• Ռաֆայել Պետրոս ԻԱ այցելությունը Կալիֆոռնիա շարունակվում է. Սան Դիեգոյի հանգրվանը և պատվո ընթրիքը

    «Մենք աղոթում ենք, որ Տերը շարունակի Ձերդ Ամենապատիվ Տերությանը շնորհել իր երկնային պարգևները»:


    «Մենք աղոթում ենք, որ Տերը շարունակի Ձերդ Ամենապատիվ Տերությանը շնորհել իր երկնային պարգևները, վստահ լինելով, որ Դուք` ձեր եկեղեցական, ակադեմիական և միջ-եկեղեցական հարաբերությունների հարուստ պաշարով, ինչպես նաև հովվական ու հոգևոր երկար տարիների ծառայության փորձառությամբ՝ հատկապես Փրկչամայր ու ամենասուրբ Կույս Մարիամի բարեխոսությամբ և օգնությամբ պիտի ամրապնդեք հավատացյալներին ու վերահաստատեք Քրիստոսի խաղաղությունն ու անդորրությունը փոթորկած հոգիներում», ասաց Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը։

     

    Հունիսի 3-ին Ամենապատիվ Հոգևոր Տերը իր շքախմբով մեկնեց Սան Դիեգո, որտեղ հանդիպում ունեցավ տեղի հայ կաթողիկէ համայնքի հետ, որի երբեմնի Հովիվն էր, իսկ այսօր Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի պատվին կազմակերպել էին ընթրիք, որին իրենց մասնակցությունը բերին հայ կաթողիկէ գրեթե բոլոր ընտանիքները, Հայ Առաքելական Եկեղեցու Հովիվը, Մարոնիթ համայնքի ժողովրդապետը, Սան Դիեգոյի օգնական եպիսկոպոսը։

     

    Հավաքի ընթացքում, որը կազմակերպվել էր եղբայրական մթնոլորտի մեջ, Հոգևոր Տերը, որ գրեթե բոլորին ծանոթ է, առիթ ունեցավ շրջելու սեղանից սեղան և մեկ առ մեկ ողջունել իր հովվական խնամակալությանը հանձնված հավատավոր ժողովրդին։

     

    Երեկույթի ժամանակ խոսեցին Մարք Քալփաքճյանը և Ռալֆ Քալֆայանը, որոնք դրվատեցին Հոգևոր Տիրոջ տարիների ընթացքում գաղութին մատուցած ծառայությունը, շնորհակալություն հայտնելով նրան այդ ծառայության և այս այցելության համար, ապա խոսք տրվեց Սան Դիեգոյի օգնական եպիսկոպոսին, որը բարի գալուստի խոսք ուղղեց հայ կաթողիկէ եկեղեցու հայրապետին, այնուհետև իր խոսքն ասաց նաև տեղի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը, հավաքը ավարտվեց Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ հայրապետական պատգամով ու օրհնությամբ։

     

    Հոգևոր Տիրոջ հանդիպումը նորանշնակ Կարդինալ Ռոպերթ Վալթէր Մքէլրոյի հետ

     

    Հունիսի 4-ին Ամենապատիվ Հոգևոր Տերը առավոտյան ժամը ութին հանդիպում ունեցավ նորանշանակ կարդինալ` Սան Դիեգո թեմի առաջնորդ վսեմաշուք Ռոպերթ Վալթէր ՄքԷլրոյը, որի հետ ունցավ եղբայրական զրույց։ Հանդիպման ավարտին զրուցակիցները հուշանվերներ փոխանակեցին և Ամենապատիվ Հոգևոր Տերը նորանշանակ Կարդինալին նվիրեց «Խոսք Աստծո ի խորոց սրտե» Նարեկ աղոթագիրքն ու մի հայկական խաչքար, այնուհետև լուսանկարվեցին Սան Դիեգոյի համալսարանի մատրան մեջ, որը նվիրված է Անարատ Հղության Սուրբ Կույս Մարիամին և կոչված է «Իմմաքոլաթա», որտեղ Ռաֆայել Պետրոս ԻԱ պատարագ մատուցեց՝ Սան Դիեգոյի հայ կաթողիկէ համայնքի հավատացյալների մասնակցությամբ, որի ժամանակ նա խրախուսեց հավատացյալներին, որպեսզի շարունակեն հավատարիմ մնալ իրենց հայկական պատկանելիությանը և քրիստոնեական հավատքին ու չվախենան Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության վկաները լինել։

     

    Պաշտոնական հյուրասիրություն Գլենդելում

     

    Հունսիս 4-ի երեկոյան իրանահայ սրահում պաշտոնական ճաշկերույթ տրվեց ի պատիվ Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի՝ ավելի քան չորս հարյուր հոգու մասնակցությամբ որոնց շարքում էին նաև Էջմիածնի Թեմի առաջնորդ Հովնան Արք Տերտէրյանը, Անթիլիասի թեմի առաջնորդ Թորգոմ Տոնայանը, Ավետարանական Եկեղեցու պատասխանատու՝ Վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը, նաև Ատրին Նազարյանը, որը Կալիֆոռնիայի կառավարության վարչության անդամ է, Գլենդել քաղաքի քաղաքապետն ու չորս խորհրդականները, քաղաքի ոստիկանապետը, զանազան հայկական կուսակցությունների և ընկերային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

     

    Ճաշկերույթը սկսվեց Հայաստանի և ԱՄՆ քայլերգերով, որին հաջորդեց աղոթք և սեղանի օրհնությունը, ապա բացման խոսք ասացին Ալեքսանտրա Անանյանը եւ Սիլվա Սեմերճյանը։

     

    Ընթրիքի մթնոլորտը ճոխացրեց Հոշարյան նվագախումբը, ապա Հոգևոր Տիրոջը սրտի խոսք ուղղեց իրավաբան Արսեն Դանիելյանը։ Նինա Մենծյակոբյանի պատրաստած տեսաերիզի ցուցադրումից հետո իր խոսքն ասաց տեղի առաջնորդ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը, որ հանուն համայնքի բարի գալուստ մաղթեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայր, Գլուխ և Հովիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ:

     

    Միքայել Եպիսկոպոս Մուրադյանն ի միջի այլոց ասաց. «Այս դժվարին ու ճգնաժամային օրերին, երբ համայն աշխարհում մոլեգնում են պատերազմները, քաղաքական ու տնտեսական սարսափելի պայմանները, «Մենք աղոթում ենք, որ Տերը շարունակի Ձերդ Ամենապատիվ Տերությանը շնորհել իր երկնային պարգևները, վստահ լինելով, որ Դուք` ձեր եկեղեցական, ակադեմիական և միջ-եկեղեցական հարաբերությունների հարուստ պաշարով, ինչպես նաև հովվական ու հոգևոր երկար տարիների ծառայության փորձառությամբ՝ հատկապես Փրկչամայր ու ամենասուրբ Կույս Մարիամի բարեխոսությամբ և օգնությամբ պիտի ամրապնդեք հավատացյալներին ու վերահաստատեք Քրիստոսի խաղաղությունն ու անդորրությունը փոթորկած հոգիներում»:

     

    Գերապայծառ Մուրադյանը վստահեցրեց, որ Կալիֆոռնիայի հայ կաթողիկէ զավակները հավատարիմ են ու հավատարիմ պիտի մնան՝ նախնիքների հավատքին ավելցնելով. «մենք խոստանում ենք Ձեզ, որ այս Հավատքի ջահը բարձր պիտի պահենք որպես հույսի փարոս, թե մեր, թե Միջին Արևելքի, Մայր Հայրենիքի ու Արցախի մեր քույրերի և եղբայրների համար»։

     

    Ճաշկերույթի ժամանակ Ամենապատիվ Հոգևոր Տերը Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանով պատվեց հայ կաթողիկէ համայնքի յոթ անհատի, որոնք երկար տարիներ ի վեր, Հոգևոր Տիրոջ այնտեղ որպես Հովիվ ծառայության ժամանակվանից սկսած, ծառայել և այսօր էլ շարունակում են ծառայել իրենց համայնքին։ Այս առթիվ երախտագիտության խաչ շնորհվեց 90տ.  Տիար Անթուան Ապասյանին, ով Երուսաղեմից է և մշտապես սարկավագություն է արե Եկեղեցու մեջ։ Հոգևոր Տերը Սուրբ Վարդանի հատուկ շքանշանով պատվեց Հայ Կաթողիկէ երիտասարդաց խմբի միության պատասխանատու` Ժան Փոլ Շատարևային՝ իր նվիրումի և  քրիստոնեական ու եկեղեցական ծառայության համար, ապա  Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գրական շքանշանով պատվեց Հրանտ Աճեմյանին՝ իր երկար տարիների աշխատանքի համար։

     

    Երեկոն եզրափակվեց Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ հայրական խոսքով: Նա ևս մեկ անգամ ցանկացավ ընդգծել, որ աշխատանքը, որն ինքը որպես հովիվ, որպես եպիսկոպոս և այսօր որպես կաթողիկոս կատարում է, իր անձնական ջանքը չէ, այլ Աստծո, որ իսկական դերակատարն է. «Ես անպիտան մի ծառա եմ, ինչ որ ինձ հրահանգված էր անելու ջանացի անել», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ, հաստատելով, որ Աստված իր միջոցով իրականացրեց ձեռնարկներ` ի սեր հավատավոր ժողովրդի:

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը շնորհակալություն հայտնեց իրեն վերապահված ջերմ ընդունելության համար՝ ներկաների վրա հայցելով Աստվածային օրհնությունները։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments