիեզերականություն է», որը միշտ իր կողքին տեսնում է բարություն և ծառայում է այն մարդկանց, ում հետ ապրում է։

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այցի ավարտին հանդիսավորությամբ բացել և օրհնել է «Գթասրտության տունը»՝ Մոնղոլիայում Կաթողիկէ Եկեղեցու առաջին բարեգործական հաստատությունը։ Սրբազան Քահանայապետն իր երախտագիտությունը հայտնեց Ուլան Բատորում միջկրոնական և էկումենիկ հանդիպման համար. շատ կարևոր է տեսնել և ընդունել բարությունը, քանի որ շատ հաճախ մարդիկ գնահատում են ուրիշներին միայն այնքանով, որքանով նրանք համապատասխանում են իրենց սեփական գաղափարներին։

     

    «Մոնղոլիայի հինավուրց բուդդայական ավանդույթի համաձայն՝ բազմաթիվ մարդիկ իրենց հոգևոր հավատքը անկեղծորեն ապրում են լռության մեջ՝ սեփական կրքերի դեմ պայքարելով և անձնվիրումի միջոցով: Միայն պատկերացրեք, թե բարության քանի սերմեր են բողբոջում աշխարհի այգում, մինչդեռ մենք սովորաբար լսում ենք միայն ընկնող ծառերի ճայթունը: Մարդիկ սիրում են աղմուկ բարձրացնել, և մենք նույնպես. «Միայն նայեք այս բարբարոսությանը. ծառն ընկավ և այն էլ ինչպիսի որոտով»:  «Սակայն արդյո՞ք դուք չեք տեսնում, որ անտառն ամեն օր աճում ու ծաղկում է», – աճն ու ծաղկումը տեղի է ունենում լռության մեջ»։

     

    Նորին Սրբությունը ցանկացավ, որ մոնղոլական համայնքը ոգեշնչի հավատացյալներին ընդլայնելու իրենց աշխարհայացքը՝ այլ մարդկանց մեջ միշտ բարին տեսնելու, «ամեն մի մարդու և յուրաքանչյուր մշակույթի մոտ լինելու համար»:

     

    Ընդհանուր ունկնդրության ավարտին Սրբազան Քահանայապետը հիշեցրեց ուխտավորներին, որ շուտով Եկեղեցին տոնելու է Սուրբ Կույս Մարիամի Ծնունդը և մաղթեց, որ այդ տոնական պատարագը միշտ քաջալերի նրանց գնալ Տիրոջ այն ճանապարհներով, որոնցով քայլել է Քրիստոսի Մայրը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց