• Հունիս ամսին Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել խոշտանգումների վերացման դիտավորությամբ

    «Ինչպե՞ս կարող է մարդ այդքան դաժան լինել»:


    Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանում է 2023թ. հունիս ամսվա աղոթական դիտավորությունը. վերացնել խոշտանգումները:

     

    Տեսաուղերձում Նորին Սրբությունը սրտի մեծ ցավով հիշեցնում է, որ մարդկանց խոշտանգումների պրակտիկան չի մնացել անցյալի պատմության էջերում, այլ շարունակում է մնալ այսօրվա իրականության մի մասը։

     

    «Ինչպե՞ս կարող է մարդ այդքան դաժան լինել: Կան խոշտանգումների սարսափելի մեթոդներ, երբ մարդը մարդու հանդեպ դրսևորում է նվաստացուցիչ վերաբերմունք, էմոցիոնալ ճնշում կամ զանգվածային կալանք անտանելի պայմաններում, որոնք զրկում են մարդուն արժանապատվությունից: Բայց սրանում ոչ մի նոր բան չկա,- ընդգծում է Սրբազան Քահանայապետը,- հիշենք, թե ինչպես չարչարեցին ու խաչեցին հենց Հիսուս Քրիստոսին»։

     

    Նորին Սրբությունը խստորեն կոչ է անում դադարեցնել խոշտանգումների սարսափը, քանի որ մարդկային արժանապատվությունը պետք է վեր լինի ամեն ինչից։ Հակառակ դեպքում զոհերը կհամարվեն ոչ թե մարդիկ, այլ «իրեր», ինչը նշանակում է, որ նրանք կարող են «ենթարկվել չափից ավելի բռնության, որն էլ կհանգեցնի մահվան կամ կյանքի համար անդառնալի հոգեբանական և ֆիզիկական վտանգավոր հետևանքներ կունենա»,- ընդգծում է Սրբազան Քահանայապետը.

     

    «Եկե՛ք աղոթենք, որպեսզի միջազգային հանրությունը ստանձնի կոնկրետ պարտավորություններ խոշտանգումները արմատախիլ անելու համար՝ երաշխավորելով աջակցություն զոհերին և նրանց ընտանիքներին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց