• Վախեցեք ձեր կյանքը գեհենի մեջ գցելուց

    «Ինչի՞ց ենք մենք վախենում»:


    «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց խորհրդածել, թե ինչից ենք մենք վախենում. նպատակներին չհասնելու վախի՞ց, որոնք պարտադրում է հասարակությունը, ուրիշների կողմից դատապարտվելու՞, թե՞ Տիրոջը չգոհացնելու և Նրա Ավետարանն առաջին տեղում չդնելու վախից:

     

    Օրվա ավետարանական ընթերցման մեջ Հիսուս երեք անգամ կրկնում է աշակերտներին. «Մի՛ վախեցեք» (Մտթ. 10, 26.28.31): Իսկ մինչ այդ Նա խոսում էր հալածանքների մասին, որոնց պետք է դիմակայել հանուն Ավետարանի, քանի որ Եկեղեցին տեսել է ոչ միայն բերկրություն, այլ նաև մեծաթիվ հալածանքներ:

     

    «Այս ամենը պարադոքսալ է թվում, քանզի նույնիսկ Աստծո Թագավորության հռչակումը, այսինքն՝ խաղաղության և արդարության լուրի ավետումը, որի հիմքում եղբայրական սերն ու ներողամտությունն է, հանդիպում է դիմադրության, բռնության, հալածանքի: Սակայն Հիսուսը մեզ ասում է մի՛ վախեցեք, ոչ թե այն պատճառով, որ աշխարհում ամեն ինչ լավ է լինելու, ո՛չ, այլ որովհետև մենք թանկ ենք Հոր համար: Դրա համար էլ Նա ասում է, որ վախը չպետք է խանգարի մեզ և մենք պետք է այլ բանից վախենանք: Ինչի՞ց մենք պետք է վախենանք: Հիսուս ասում է, որ մենք պետք է վախենանք «Գեհենից» (Մտթ. 10,28): «Գեհենի» հովիտը Երուսաղեմի բնակիչներին լավ ծանոթ մի վայր էր, քանի որ դա քաղաքի մեծ աղբանոցն էր։ Հիսուսը հիշատակում է դրա մասին, որպեսզի մեզ ասի, որ իրական վախը պետք է լինի մեր կյանքն աղբարկղ նետելու վախը: Հիսուսն ասում է. «Այո դրանից վախեցե՛ք»: Հիսուսը մեզ ցանկանում է ասել, որ Ավետարանին հավատարիմ մնալու համար չպետք է վախենալ չհասկացված լինելուց, քննադատությունից և հեղինակության կորստից, այլ պետք է վախենալ այն բանից, որ մարդն իր կյանքը կվատնի մանրուքների հետևից ընկնելով, որոնք կյանքն իմաստով չեն լցնում »:

     

    Դա շատ կարևոր է մեզ համար, ընդգծեց Նորին Սրբությունը՝ պարզաբանելով, որ այսօր նույնպես կարելի է ծաղրի կամ խտրականության ենթարկվել, եթե չես հետևում ընդունված վարքագծի նորմերին, երբ իրերն ավելի կարևոր են, քան մարդիկ: «Եկե՛ք քննարկենք մի քանի օրինակներ», – ասաց Սրբազան Քահանայապետը: Ծնողները պետք է աշխատեն ընտանիքը պահելու համար, սակայն նրանք չեն կարող ապրել միայն հանուն աշխատանքի, որովհետև նրանց ժամանակ է պետք երեխաների հետ լինելու և շփվելու համար։ Քահանաները պետք է նվիրված լինեն իրենց ծառայությանը, սակայն չպետք է մոռանան ժամանակ հատկացնել Հիսուսի հետ ընկերակցությանը, այլապես նրանք կընկնեն աշխարհիկ ունայնության մեջ և կկորցնեն իրենց ով լինելու գիտակցումը:

     

    Անհրաժեշտ է հրաժարվել արդյունավետության և սպառողականության կուռքերից, որպեսզի չմոլորվենք այն իրերի մեջ, որոնք հետո դեն են նետվում, ինչպես դա արվում էր Գեհենում, շարունակեց Նորին Սրբությունը: Այսօրվա գեհենում հաճախ հայտնվում են մարդկիկ, որոնց վերաբերվում են որպես վերամշակված նյութի և աղբի:

     

    Արժեքավոր ու կարևոր բաներին հավատարիմ մնալը շատ ջանքեր է պահանջում, քանի որ պետք է շարժվել հոսանքին հակառակ, ազատվել համընդհանուր պայմանական մտածողությունից, հեռու մնալ բոլոր նրանցից, ովքեր հոսանքին համընթաց են առաջ գնում: Սակայն Հիսուսն ասում է, որ առավել կարևոր է գեհենի մեջ չգցել ամենամեծ բարիքն ու օրհնությունը՝ կյանքը: Մենք միայն սրանից պետք է վախենանք:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց. «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ինչի՞ց ենք վախենում։ Չունենա՞լ այն, ինչ սիրում ենք: Հասարակության պարտադրած նպատակներին չհասնելու՞ց և դատապարտվելու՞ց: Թե՞ վախենում ենք Տիրոջը չգոհացնելուց և Նրա Ավետարանն առաջին տեղում չդնելուց: Իմաստուն Սուրբ Կույս Մարիամ, օգնի՛ր մեզ լինել ողջամիտ և խիզախ այն առաջնահերթությունների մեջ, որոնք մենք ենք սահմանում մեզ համար»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց