• Սրբազան Քահանայապետի ուղերձը Երիտասարդաց Համաշխարհային XXXVII օրվա կապակցությամբ

    «Մարիամը մի աղջկա օրինակ է, ով ժամանակ չի կորցնում ուշադրություն գրավելու կամ ճանաչում ձեռք բերելու համար, ինչպես դա տեղի է ունենում, երբ մենք սոցիալական ցանցերում կախվածության մեջ ենք ընկնում «լայքերից»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Երիտասարդաց  Համաշխարհային XXXVII օրվա կապակցությամբ ուղերձ է հղել երիտասարդներին, որն այս տարի նշվելու է թեմերում Տիեզերքի Թագավոր Քրիստոսի տոնին:

     

    Նորին Սրբությունն անդրադարձավ 2023թ. Լիսաբոնում կայանալիք Երիտասարդական ֆորումի թեմային՝ «Մարիամը վեր կացավ և շտապով գնաց» (տես՝ Ղկ. 1.39): Ներկայիս «դժվարին ժամանակներում, երբ համավարակ վերապրած մարդկությունը տառապում է պատերազմի պատճառով», Սուրբ Կույս Մարիամը բոլորի և հատկապես երիտասարդների համար բացում է «մոտիկության և հանդիպման ճանապարհը», և հաջորդ օգոստոսին կայանալիք պորտուգալական հանդիպման փորձը կարող է նոր սկիզբ լինել երիտասարդ սերունդների և ողջ մարդկության համար։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ Ավետումից հետո Մարիամը դառնում է «Աստծո տաճարը, ուխտագնացության Եկեղեցու պատկերը, որը դուրս է գալիս և անձնուրաց ծառայում՝ ավետելով բարի լուրը»։ Քրիստոսի Երիտասարդ Մայրը չի մտածում իր սեփական հոգսերի ու վախերի մասին, այլ լիովին վստահում է Աստծուն և անմիջապես շտապում է Եղիսաբեթի մոտ: Շտապ ճանապարհ ընկնելու Իր որոշմամբ Նա նմանվում է մյուռոնակիր կանանց, ովքեր վազում էին Քրիստոսի աշակերտներին ավետելու Նրա հարության մասին: Սուրբ Կույս Մարիամն օրինակ է բոլոր քրիստոնյաների և հատկապես երիտասարդների համար, ում սպառնում է ինքնահիացման և քարացածության վտանգը: Մարիամն ամբողջությամբ շրջվել է դեպի «այն, ինչն իրենից դուրս է»: Սուրբ Աստվածածնի շտապողականությունը «ծառայելու, ուրախությամբ հռչակելու և Սուրբ Հոգու շնորհին լիովին արձագանքելու» ցանկության դրսևորումն է»:

     

    Մարիամն անտարբեր չի մնում Իր ավագ ազգականի կարիքներին, ընդգծում է Նորին Սրբությունը. «Երբ կոնկրետ և հրատապ անհրաժեշտություն է առաջանում, պետք է շտապ գործել», դրա կարիքն ունեն բազմաթիվ ծերեր, հիվանդներ, բանտարկյալներ, փախստականներ:

     

    «Մարիամը մի աղջկա օրինակ է, ով ժամանակ չի կորցնում ուշադրություն գրավելու կամ ճանաչում ձեռք բերելու համար, ինչպես դա տեղի է ունենում, երբ մենք սոցիալական ցանցերում կախվածության մեջ ենք ընկնում «լայքերից», սակայն Նա ձգտում է գտնել իրական կապեր, որոնք բխում են հանդիպումներից, ընկերակցությունից, սիրուց և ծառայությունից»:

     

    Սուրբ Կույս Մարիամն, ընդգծում է Նորին Սրբությունը, այցելում է աշխարհի բոլոր անկյունները՝ իր վրա վերցնելով իր ժողովրդի հոգսերն ու դժբախտությունները։ «Ուխտագնացությունները, տոները, աղոթքները, Աստվածածնի ուխտագնացության սրբապատկերների ընդունումը տներում և շատ այլ բաներ Տիրամոր և միմյանց այցելող նրա ժողովրդի միջև կենդանի կապի կոնկրետ օրինակներ են»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ կա նաև «սխալ շտապողականություն», օրինակ, որը ստիպում է կյանքին մակերեսայնորեն նայել և ամեն ինչին անլուրջ վերաբերվել, երբ մենք իրականում երբեք չենք լսում ուրիշներին և ժամանակ էլ չենք տրամադրում նրանց: «Դժվար թե նման շտապողականությամբ ապրած կյանքը տա որևիցե պտուղներ»: Իսկական վճռականությունն ուշադիր է. հանդիպելով Աստվածամորը՝ Եղիսաբեթը չի խոսում իր մասին, այլ դիմում է աղջկան՝ ողջունելով նրան և նրա արգանդի պտուղը։ Սուրբ Հոգին իսկական բերկրանքով է համակում տարեց կնոջը, ընդգծում է Նորին Սրբությունը: Հիսուսի հետ առաջին հանդիպման ուրախությունն ևս «մեր մեջ առաջացրեց Նրան ընդունելու ցանկություն, Նրա հետ լինելու և Նրան ավելի լավ ճանաչելու հրատապ անհրաժեշտություն», ընդգծում է Նորին Սրբությունը.

     

    «Սիրելի երիտասարդներ, եկել է կոնկրետ հանդիպումներ ունենալու և մեզանից տարբերվողին ընդունելու ժամանակը, ինչպես դա տեղի ունեցավ եիրտասարդ Մարիամի և տարեց Եղիսաբեթի դեպքում: Միայն այդպես մենք կարող ենք հաղթահարել սերունդների հեռավորությունները, սոցիալական դասակարգերը, էթնիկ մշակույթներն ու խմբերը, բոլոր տեսակի կատեգորիաները, ինչպես նաև պատերազմները: Ցրված ու պառակտված մարդկության համար նոր միասնության հույսը միշտ երիտասարդությունն է, սակայն միայն հիշողություն ունենալու դեպքում, միայն այն դեպքում, եթե ականջալուր կլինեն տարեցների  դրամաներին ու երազանքներին: Պատահական չէ, որ պատերազմը վերադարձավ Եվրոպա հենց այն ժամանակ, երբ հեռանում է անցյալ դարում դրանից փրկված սերունդը։ Պատմության դասերը չմոռանալու, այժմեական բևեռացումն ու ծայրահեղականությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է երիտասարդների և տարեցների միավորում»։

     

    Հիսուսն Աստծո պատասխանն է մարդկության մարտահրավերներին բոլոր ժամանակներում, և այդ պատասխանը Մարիամն իր մեջ է կրում՝ Եղիսաբեթի հետ հանդիպման գնալիս: Եկեղեցու մեծագույն պատգամը Հիսուսն է, Նրա անսահման սերը յուրաքանչյուրիս հանդեպ, Նրա փրկությունն ու բոլորին տրված նոր կյանքը։ «Սուրբ Կույս Մարիամն օրինակ է մեզ համար, թե ինչպես ընդունել այս մեծ պարգևը և ինչպես հռչակել այն ուրիշներին, որպեսզի դառնան մարդիկ, ովքեր կրում են Քրիստոսին, Նրա կարեկից սերն ու տառապող մարդկության առատաձեռն ծառայությունը»:

     

    Սրբազան Քահանայապետը սիրով հրավիրում է ամբողջ աշխարհի երիտասարդներին 2023թ. օգոստոսին հանդիպել Պորտուգալիայում.

     

    «Երկարատև բաժանումից և մեկուսացումից հետո, Աստծո օգնությամբ, մենք Լիսաբոնում կբացահայտենք եղբայրական գրկախառնության ուրախությունը ժողովուրդների և սերունդների միջև, հաշտության և խաղաղության, նոր միսիոներական եղբայրության գրկախառնումը: Թող Սուրբ Հոգին ձեր սրտերում բորբոքի ոտքի կանգնելու և սինոդալ ոճով միասին ուրախ քայլելու ցանկությունը՝ մերժելով կեղծ սահմանները: Եկել է անմիջապես վեր կենալու և Մարիամը նման Հիսուսին մեր մեջ կրելու ժամանակը՝ Նրան բոլորին հռչակելու համար»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments