• Հայ Կաթողիկէ Համայնքի ընթրիքն ի պատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի Սիդնեյում

    Հանդիպման ավարտին Հայր Բարսեղ Սուսանյանը Ավստրալիայի Հայ Կաթողիկէ համայնքի անունից Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ նվիրեց Ավստրալիայի ավանդական նվերը՝ «Բումերանգը»։


    2022թ. հուլիսի 29-ի երեկոյան Սիդնեյի «Renaissance Function Centre» Ավստրալիայի Հայ Կաթողիկէ Համայնքի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք` ի պատիվ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք` Ռաֆայել Պետրոս ԻԱ՝ մասնակցությամբ տեղական քաղաքական, քաղաքացիական ու եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների։

     

    Կարևոր օր Հայ Կաթողիկէ համայնքի համար

     

    Երեկոյի ընթացքում Ամենապատիվ Հոգևոր Տիրոջն ուղղված բարի գալուստի խոսքում, Ավստրալիայի Հայ Կաթողիկէ համայնքի Հովիվը` գերապատիվ Հայր Բարսեղ Վարդապետ Սուսանյանը նշեց, որ «այսօր Հայ Կաթողիկէ Համայնքի համար կարևոր օր է, քանզի օրհնված է Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս ԻԱ ներկայությամբ, ում այցելության առթիվ պիտի կատարվի Եկեղեցու նոր Սուրբ Խորանի օրհնությունը»։

     

    «Կաթողիկէ Եկեղեցու Հայրապետի այցը հնարավորություն է մեր Եկեղեցու համար, որպեսզի աճի և նաև ինձ համար, որպեսզի լավ կատարեմ իմ Հովվի պարտականությունները», ասաց Հայր Բարսեղը և առիթից օգտվելով հավատացյալներին ներկայացրեց Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ հակիրճ կենսագրականը` սկսելով 1946թ-ից, երբ նա անդամակցեց Զմմառի Արծիվյան միաբանությանը՝ մուտք գործելով նորընծայարան, մինչև անցյալ տարվայ սեպտեմբեր ամիսը, երբ Հռոմում գումարված եպիսկոպոսների սինհոդոսի ժամանակ ընտրվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու ԻԱ Կաթողիկոս Պատրիարք։

     

    Ռաֆայել Պետրոս ԻԱ շինարար հայրապետ

     

    Ավստրալիայի Հայ Կաթողիկէների Հովիվը հիշեց նաև չորս տարիներ առաջ Երևանում իր հանդիպումն այդ ժամանակվա Հայաստանի կաթողիկէների առաջնորդ` Արհ. Ռաֆայել Արք. Մինասյանի հետ, մասնավորապես ընդգծելով, որ նա մեծ շինարար է ու մինչ օրս իր ջանքերով կառուցված են 14 նոր եկեղեցիներ, որոնց շարքին են դասվում Լիբանանի Զալքայի Սուրբ Խաչ Եկեղեցին և Գլենդելի Հայ Կաթողիկէ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Աթոռանիստ Եկեղեցին։

     

    «Այս ձեռքբերումները ոգեշնչող են և ինձ հիշեցնում են, որ ոչ մի ձեռքբերում առանց մարտահրավերի չի լինում, ինչպես ես էլ փորձարկեցի, երբ առաջին անգամ քահանայ նշանակվեցա  Դամասկոսում, ապա երբ ուղարկվեցի Ավստրալիա», ասաց Հայ Կաթողիկէների Հովիվն՝ ակնարկելով նաև Հոգևոր Տիրոջ ապրած դժվար փորձառությունը, երբ նա, որպես երիտասարդ քահանա ուղարկվեց ԱՄՆ, որպես Հովիվ, որտեղ չկար ո՛չ եկեղեցի, և ո՛չ էլ ժողովրդապետություն և ինքն «ապրում էր ճամպրուկը ձեռքին» առանց մնայուն կեցության վայր ունենալու։

     

    Հոգ տանել հոտի մասին և կիսել նրա մտահոգությունները

     

    «Երբ մենք մեր Տիրոջը ծառայելու ուխտն ենք հանձն առնում, դա պահանջում է, որ մեզ հանձնված հոտի մասին հոգ տանենք և դուք՝ Գերերջանիկ Հոգևոր Տեր, ձեր՝ Պատրիարքի և հայ կաթողիկէների Առաջնորդի պաշտոնը ստանձնելուց  ի վեր, անընդհատ ճամփորդում եք և ոչ միայն ձեր հոտին հասանելի լինելու համար, այլև հավաքելու ձեր ոչխարները և հոգալու նրանց կարիքները», ասաց Հայր Բարսեղն անդրադառնալով նաև իր անձնական փորձառությանը, երբ գրեթե քսան տարի առաջ եկավ Սիդնեյ, որտեղ ինքն ևս գտնվում էր դժվար կացության մեջ  ու մեծ մարտահրավերների դիմաց։

     

    «Ես էլ ապրելու տեղ չունեի և Եկեղեցական համայնքը իր տան  դռներն ու սիրտը բացեց իմ առջև՝ ինձ ողջագուրելով ձեր սիրով ու հյուրընկալությամբ։ Մեր եկեղեցին այդ տարիներին ոչ միայն կառուցվածքային մեծ վնասներ ուներ, այլև ֆինանսապես ևս ծանր ու վատ վիճակի մեջ էր գտնվում՝ իր ավելի քան 400,000 դոլլար պարտքերով: Ամեն ինչ կարծես փլուզված էր ու միակ բանը, որ անհնար եղավ կործանել, դա եկեղեցական համայնքի ոգին էր։ Նրանք գրկեցին ինձ և երաշխավորեցին, դրա շնորհիվ է, որ այս եկեղեցին կարողացաւ դարձյալ ոտքի կանգնել և վերականգնել իր կենսունակությունը», ասաց Հայր Բարսեղ Սուսանյանն՝ ընդգծելով, որ «Հայ Կաթողիկէ համայնքը Ավստրալիան տուն է կոչում» և այս ուղղությամբ գնահատելով Երկրի «բազմամշակութային» կոչումը, որտեղ «մշակույթները քաջալերված են հավատարիմ մնալու իրենց ժառանգությանն ու էությանը»:

     

    Ավստրալիայի Հայ Կաթողիկէների Հովիվը խոսքը եզրափակեց հրավիրելով Ամենապատիվ Հոգևոր Տիրոջը, որպեսզի իր հայրական խոսքն ուղղի ներկաներին։

     

    Շքանշանների տվչություն

     

    Նշենք, որ երեկույթի ժամանակ տեղի ունեցավ նաև շքանշանների տվչություն համայնքի այն զավակներին, ովքեր տարիներ շարունակ անձնվեր ծառայել են՝ ի սպաս Եկեղեցու շինության և համայնքի բարգավաճման:

     

    Այս առթիվ Հայր Բարսեղն ունեցավ ևս մի ելույթ և իր երախտագիտությունն արտայայտեց Համայնքի բոլոր զավակներին։

     

    «Առանց ձեզ, իմ սիրելի ընկերներ, ես այս գիշեր այստեղ չէի գտնվի, ի սրտե շնորհակալ եմ բոլորիցդ և գնահատում եմ ամեն մեկիդ, որ ապահովեցիք Հայ Կաթողիկէ Եկեղեցու գոյության շարունակությունն այստեղ՝ Ավստրալիայում», ասաց Հայր Բարսեղ Սուսանյանն՝ հավելելով. «Ընկերներ, դուք բոլորդ ինձ հետ այս ճանապարհորդության մեջ եք վերջին 20 տարիների ընթացքում, ձեր բոլորիդ տեսակետն իր ազդեցությունն է ունեցել այն ամենի վրա, որ այսօր ներկայացնում է մեր եկեղեցին…. Ի հավելումն Հայ Կաթողիկէ Եկեղեցուն աջակցելու ձեր հավաքական աշխատանքին և ջանքերին, Եկեղեցու խորհուրդը և ես ցանկանում ենք օգտվել այս պահից և պատվել մի քանի ծխական խորհրդի անդամների, ովքեր այս 20 տարիների ընթացքում անխափան կերպով աջակցեցին ինձ և Եկեղեցուն», ասաց Հայր Բարսեղը՝ առանձին ներկայացնելով մեծարյալներին. Սարգիս Մաճարյան, ով Ավստրալիայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայրն է, Ժորժ Շատ, Զոհրապ Քեվերյան, Հայկանոյշ Զէյթունյան, Ան Ղարիպյան:

     

    Հանդիպման ավարտին Հայր Բարսեղ Սուսանյանը հանուն նաև Ավստրալիայի Հայ Կաթողիկէ համայնքի Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ նվիրեց Ավստրալիայի ավանդական նվերը՝ «Բումերանգը»։ «Քանի որ երբ դուք բումերանգը նետում եք, այն միշտ վերադառնում է: Ահա այս նվերը ներկայացնելով մենք ակնկալում ենք, որ դուք հաճախ կվերադառնաք Ավստրալիա», ասաց հայր Բարսեղը։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments