• Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եզրափակիչ խօսքը՝ «Համայնքային Երիտասարդական Օրեր – VI» փակման առիթով

    «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8):


    Սիրելի՛ երիտասարդներ եւ սիրելի՛ ներկաներ,

    Այսօր աւարտին է մօտենում «Համայնքային Երիտասարդական Օրեր – VI» հանդիպումը: Փակման այս արարողութիւնը մեկնարկում ենք՝ յոյսով, որ յաջորդ տարի նոյն խանդավառութեամբ եւ սպասումով պէտք է վերստին ազդարարենք մեր նոր հանդիպման սկիզբը: Մինչ այդ, թոյլ տուէք ձեզ հետ կիսել որոշ գաղափարներ:

    Յիսուս Քրիստոսը Եկեղեցին հիմնեց եւ իր հօտը կառավարեու համար կարգեց հայրապետների, եպիսկոպոսների եւ քահանաների: «Եկեղեցի» բառը յունարէնից թարգմանաբար նշանակում է հասարակութիւն, համայնք։ Եկեղեցին սոսկ շէնք չէ, որտեղ իրականացւում են եկեղեցական արարողութիւններ, մատուցւում են պատարագներ, Եկեղեցին այն վայրը չէ, ուր յաճախում էք՝ պարզապէս աղօթելու։ Եկեղեցին հէնց դուք էք։ Ուստի, սիրելի՛ երիտասարդներ, մեր կոչն է ձեզ՝ լինել կենդանի հիմնասիւները Եկեղեցու:

    Ինչպէս Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսն է յորդորում. «Լսելի՛ դարձրէք ձեր ձայնը: Եւ, եթէ այն լսելի չէ՝ աւելի բարձր աղաղակէք, քանզի դուք իրաւունք ունէք միջամտելու այն ամէնին, ինչը վերաբերում է ձեր ապագային: Խրախուսում եմ ձեզ՝ լինել նախաձեռնող, ստեղծագործ եւ քննադատ»:

    Միշտ յիշէ՛ք, որ երանելի են բոլոր նրանք, ովքեր չունեն միայն աշխարհիկ մտածելակերպ: Սա իրապէս հասկանալու համար պէտք է կարողանանք փոխել մեր սիրտը, դարձի գանք, որպէսզի հանդիպենք Քրիստոսին, եւ, ինչպէս Մատթեոս աւետարանիչն է ասում. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8): Մեր ամենօրեայ կեանքի մէջ՝ ամէն անգամ Յիսուսին հանդիպում ենք Սուրբ Խորհուրդների միջոցով:

    Միշտ յիշէ՛ք, որ Աստուած սէր է եւ, այս սէրն է, որ կարող է փոխել աշխարհը: Աստուած է, որ ամէն օր նոր ուղիներ է բացում մեր առջեւ, որպէսզի յառաջ ընթանանք, որպէսզի հնարաւորութիւն ունենանք սրբագրելու մեր սխալները, ապրելու Նրա օրինակով, որպէսզի կարողանանք օգնութեան ձեռք մեկնել աղքատին եւ տնանկին, մխիթարել հիւանդին եւ լքեալին: Վստահ եղէ՛ք, որ Տէրը երբեք չի լքում իր զաւակներին եւ հաւատացէ՛ք, որ միայն Նրանից է մեր փրկութիւնը եւ Նրա խօսքով ենք յաղթանակ տանում մեր բոլոր վախերի, անհանգստութիւնների եւ թուլութիւնների նկատմամբ: Ձեզանից իւրաքանչիւրը իր կեանքի վկայութեամբ եւ բարի գործերով պէտք է ունենայ առաքելութեան ոգին՝ տարածելու Աւետարանը եւ խօսելու Եկեղեցու անունով:

    Վատիկանի Սուրբ Պետրոս Մայր Տաճարի նախկին լուսարարապետ Վսեմաշուք Կարդինալ Անճելօ Կոմաստրին, իր հարցազրոյցներից մէկում պատմում է Մայր Թերեզայի հետ իր վերջին հանդիպման մասին: Մայր Թերեզայի վերջին խօսքերն էին. «Դրախտը չի բաժանում մարդկանց, այլ՝ աւելի է մօտեցնում: Շուտով, ես նոյնպէս Դրախտում կը գտնուեմ եւ միշտ քեզ մօտ կլինեմ: Երբ մահանամ՝ ինձ հետ կը տանեմ միայն «ողորմածութեան ճամպրուկը», ուստի պէտք է այն լցնել քանի դեռ ժամանակ ունենք»: Վերջին այս խօսքերը հորդոր էին Կարդինալին, որ պէտք է նրան ուղեկցէին ողջ կեանքի ընթացքում: Եկէ՛ք հետեւենք այս օրինակին եւ մեր ապրած կեանքով վկայենք, որ ողորմածութիւնը իսկապէս կարող է փոխել մեզ եւ այս տառապեալ աշխարհը:

    Լիայոյս եմ, որ Սուրբ Հոգին մշտապէս կ’առաջնորդի մեզ դէպի աւելի լուսաւոր ապագայ, որպէսզի ապրենք եղբայրսիրութեան, բարեկամութեան եւ ներդաշնակութեան մէջ, մի աշխարհում, որը զերծ է հակամարտութիւններից եւ պատերազմներից:

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments