• Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Սան Ֆրանսիսկոյի հսկայական խաչը

    «Սա մի փաստ է, թե ինչպես Ամենապատիվ Հոգևոր Տերն ի սրտէ մշտապես հետևում, պաշտպանում ու պահում է մեր հայկական ավանդություններն ու սրբությունները»:


    Կալիֆոռնիայի Սան Ֆրանսիսկո քաղաքի ամենաբարձր բլրի վրա զետեղված է մի հսկայական խաչ։ Բլուրի անունն է Mount Davidson, իսկ խաչը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

     

    Հետաքրքրական պատմություն ունեն այդ բլուրն ու խաչը։ Ժամանակին նույն վայրում կային չորս խաչեր. առաջինը կառուցվել  է 1923թ-ին։ Տարիների ընթացքում փայտով շինված այլ խաչեր տեղադրվեցին, ոորնք, սակայն, գոյատևեցին հազիվ մեկ տարի։ 1934թ-ին որոշում կայացվեց հաջորդ խաչը կառուցել «բետոնով», և հենց դրա շնորհիվ էլ մինչև այսօր կանգուն է Սան Ֆրանցիսկոյի ամենաբարձր Mount Davidson բլրի վրա՝ ստանալով Mount Davidson Cross անունը։

     

    1991 թ-ին հայց ներկայացվեց Սան Ֆրանցիսկո քաղաքի դեմ, քանի որ այդ խաչը կրոնական խորհրդանիշ էր և գտնվում էր հանրային հողատարածքի վրա։ Որոշում կայացվեց խաչը վաճառել, այդ ժամանակ Հյուսիսային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան կազմակերպությունների խորհուրդը (CAAONC) վճռեց տարածքը գնել ու այն վերանվիրագործել՝ որպես Հայոց ցեղասպանության կրթահամալիր: Այնտեղ տեղադրվեցին նաև հայ ազգի բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշատախտակ և խաչ, որը ժամանակին լուսավորվում էր Զատկի տոնին, իսկ այժմ լուսավորվում է նաև Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդանիշ՝ ապրիլի 24-ին։

     

    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ ՏՏ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը, որ այս օրերին հովվական այցելությամբ գտնվում է Կալիֆոռնիայում՝ Հայ Կաթողիկէ Համայնքի տեղի առաջնորդ` Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանի ու հայ կաթողիկէ համայնքը ներկայացնող շքախմբի ընկերակցությամբ: Նրանք հունիսի 2-ին առավոտյան 8.30 -ին գնացին Mount Davidson վերոնշյալ խաչի մոտ, որտեղ տեղի ունեցավ նաև հանդիպում Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ գաղութի մի քանի ներկայացուցիչների հետ։

     

    Պետք է հիշել, որ Ամենապատիվ Հոգևոր Տերը մեծ ներդրում է ունեցել Խաչի ու տարածքի փրկման աշխատանքներին: 90-ական թթ-ին նա պաշտոնավարում էր որպես Հովիվ և երբ իմանում է Խաչի վաճառման լուրը, դիմում է բարերարներին և նրանց միջոցով հատուկ գումարներ հայթայթում, մասնակցում դատին՝ մինչև բարձրագույն ատյան, դատը շահում են պահպանելով ոչ միայն խաչը, այլ նաև ձեռք բերելով խաչի շուրջ գտնվող հողամասը։

     

    «Սա մի փաստ է, թե ինչպես Ամենապատիվ Հոգևոր Տերն ի սրտէ մշտապես հետևում, պաշտպանում ու պահում է մեր հայկական ավանդություններն ու սրբությունները», այցելության առթիվ ասաց Արհ. Միքայել եպիսկոպոս Մուրադյանը՝ կապ պահելով Ռադիո Վատիկանի հայկական բաժանմունքի խմբագրության հետ։

    Վերոնշյալ այցելության ժամանակ, որպէս քաղաքապետարանի ներկայացուցիչ, ներկա էր նաև քաղաքապետարանի վերահսկիչ պատասխանատու Միրնա Մեկըլնը։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments