• Ճանաչենք Տիրոջը խավարի մեջ

    «Իսկապես դու՞ ես, այսքան հեզ, այն Աստվածը, Ով եկել է մեզ փրկելու»։


    Դեկտեմբերի 11-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, շարունակեց Մատթեոսի Ավետարանի ընթերցումն ու մեկնաբանությունը:

     

    Բանտ նետված Հովհաննես Մկրտիչն իր աշակերտներին ուղարկում է Հիսուսի մոտ, որպեսզի հարցնեն. «Դու՞ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Մտթ. 11,3): Լսելով Քրիստոսի գործերի մասին՝ Հովհաննես Մկրտչին տանջում են կասկածները. իսկապե՞ս Հիսուսը Մեսիան է, քանզի նա այլ կերպ էր պատկերացնում Աստծո երկար սպասված առաքյալին. մեկին, ով գալով, բռնի ուժով արդարադատություն կիրականացներ՝ պատժելով մեղավորներին: Փոխարենը, Հիսուս կարեկցում է բոլորին, Նրա բոլոր գործողությունները լի են ողորմածությամբ, որի շնորհիվ «կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հառնում են, իսկ աղքատներին քարոզվում է Ավետարանը» (Մտթ. 11,5): Հովհաննես Մկրտչի այս «ճգնաժամը» մեզ ևս կարող է ինչ-որ կարևոր բան ասել, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Ավետարանում ասվում է, որ Հովհաննես Մկրտիչը գտնվում է բանտում, այսինքն՝ մի մութ տեղում, որտեղ անհնար է պարզ տեսնել, և այս փաստը ստիպում է մտածել այն ներքին իրավիճակի մասին, որը ապրում է Նախակարապետը. նրա միտքն ու սիրտը նույն խավարի մեջ են, և նա այլևս Հիսուսի մեջ չի տեսնում սպասված Մեսիային: Նա կասկածում է: Զարմանալի է, որ դա տեղի ունեցավ Հովհաննեսի հետ, ով Հիսուսին մկրտեց Հորդանանում և Նրան ներկայացրեց, որպես Աստծո Գառ (տես՝ Հովհ. 1:29): Սա նշանակում է, որ նույնիսկ մեծագույն հավատացյալը կարող է անցնել կասկածի մութ թունելով, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Սա վատ չէ, երբեմն նույնիսկ անհրաժեշտ է հոգևոր աճի համար, քանզի դա օգնում է հասկանալ, որ Աստված միշտ շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Գործերը, որոնք կատարում է Նա, զարմանալի են մեր հաշվարկների համեմատ: Նրա արարքները գերազանցում են մեր ակնկալիքներն ու կարիքները, և, հետևաբար, մենք երբեք չպետք է դադարենք փնտրել Նրան: Մեծ աստվածաբան Անրի դը Լյուբակն ասել է, որ Աստծուն “պետք է նորից բացահայտել, փուլ առ փուլ… երբեմն հավատալով, որ մենք կորցնում ենք Նրան”»:

     

    Հենց այդպես էլ վարվում է Հովհաննես Մկրտիչը. կասկածելով, նա, այնուամենայնիվ, փնտրում է Հիսուսին, հարցեր տալիս Նրան, «բանավիճում» Նրա հետ և, ի վերջո, վերագտնում Նրան: Հովհաննեսը, ում Հիսուսն անվանեց կանանցից ծնվածների մեջ  ամենամեծը (տես՝ Մտթ. 11,11), սովորեցնում է մեզ չպարփակել Աստծուն մեր նախապաշարմունքների կոշտ ծրագրերի մեջ:

     

    Մենք նույնպես երբեմն կարող ենք հայտնվել Հովհաննես Մկրտչի իրավիճակում՝ ներքին բանտում, այդ ժամանակ մենք կորցնում ենք Տիրոջը նորովի ճանաչելու կարողությունը՝ հավատալով, որ արդեն բավականաչափ գիտենք Նրա մասին, պարզաբանեց Նորին Սրբությունը: Հնարավոր է, որ մեզ համար ևս դժվար է պատկերացնել հեզ, խոնարհ, ողորմած և սիրող Աստծուն, Ով գալիս է մեր կյանք և մեզ միշտ ազատ ընտրության հնարավորություն է տալիս: Թերևս մենք նույնպես ցանկանում ենք հարցնել Նրան. «Իսկապես դու՞ ես, այսքան հեզ, այն Աստվածը, Ով եկել է մեզ փրկելու»։ Նման մի բան էլ կարող է տեղի ունենալ մեր հարազատների հետ հարաբերություններում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. մենք ունենք մեր սեփական գաղափարներն ու նախապաշարմունքները, և երբեմն կոպտորեն պիտակավորում ենք ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր, ըստ մեզ, տարբերվում են մեզանից:

     

    Սրբազան Քահանայապետը խորհրդածության ավարտին ասաց հետևյալը.

     

    «Հիսնակացը մի ժամանակահատված է, երբ բոլորս պետք է հիանանք Աստծո ողորմածության մեծությամբ: Դա այն ժամանակն է, երբ մենք պատրաստում ենք մանուկ Հիսուսի ծննդյան մսուրը և նորից ենք իմանում, թե ով է մեր Տերը: Մի ժամանակահատված է, երբ մենք դուրս ենք գալիս Աստծո, մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ ունեցած նախապաշարմունքներից և որոշակի օրինաչափություններից: Մի ժամանակահատված է, երբ մենք ինքներս մեզ համար նվերներ գնելու փոխարեն կարող ենք խոսքով և գործով մխիթարել տառապյալներին ու հիվանդներին, ինչպես Հիսուսն արեց կույրերի, խուլերի և կաղերի հետ: Սուրբ Ծննդյան նախապատրաստության այս օրերին թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը բռնի մեր ձեռքը և օգնի մեզ Մանկան փոքրության մեջ ճանաչել գալիք Աստծո մեծությունը»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց