• Թող Տերը մեզ համար հրաշքներ գործի

    «Հիանալի է լինել բարի, սակայն ավելի կարևոր է այդպիսին դառնալու ցանկությունը»:


    Հոկտեմբերի 12-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ: Այս անգամ Նորին Սրբությունը խոսեց խորաթափանցության «անփոխարինելի բաղադրիչի»՝ ցանկության, փափագի մասին:

     

    Խոսքն այնպիսի ցանկության մասին է, որն, ըստ հոգևոր ուսուցիչների, ձգտում է լիության, սակայն երբեք լիարժեք բավարարում չի ստանում. դա Աստծո ներկայության նշան է մարդու մեջ: Սա «րոպեական» ցանկություն չէ, որն առաջացնում է տառապանք ու զրկանքներ, այլ ընդհակառակը, այն ստեղծում է լարվածություն դեպի բարօրություն տանող ճանապարհին, որի կարիքը մենք շատ ենք զգում: «Ցանկությունը կողմնացույց է, որը թույլ է տալիս հասկանալ, թե որտեղ ենք մենք և ուր ենք գնում: Սակայն ինչպե՞ս ճանաչել և բացահայտել այն», – հարց տվեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Անկեղծ ցանկությունը խորապես դիպչում է մեր էության թելերին, դրա համար էլ այն չի մարում դժվարությունների և անհաջողությունների ժամանակ: Կարծես ծարավ լինենք և ըմպելիք չգտնելով՝ մենք չենք հանձնվում, ընդհակառակը, որոնումն էլ ավելի է համակում մեր մտքերն ու գործողությունները, մինչև որ պատրաստ լինենք, գրեթե մոլագարությամբ, ցանկացած զոհաբերության գնալ այն հագեցնելու համար: Խոչընդոտներն ու անհաջողությունները չեն ընկճում մեր ցանկությունը, այլ այն էլ ավելի ուժեղ են դարձնում»:

     

    Ի տարբերություն րոպեական ոգևորության կամ հույզերի, ցանկությունն երկար է տևում և հակված է նյութականացման, ընդգծեց Նորին Սրբությունը և բերեց հետևյալ օրինակը, երբ որևէ մեկը ցանկանում է բժիշկ դառնալ, ապա իր կյանքի մի քանի տարիները նա պետք է նվիրի ուսումնառությանը և գործնական աշխատանքներին՝ ինքն իրեն ինչ-որ բաներից զրկելով և ասելով «ոչ» այն բոլոր զբաղմունքներին, որոնք շեղում և խանգարում են իրեն: «Սակայն նպատակասլացության և այն իրականություն դարձնելու ցանկության շնորհիվ հաղթահարում է դժվարությունները»: Արժեքավորը, երբ այն գրավիչ է, առաջացնում է հիացմունք և հեշտությամբ է ձեռք բերվում, իսկ իմաստուն խոսքն ասում է, որ «հիանալի է լինել բարի, սակայն ավելի կարևոր է այդպիսին դառնալու ցանկությունը», ընդգծեց Սրբազան Քահանայապետը և մի զարմանալի փաստ մատնանշեց. հրաշք գործելուց առաջ Հիսուսն հաճախ հարցնում է մարդուն իր ցանկության մասին: Երբեմն այս հարցն անիմաստ է թվում, ինչպես օրինակ Ոչխարների ավազանում անդամալույծի հետ հանդիպման ժամանակ: Հիվանդը երկար տարիներ այնտեղ էր և չէր կարողանում հարմար պահ գտնել ջրում խորասուզվելու համար: Տերն հարցնում է նրան. «Կամենու՞մ ես առողջ լինել» (Հվհ. 5,6), և անդամալույծի պատասխանը «բացահայտում է մի շարք տարօրինակ հակաքայլեր բուժման համար, որոնք վերաբերում են ոչ միայն իրեն»: Հիսուսի հարցը «հստակության կոչ էր մարդու սրտում», նոր մակարդակի բարձրանալու նախապատրաստություն, որպեսզի նա այլևս չմտածի որպես «անդամալույծ», ում պետք է տանեն ուրիշները: Սակայն հիվանդն այնքանել համոզիչ չի թվում, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Տիրոջ հետ երկխոսելով՝ մենք սովորում ենք հասկանալ, թե իրականում ինչ ենք ուզում կյանքից: <…> Հաճախ հենց ցանկությունն է, որ բնորոշում է հաջող, հետևողական, հարատև ծրագրի և հազարավոր անախորժությունների ու բարի մտադրությունների միջև տարբերությունը»:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ «մեր դարաշրջանը, կարծես, ազատ ընտրության կողմնակիցն է», սակայն միևնույն ժամանակ այն բթացնում է ցանկությունը՝ վերածելով հիմնականում վայրկենական ոգևորության։ «Մենք ռմբակոծվում ենք հազարավոր առաջարկներով, նախագծերով, հնարավորություններով, որոնք կարող են շեղել մեր ուշադրությունը և թույլ չտալ հանգիստ գնահատել այն, ինչը մենք ուզում ենք իրականում»: Շատերն են տառապում, քանզի չգիտեն, թե ինչ են ուզում կյանքից, ընդգծեց Նորին Սրբությունը. «Հավանաբար նրանք երբեք չեն առնչվել իրենց ամենախոր ցանկություններին»։ Այստեղից էլ առաջանում է իր գոյությունը տարբեր տեսակի փորձերի և հնարամտությունների միջև վատնելու վտանգը՝ ոչնչի չհասնելով և թանկարժեք հնարավորությունները բաց թողնելով: Այդ իսկ պատճառով որոշակի փոփոխություններ, թեև տեսականորեն ցանկալի են, բայց երբեք չեն իրագործվում, երբ հնարավորություն է ընձեռվում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Եթե այսօր Տերը մեզանից յուրաքանչյուրին ուղղեր այն հարցը, որը Նա տվեց Երիքովցի կույրին. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ» (Մկ. ​​10:51), դուք ի՞նչ կպատասխանեիք: Գուցե, վերջապես, մենք կարող ենք խնդրել Նրան, որ օգնի մեզ բացահայտելու Նրա հանդեպ ունեցած խորը ձգտումը, որը հենց Ինքն է դրել մեր սրտերում <…> և մեզ ուժ տա այն իրականացնելու համար: Սա ամենամեծ ողորմածությունն է. թույլ տալ Տիրոջը, ինչպես Ավետարանում, մեզ համար հրաշքներ գործի: <…> Որովհետև Նա նաև մեծ ցանկություն ունի՝ մեզ մասնակից դարձնել իր կյանքի լիությանը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930