• Քահանայապետը փոխեց Վատիկան Պետության «Սահմանադրությունը»

    Սրբազան Քահանայապետը «մեր օրերի կարիքներին արձագանքելու» և Սուրբ Աթոռի ու Վատիկան Պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները ի գործ դնելու համար հրատարակեց նոր հիմնարար մի օրենք, որը փոխարինում է 2000թ. օրենքին: Այս նոր սահմանադրությամբ ընդլայնվում է Քահանայապետական Հանձնաժողովը, որն այժմ կազմված կլինի ոչ միայն կարդինալներից, այլ նաև կարող են անդամակցել աշխարհական տղամարդիկ և կանայք։


    «Մերօրյա կարիքներին համապատասխանելու» և Առաքելական Աթոռի ստանձնած միջազգային պարտավորությունները «գործնական» դարձնելու համար Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մայիսի 13-ին՝ Ֆաթիմայի Տիրամոր տոնին, հրատարակեց Վատիկան Պետության նոր հիմնարար Օրենքը, որով բարեփոխեց Վատիկան Պետության «սահմանադրությունը» և փոխեց 2000թ. նոյեմբերի 26-ի Սուրբ Հովհաննես Պողոս Բ թողարկած սահմանադրությունը, ով իր հերթին 1929թ. հունիսի 7-ին բարեփոխել էր Պիոս ԺԱ Քահանայապետի կողմից հաստատված օրենսդրությունը։

     

    Այսօրվա օրենքի համարագիրը, որը բաղկացած է 24 հոդվածներից և ուժի մեջ կմտնի առաջիկա հունիսի 7-ին, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Քահանայապետության տասը տարիների ընթացքում ներմուծած բազմաթիվ բարեփոխումների մասն է կազմում։ Այն իսկապես «ստանձնում և լրացնում է» արդեն իսկ թողարկված կարգավորիչ թարմացումները:

     

    Նոր Սահմանադրություն

     

    Նոր սահմանադրությամբ Սրբազան Պապը վերահաստատում է «Քահանայապետի կառավարման լիազորությունների ամբողջականությունը», որոնք ներառում են «օրենսդիր, գործադիր և դատական ​​իշխանությունները»։ Վերահաստատվում են նաև «Վատիկանի իրավական համակարգի եզակի առանձնահատկությունն ու ինքնավարությունը», որը տարբերվում է Հռոմեական Կուրիայից: Վերահաստատվում է նաև Պետության իրավասությունը արտատարածքային տարածքների վրա, որպես հիմք ունենալով «Լատերանի պայմանագիրը»՝ համաձայն սահմանադրության և միջազգային իրավունքի։

     

    Վատիկան Պետության Քահանայապետական Հանձնաժողովը

     

    Նոր Սահմանադրությամբ Քահանայապետը հաստատում է Վատիկան Պետության Քահանայապետական Հանձնաժողովի օրենսդրական գործառույթը, որին մինչ օրս մաս էին կազմում միայն կարդինալները։ Նոր օրենքով նրա մաս կարող են կազմել նաև Քահանայապետի կողմից նշանակված աշխարհական անդամները։

     

    Շատ կարևոր նորություն կա բյուջեի, նախահաշիվի ու վերջնական հաշվեկշիռի վերաբերյալ, որն ամեն տարի քննարկվում է  Քահանայապետական Հանձնաժողովի կողմից։ Այդ նույն հանձնաժողովը կարող է նաև քննարկել եռամյա ֆինանսական ծրագիրը՝ այդ փաստաթղթերը ուղղակիորեն ներկայացնելով Քահանայապետին, ով էլ կարող է դրանք վավերացնել։ Հաշվեկշիռը պետք է ապահովի եկամուտների և ծախսերի «հավասարակշռությունը» և ոգեշնչվի «հստակության, թափանցիկության և արդարության սկզբունքներով»։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց