• Խնդրենք շնորհ ուրիշներին բարություն անելու համար

    «Արդյո՞ք մենք վկայում ենք Հիսուսի սիրո և ողորմածության մասին»:


    «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց ավետարանական մի դրվագի շուրջ, երբ բժշկվում է ի ծնե կույրը (Հվհ. 9,1-41), ընդգծելով, որ ականատեսները տարբեր կերպ են արձագանքում այդ հրաշքին։

     

    Հանդիպելով ի ծնե կույր մի մարդու՝ Հիսուսի աշակերտները հարցնում են Նրան, թե ո՞վ է մեղավոր, որ այս մարդը կույր է ծնվել՝ նրա ծնողնե՞րը, թե՞ հենց ինքը (տես՝ Հվհ. 9,2): «Նրանք փնտրում են մեղավորին: Մենք նույնպես մեզ հաճախ նման կերպ ենք պահում, քանի որ ավելի հարմար է փնտրել մեղավորին, քան մտածել, թե ի՞նչ է մեզ համար նշանակում այդ մարդու ներկայությունը, ի՞նչ է նա խնդրում մեզանից», – ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Բժշկումից հետո քննադատությունները շատանում են, հատկապես թերահավատ են կույրի հարևանները. «Այս մարդը միշտ կույր է եղել, անհնար է, որ հիմա նա տեսնի, սա ինքը չէ, այլ մեկ ուրիշն է» (տես՝ Հվհ. 9, 8-9): Նրանց համար դա անընդունելի էր, քանզի ավելի լավ էր, որ այդ մարդը կույր մնար (տես՝ Հվհ. 9,16) և նրանք չխորանային այդ խնդրի մեջ։ Մարդիկ վախենում են, նրանց վախեցնում է կրոնական հիերարխիան և նրանք չեն բարձրաձայնում (տես՝ Հվհ. 9,18-21):

     

    Հիսուսի կատարած հրաշքի արձագանքները տարբեր են մի քանի պատճառներով. ինչ-որ մեկը փնտրում է մեղավորին, ինչ-որ մեկը պարզապես զարմանալ չգիտի, ինչ-որ մեկը վախենում է և ուզում, որ ամեն ինչ անփոփոխ մնա, սակայն բոլորին միավորում է սրտի կուրությունը։ «Այսօր ևս քիչ չեն նման իրավիճակները», – շարունակեց Սրբազան Քահանայապեը, երբ հանդիպում ենք մի բանի, որն իրականում Հիսուսի ուղերձն է, սակայն մենք այլ բացատրություն ենք փնտրում, մենք չենք ուզում փոխվել, մենք մեզ հարմար լուծում ենք փնտրում՝ ակնհայտ ճշմարտությունն ընդունելու փոխարեն:

     

    Այս ամենին միակ ճիշտ արձագանքողը կույրն է, ասաց Նորին Սրբությունը, նա երջանիկ է, որովհետև հիմա տեսնում է և կատարվածի մասին վկայում է ամենապարզ ձևով. «Ես կույր էի, իսկ հիմա տեսնում եմ» (տես՝ Հվհ. 9,25): Նա ասում է ճշմարտությունը:  Նախկինում նա ստիպված էր մուրացկանություն անել և տառապում էր մարդկանց նախապաշարմունքներից, ովքեր վստահ էին, որ «նա ի ծնե աղքատ և կույր է, նա պետք է տառապի և վճարի իր կամ իր նախնիների մեղքերի համար»: Սակայն հիմա նա ազատ է մարմնով և հոգով, նա վկայում է Հիսուսի մասին. բժկվածը ոչինչ չի հորինում և թաքցնում: «Ես կույր էի, իսկ հիմա տեսնում եմ»: Նա չի վախենում, թե ուրիշներն ինչ կասեն՝ ճաշակելով մերժման դառը համը, նա իր ամբողջ կյանքում զգացել է անցորդների անտարբերությունն ու արհամարհանքը, ովքեր իրեն հասարակության մնացորդ էին համարում: Սակայն հիմա նա այլևս չի վախենում այս արհամարհական հայացքներից, որովհետև Տերը նրան լիարժեք արժանապատվություն է տվել։

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին իրենց դնել ավետարանական այս դրվագի հերոսների տեղը և մտածել, թե նրանք ինչպես կարձագանքեին այն ժամանակ և ինչ կանեին այսօր։ Արդյո՞ք մենք կարողանում ենք տեսնել և երախտապարտ լինել Տիրոջ պարգևների համար: Արդյո՞ք մենք վկայում ենք Հիսուսի սիրո և ողորմածության մասին, թե՞ քննադատում ենք մեր վախերի և թուլությունների պատճառով: Արդյո՞ք մենք կիսում ենք մեր ուրախությունն ուրիշների հետ այն պարգևների համար, որ ամեն օր Աստված է մեզ տալիս, թե՞ մենք չենք արձագանքում՝ այն պահելով մեր ներսում՝ մեր սեփական  վախերի վանդակում: Արդյո՞ք մենք ուրիշների ֆիզիկական կամ սոցիալական սահմանափակումներն ընկալում ենք որպես խոչընդոտ, թե՞ որպես պատրվակ՝ նրանց մխիթարելու և սիրալիր վերաբերմունք ցուցաբերելու համար:

     

    «Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք այսօր աղոթենք շնորհի համար, որպեսզի ամեն օր հիանանք Աստծո պարգևներով և նույնիսկ կյանքի ամենադժվարին հանգամանքներում բարություն անենք այնպես, ինչպես Հիսուսն արեց կույրի հետ: Թո՛ղ այս բանում մեզ օգնի Սուրբ Կույս Մարիամը՝ բարեպաշտ ու հավատարիմ Հովսեփի հետ մասին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց