• «Քայլէ՛նք դէպի սրբութիւն» խորագրով եռօրեայ հաւաք՝ Սուրբ Խորանի սպասաւորների համար

    «Քայլէ՛նք դէպի սրբութիւն»


    2022 թ. յունիսի 27-29-ը Թորոսգիւղի «Աղաճանյան» կենդրոնում Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի նախաձեռնութեամբ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Խորանի սպասաւորների համար կազմակերպուեց եռօրեայ հոգեւոր կրթութիւն՝ «Քայլէ՛նք դէպի սրբութիւն» խորագիրը կրող թեմայով:

     

    Այս տարի, հաւաքին մասնակցում էին Գիւմրիի, Փանիկի, Արեւիկի, Լանջիկի, Հովտունի, Մեծ Սեպասարի, Ղազանչիի հայ կաթողիկէ համայնքների եկեղեցու խորանի սպասաւորները, Երեւանի «Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ հոգեւոր ճեմարանի» սաները, ինչպէս նաեւ Հռոմի Քահանայապետական Լեւոնեան Հայ վարժարանի ժառանգաւոր՝ եղբայր Վիգէն Աբասսեանը:

     

    Հանդիպումը մեկնարկեց Սուրբ եւ Անմահ պատարագով, ձեռամբ՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու խորանի սպասավորների կազմակերպիչ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսեփեանի, առընթերակայութեամբ Երեւանի Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ հոգեւոր ճեմարանի տեսուչ՝ Գերպ. Հայր Մաշտոց Վրդ. Զահթերեանի եւ Արեւիկի եւ Լանջիկի հայ կաթողիկէների ժողովրդապետ՝ Արժ. Տէր Նարեկ քհն. Թադեւոսեանի:

     

    Պաշտոնական բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանը:

     

    Եռօրեայ հանդիպումների շարքին՝ խորանին ծառայող երեխաներին մանրակրկիտ ներկայացուեց հետեւեալ թեմաները.

     

    «Ի՞նչ է ծէսը»:

    «Ի՞նչ է Սուրբ Խորանի սպասաւորութիւնը»:

     

    Կատարուեց եկեղեցական սպասքի ներկայացում, ապա Սուրբ Պատարագի զոհի մեկնութիւն:

    Սպասաւորների համար կազմակերպուել էին հոգեւոր զարգացման խաղեր, տաղերի եւ շարականների երգեցողութիւն՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ եկեղեցու դաշնակահար՝ Տկն. Գոհար Շախուլեանի ղեկավարութեամբ:

     

    Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ հոգեւոր ճեմարանը իրենց առօրեայի մասին պատմող փոքրիկ տեսաշար էր պատրաստել մասնակից սպասաւորների համար:

     

    Երեք օրերի ընթացքում սպասաւորները ամէն օր մասնակցում էին Պատարագների, Սուրբ Վարդարանի եւ Սիրտ Յիսուսի ջերմեռանդական աղօթքներին:

     

    Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի խօսքը Սբ. Խորանի սպասաւորների եռօրեայ հաւաքին.

     

    «Սիրելի՛ խորանի սպասաւորներ, արդէն յոթերորդ տարին է, ինչ Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքների խորանի սպասաւորների համար կազմակերպւում է հոգեւոր պատրաստութեան օրեր: Ես լիահոյս եմ, որ ամէն տարի ձեզ հետ միասին կրկին կը հանդիպենք եւ էլ աւելի նոր հոգեւոր գիտելիքներ կը ստանանք եկեղեցական կեանքի մասին:

     

    Սիրելիներս, մեր հաւաքն ունի երեք գլխաւոր նպատակ, որոնք են՝

    Դո՛ւք որպէս խորանի սպասաւորներ պէտք իրար հետ ծանոթանաք եւ դառնաք եղբայներ: Միգուցէ Աստուած խօսի ձեր սրտերի հետ եւ ձեզանից մէկը՝ մի օր որոշի, որ պէտք է դառնայ քահանայ կամ վարդապետ:

    Դո՛ւք շարունակէք խորանի սպասաւորությունը ձեր համայնքներում, եղէ՛ք պարտաճանաչ եւ հաւատարիմ Աստծոյ խորանին:

    Միշտ եղէ՛ք նեցուկ հոգեւոր սպասաւորներին:

    Վերջում, ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել հոգեւոր դասին, մասնակիցներին, մեր ժառանգաւորներին, որ դարձան կենդանի վկաներ ձեզ համար»:

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments