• Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ Կալիֆոռնիա այցի Բարի Գալուստի արարողությունը

    Արարողության ավարտին Հոգևոր Տիրոջ այցելության առթիվ տեղի ունեցավ Եկեղեցու մուտքի մոտ տեղակայված հուշաքարի օրհնությունը, որին հաջորդեց ընդունելություն և հանդիպում Հայ կաթողիկէ հավատացյալների հետ։


    Մայիսի 27-ին Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկէ Եկեղեցին ապրեց հատուկ պատմական մի պահ՝ դիմավորելով իր երբեմնի ժողովրդապետ և այժմ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայրապետ` Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին, ով հովվապետական այցելությամբ մեկնել է ԱՄՆ՝ տեղի առաջնորդ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանի հրավերով։ Ամենապատիվ Հոգևոր Տիրոջը ընկերակցում են Հայր Անտոն Վրդ. Նորատունկյանը, ով երկար տարիներ ապրել ու ծառայել է ԱՄՆ-ում և այժմ ծառայում է Լիբանանի Զմմառու Վանքում, որպես մատակարար։

     

    Բարի գալուստի արարողություն

     

    Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ Հովվական այցելությունը սկսվեց բարի գալուստի արարողությամբ, որը տեղի ունեցավ մայիսի 27-ին երեկոյան ժամը 7-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Աթոռանիստ Եկեղեցում՝ հրաշափառով և Երեկոյան ժամերգության արարողությամբ, որին մասնակցեցին բազմաթիվ հավատացյալներ, Հայ կաթողիկէ կղերական դասի անդամներ, Հայկական տարբեր հարանվանությունների ներկայացուցիչներ` ինչպես Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռից, Գերաշնորհ Տ. Թորգոմ Եպիսկոպոս Տոնոյանը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդը, Հայր Տաճատ Եարտմյանը, որպես ներկայացուցիչ Հովհան Արքեպիսկոպոս Տէրտէրյանի, Էջմիածնի Արևմտյան թեմի առաջնորդ, Հայ Ավետարանական Եկեղեցու ներկայացուցիչ՝Վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։ Արարողութանը մասնակցեցին նաև Մարոնիթ համայնքի եպիսկոպոս` Ապտալլահ Զէյտանը և Անթիլիասի Աթոռից վաստակավոր առաջնորդ՝ Մուշեղ Արք. Մարտիրոսյանը, խորանի սպասավորությունը կատարեցին Աթոռանիստ Եկեղեցու սարկավագներն ու երիտասարդները և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բազմաձայն երգչախումը։

     

    Ներկայ էին նաև քաղաքական, ընդերային և հասարակական հայկական ու ամերիկյան անձնավորություններ, ինչպես սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Գլենդելի քաղաքապետ Արտի Քասախյանը, ՀՀ դեսպան Արմեն Պայպուկյանը, Լոս Անջելեսի քաղաքապետի օգնական Փոլ Գրիգորյանը, նաև հայական զանազան կուսակցական և ընկերային ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՅԴ, Ռամկավար և Հնչակյան կուսակցությունները, Հայկական Բարեգործական Միությունը և քաղաքացիական աշխարհի այլ ներկայացուցիչներ։

     

    Միքայել Եպիսկոպոս Մուրադյանի Բարի գալուստի խոսքը

     

    Ժամերգության արարողության ավարտին տեղի առաջնորդ Արհ. Միքայել Եպիսկոպոս Մուրադյանը բարի գալուստի խոսք ուղղելով Հոգևոր Տիրոջը, հիշեց թե ինչպես Եկեղեցին, որն այսօր հյուրընկալում է պատվավոր հյուրին, կառուցվել է նրա  ջանքերով ու տքնությամբ. «Այսօր ինձ համար մեծ ուրախություն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչին նվիրված այս եկեղեցում ձեր բոլորի անունից բարի գալուստ մաղթել մեր շատ սիրելի Հոգևոր Տիրոջը՝ ՏՏ Ռաֆայել Պետրոս ԻԱ կաթողիկոս Պատրիարքին, բարով եք եկել Հոգևոր Տեր։ Բարով եք եկել ձեր տուն», ասաց Գերապայծառ Մուրադյանը, ապա հիշեց եկեղեցու կառուցումը, որն այսօր դարձել է Թեմի Աթոռանիստ Եկեղեցին, պարտական են Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ տարիների անխոնջ աշխատանքին։

     

    Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ պատգամը

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերն իր խոսքում ասաց. «Ես տուն եմ եկել, ճիշտ է, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Գերապայծառ Տիրոջն ու ձեզ բոլորիդ, բայց իմացեք, որ այս գործը ես չարեցի, այլ Քրիստոսը, որ այն իրականացրեց իմ միջոցով։ Ես եկել եմ ձեզ փոխանցելու այն, ինչ աղոթեցինք քիչ առաջ ժամերգության ժամանաակ, որ Աստված մեր մեջ ավելացնի հույսը, սերը և բարեգործությունը, որպեսզի արժանի լինենք Իր ողորմությանը և Իր ներկայությանը մեր կյանքի մեջ»։

     

    «Աստված ինձ այսօր տվեց ավելի մեծ պատասխանատվություն, որ ավելիով ու ավելիով ծառայեմ Իրեն, ձեզ տալով Իր պատգամը, որ սիրեք իրար, ինչպես Ինքը սիրեց մեզ ։ Շնորհակալություն, որ եկել եք այս արարողությանը», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը իր խոսքի ավարտին:

     

    Արարողության ավարտին Հոգևոր Տիրոջ այցելության առթիվ տեղի ունեցավ Եկեղեցու մուտքի մոտ տեղակայված հուշաքարի օրհնությունը, որին հաջորդեց ընդունելություն և հանդիպում Հայ կաթողիկէ հավատացյալների հետ։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց