• Գործերով պատասխանենք մեր ընդհանուր տան դառը ճիչին

    Լսելով այս աղաղակը՝ մենք «պետք է ապաշխարենք և փոխենք մեր ապրելակերպը, ինչպես նաև վնասաբեր համակարգերը»:


     

    «Լսի՛ր արարչագործության ձայնը». սա է «Արարման ժամանակը» ամենամյա համամիութենական ակցիայի թեման, որը կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ Արարչագործության խնամքի համար աղոթքի համաշխարհային օրը, և կավարտվի հոկտեմբերի 4-ին՝ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու տոնին։

     

    Համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում, որը հրապարակվել է հուլիսի 21-ին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն այս շրջանն անվանում է «հատուկ ժամանակահատված բոլոր քրիստոնյաների համար, որպեսզի աղոթեն և միասին հոգ տանեն մեր ընդհանուր տան մասին»: «Արարման ժամանակը» գրվել է Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոս I ոգեշնչմամբ, այն «բարեշնորհ հնարավորություն է սնուցելու մեր ʺէկոլոգիական փոխակերպումըʺ», գրում է Նորին Սրբությունը:

     

    Սրբազն Քահանայապետը պարզաբանում է, որ արարչագործության ձայնը լսելիս, մենք նկատում ենք «ինչ-որ աններդաշնակություն», քանզի մի կողմից մենք լսում ենք «մեր սիրելի Արարչին գովաբանող քաղցրանուշ երգեցողություն, իսկ մյուս կողմից էլ՝ դառնության ճիչ ու բողոք, որը մեր մարդկային վատ վերաբերմունքի հետևանքն է»:

     

    Ստեղծված աշխարհի «քաղցր երգեցողությունը» կոչ է անում «էկոլոգիական հոգևորության», որն ուշադիր է Աստծո ներկայությանը աշխարհի բնությունում և ամրապնդում է այն համոզմունքը, որ «Ամեն ինչ Նրանով եղավ, և առանց Նրան չեղավ ոչինչ, որ եղել է» (Հվհ. 1,3): Սրբազան Քահանայապետը կոչ է անում միանալ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցուն՝ երգելով Տիրոջը. «Փառավորվի՛ր, Տեր իմ, քո բոլոր արարչագործություններով», և սաղմոսերգուի նման բացականչելով. «Բոլո՛ր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը»։ (Սղմ. 150.6):

     

    Ցավոք, շարունակում է Նորին Սրբությունը, այդ երգեցողությունն  ուղեկցվում է «դառը, տխուր ճիչով», որն ամենից առաջ «մայր բնության աղաղակն է», որը «խնդրում է դադարեցնել մեր սպառողական չարաշահումներն ու նրա ոչնչացումը»: Այնուհետև այս աղաղակը լսվում է տարբեր արարածներից, բազմաթիվ անհետացող տեսակներից, և վերջապես, դա աղքատների աղաղակն է, ովքեր իրենց մաշկի վրա են զգում կլիմայական ճգնաժամի, երաշտի, ջրհեղեղների, փոթորիկների և շոգի հետևանքները: Աղաղակ են բարձրացնում նաև բնիկ ժողովուրդները, ովքեր տառապում են հափշտակող տնտեսական շահերից:

     

    Լսելով այս աղաղակը՝ մենք «պետք է ապաշխարենք և փոխենք մեր ապրելակերպը, ինչպես նաև վնասաբեր համակարգերը»,- հորդորում է Սրբազան Քահանայապետը։ Սա ենթադրում է «նոր հարաբերություններ Աստծո, այլ մարդկանց և արարչագործության հետ»:

     

    «Մեր ընդհանուր տան դեգրադացիան արժանի է նույնպիսի ուշադրության, ինչպես և մյուս համաշխարհային մարտահրավերները, ինչպիսիք են առողջապահական ծանր ճգնաժամերը և ռազմական հակամարտությունները»:

     

    Ապաշխարությունը չպետք է լինի միայն անհատական, այն պետք է լինի նաև հասարակական։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը խնդրում է առաջիկա երկու գագաթնաժողովներն ուղեկցել աղոթքով. COP27 կլիմային նվիրված գագաթնաժողովը, որը կանցկացվի Եգիպտոսում այս տարվա նոյեմբերին, և COP15 կենսաբազմազանությանը նվիրված գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերին Կանադայում:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցնում է տնտեսապես զարգացած երկրների «բնապահպանական պարտավորությունները», որոնք ամենաշատն են վնաս հասցրել շրջակա միջավայրին վերջին երկու դարերի ընթացքում, և կոչ է անում նրանց «կատարել իրենց խոստումները և ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել տնտեսապես ավելի աղքատ երկրներին, որոնք արդեն իսկ կրում են կլիմայական ճգնաժամի ամենածանր հետևանքները»։

     

    Նորին Սրբությունն ուղերձն ավարտում է Պողոս առաքյալի խրատով. ուրախանալ ուրախացողների հետ և լացել լացողների հետ.

     

    «Եկե՛ք լաց լինենք արարչագործության վշտալի ճիչով, լսենք այն  ու գործով պատասխանենք, որպեսզի և՛  մենք, և՛ գալիք սերունդները կարողանան ուրախանալ արարչագործության քաղցրանուշ երգեցողությամբ, կյանքի ու հույսի երգով»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց