• Հայաստանի դեմ որևէ հարձակում, հարձակում է մարդկության, արդարության, մարդու խղճի դեմ։

    «Այսօր բոլորն էլ իրենց մտահոգությունները են հայտնում, սակայն հիմնական խնդիրը լուծումներ գտնելն է, պետք է միջազգային քաղաքական ճնշումներ բանեցնել՝ այն կանգնեցնելու համար, որ իր զինվորական ուժով սպանում է անմեղներին, մի ափ հողի համար, որը իրեն չի պատկանում»:


    «Հայաստանի դեմ որևէ հարձակում, հարձակում է մարդկության, արդարության, մարդու խղճի դեմ։ Ես այս մեկն ասում եմ տառապող սրտով։ Մենք հոգնել ենք այս մարդկային անարդարության Խաչը այսքան երկար ժամանակ կրելուց: Հազիվ սկսել էինք փակել 2020թ. սև էջը, երբ հողին հանձնեցինք հազարավոր երիտասարդ զոհեր, և ահա այսօր սկսեցինք հաշվել նոր հարյուրավոր մեռյալներ, ու ականատես ենք կործանումների ու հազարավոր տեղահանվածների»։

     

    Սա Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի հայտարարությունն է, որ կատարեց, Իտալական «ՍԻՐ» գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի բարբարոսություններին և Հայաստանի անկախ Պետության տարածքում վերջերս սանձազերծված հարձակմանը։ Նա նշեց, որ մոտ օրերս՝ որպես Հայաստանի Կարիտասի նախագահ, կմեկնի Հայաստան, որպեսզի տեղում ստուգի հարցերն ու խնդիրները: Նաև ասաց, որ հրահանգ է տվել բացելու Գորիսի Կարիտասի գրասենյակի դռները՝ տեղահանված ընտանիքներին հյուրընկալելու ու բոլոր հնարավոր օգնությունները տրամադրելու համար:

     

    Ինչպիսի՜ անարդարություն

     

    Անդրադառնալով միջազգային ընտանիքի կոչերին ու միջամտություններին Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը տխրությամբ հայտնում է. «Ես կարծում եմ, որ ոչ մի պետություն կամ համաշխարհային ուժ հետաքրքրված չէ հայ ազգով։ Այսօր բոլորն էլ իրենց մտահոգությունները են հայտնում, սակայն հիմնական խնդիրը լուծումներ գտնելն է, պետք է միջազգային քաղաքական ճնշումներ բանեցնել՝ այն կանգնեցնելու համար, որ իր զինվորական ուժով սպանում է անմեղներին, մի ափ հողի համար, որը իրեն չի պատկանում: Աշխարհում չկա մի ուժ, որ այսօր ասի. Կանգնեցե՛ք։ Ետ քաշվեցե՛ք։ Այդ մեկն անելու իրավունք չունե՛ք։ Ինչպիսի՜ անարդարություն»։

     

    Թող աշխարհն իմանայ, որ Հայաստանի հայերը միայնակ չեն

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը մատնանշեց նաև, որ «մի կողմից կա միջազգային քաղաքական անտարբերություն, սակայն մյուս կողմից էլ այդ հողը գրավիչ է, քանի որ այնտեղ կան գազի և նավթի հարուստ պաշարներ, որոնք երկրի, հետևաբար ողջ մարդկության սեփականությունն են»։ Նա նաև ակնարկեց անցյալ օրերին Անթիլիասի մայրավանքում կազմակերպված համասփյուռյան կառոյցների ներկայացուցիչների հանդիպման մասին, որի օրակարգն էր Հայաստանում ստեղծված կացության քննարկումը և Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների աշխատանքների ուղենիշների ճշտումը, այս առնչությամբ հաստատելով. «Թող աշխարհն իմանա, որ Հայաստանի հայերը միայնակ չեն»։

     

    Քահանայապետի ու եկեղեցական հաստատությունների կոչերը

     

    «Սիր» գործակալությունը հոդվածում անդրադարձավ նաև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Ղազախստանում կատարած հայտարարությանը, որտեղ Նա մտահոգություն էր հայտնում «Կովկասում բռնկվող նոր օջախների» մասին, աղոթք խնդրելով այդ հողատարածքների համար, որպեսզի «գերակշռեն հաշտությունը և խաղաղ բանավեճերը»։ Հոդվածում անդրադարձ է  կատարված նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Խորհրդի (ԵԵԽ) ընդհանուր քարտուղարների մտահոգությանը և Եվրոպայի Ապահովության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ուղղած կոչերին:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց